«Մենք քառյակով կորոշենք մեր անելիքները այս իրավիճակում, քննարկում ենք այդ հարցերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն`անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցին:
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքները պետք է կայանան ու այդ դեպքում ընդդիմությունը կարող է իշխանափոխության հասնել:
Ստեփան Մարգարյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ դա իր կարծիքն է և քառյակն է որոշում իր անելիքները։
Հիշեցնենք, որ խորհրդարանում ընթանում է քառյակի հերթական փակ քննարկումը: Այն հինգ րոպեով ընդմիջվեց: Լրագրողների որոշ հարցերի համաձայնեց պատասխանել միայն Ստեփան Մարգարյանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանը հորդորել է քառյակին խաղերի մեջ չմտնել Սերժ Սարգսյանի հետ՝ ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Մենք որևէ մեկի հետ խաղերի մեջ չենք մտել երբեք և չենք մտնի խաղերի մեջ որևէ մեկի հետ։ Ընդհանրապես քաղաքականության մեջ խաղը վատ բան է»։
Հարցին`ԲՀԿ-ին առաջարկ եղե՞լ է կոալիցիա մտնելու համար, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Չէ, ես նույնիսկ չգիտեմ այդ նոր ասացիք, որ իրենք հայտարարել են կոալիցիա։ Ես չգիտեի, որ կոալիցիոն կառավարություն է կազմվում»։
ԲՀԿ պատգամավորը նշեց, թե որքանով ինքն է տեղյակ, կոնսուլտացիայի հրավեր եւս չեն ստացել` «բայց այստեղ պնդում են, որ հրավեր ստացել են, բայց ես տեղյակ չեմ»։ Խոսքն այն մասին է, որ երեկ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ընդդիմությանն առաջարկվելու է կոալիցիոն կառավարություն ձեւավորել եւ նախագահը այդ առիթով քննարկումներ կունենա քաղաքական ուժերի հետ:
Ի պատասխան հարցին, թե երեկ արդեն ՀՅԴ-ն հայտարարել է, որ եթե իրենց յոթ կետանոց ծրագիրն ընդունվի, ապա իրենք մաս կկազմեն նոր ձևավորվելիք կառավարությանը, Ստեփան Մարգարյանն ասաց. «Դաշնակցությունը հիմա այստեղ է, խնդրում եմ իրենց հարցրեք»։
Հարցին`եթե ԲՀԿ ծրագրերն ընդունվեն, ԲՀԿ-ն մաս կկազմի՞ կառավարությանը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի օրակարգում նման հարց այս պահին չկա»։
Քառյակի փակ քննարկումը դեռ շարունակվում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ