Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ փնտրեք Եվրոպայում, Ամերիկայում». Աշոտ Գրիգորյան (Տեսանյութ)

Ապրիլ 09,2014 15:40

«Մենք կոնֆլիկտի մեջ ենք արտաքին գործերի նախարարության հետ, քանի որ թե Եվրոպայում, թե այլուր մեր Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը հաճախ լրացնում են եվրոպահայ, սփյուռքահայ կազմակերպությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա մտահոգ է հատկապես Ցեղասպանության ճանաչման հարցում մեր պետության վարած քաղաքականության պատճառով, նկատում է, որ թուրքերը վախով էին սպասում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, մտածում էին, որ այդ օրերին հայաստանյան իշխանությունները ձեռք-ձեռքի տված կաշխատեն:

«Բայց քանի որ խզված է կապը արտգործնախարարության եւ հայկական իշխանությունների հետ, ծրագրերը ոնց որ թե չեն կատարվում»,- ասում է  պարոն Գրիգորյանը:

Նա հայտարարեց, որ   Եվրոպայի հայկական միությունների ֆորումը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ որոշ միջոցառումներ նախատեսել է, մասնավորապես՝ եվրոպական քաղաքներում համերգների կազմակերպում, որոնց թեման լինելու է ցեղասպանությունը, պայմանավորվածություն կա հայ անվանի երիտասարդ երաժիշտ, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ, ով համաձայնվել է մասնակցել համերգներին, նաեւ պայմանավորվածություն կա, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Փարիզի Աստվածամոր  տաճարում պատարագ հնչեցվի Եղեռնի տարելիցի կապակցությամբ:

«Մենք կոչով դիմելու ենք մեր բոլոր Հայաստանի մարզիկներին եւ հավաքականներին, որ 2014 թվականի ապրիլի 24-ից սկսած նրանք բոլոր մարզական միջոցառումներին մասնակցեն սեւ թեւկապներով, մենք կպատրաստենք այդպիսի թեւկապներ, որոնց վրա գրված կլինեն 1915-2015»:

Պարոն Գրիգորյանը նշեց, որ այլ ավելի լուրջ ծրագրեր էլ կան նախատեսված, սակայն դրանք ցանկանում է գաղտնի պահել:

Ցեղասպանության ճանաչման նախաշեմին, ըստ նրա, պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, նախեւառաջ Թուրքիայի հասարակական սեկտորի հետ աշխատել. «Թուրքիայի հասարակությունն  այսօր պատրաստ է, որ իրենց կառավարությունից պահանջի Հայոց ցեղասպանության ընդունումը»,- ասում է պարոն Գրիգորյանը:

Երկրորդ կարեւոր քայլը, ըստ նրա, ՄԱԿ-ի կողմից բանաձեւ ընդունելուն ուղղված քայլեր ձեռնարկելն է, այնուհետեւ պետք է ահաբեկել Թուրքիային, որ հայցն ամբողջովին նախապատրաստված է, եւ մեզ համագործակից եվրոպահայ կամ այլ միջազգային իրավաբանական ինստիտուտների իրավաբանների հետ ներկայացնել այն Հաագայի միջազգային դատարան:

Խոսելով Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունների, մասնավորապես վարչապետի պաշտոնանկության մասին՝ Աշոտ Գրիգորյանը հիշեցրեց, որ իրենց կազմակերպությունը ժամանակին դիմել է նախագահին եւ ԱԺ նախագահին՝ վարչապետի անօրինականությունները ներկայացնելու դիմումով: Հիմա արդեն հույս ունի, որ նոր վարչապետի հետ համագործակցել կլինի. «Մենք կարծում ենք, որ հին վարչապետը պիտի պատասխան տա իր արածների համար»:

Մանրամասները`  շուտով տեսանյութում

Մեր հարցին, թե ում  կցանկանա տեսնել վարչապետի պաշտոնում, որի հետ համագործակցել կստացվի, Աշոտ Գրիգորյանը պատասխանեց.  «Ես կարծում եմ, որ այսօր ցանկացած թեկնածու, որը կնշանակվի ի շահ նախագահի, դա կլինի դժբախտություն, իսկ այն, որ ընտրվի այնպիսի վարչապետ, որը Հայաստանի տնտեսությունը երկու տարով ուղղակի կարող է հեքիաթային դարձնել, այդպիսի վարչապետ ման եկեք Եվրոպայում, Ամերիկայում, այստեղ չկա»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930