Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փոխքաղաքապետ. «Կոչ եմ անում երեխաներին ուղղորդել Ազատության հրապարակ»

Ապրիլ 09,2014 14:47

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր քաղաքապետարանում ներկայացնելով առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները՝ իր համակարգած ոլորտներում, փաստեց, որ չնայած պասիվ ժամանակահատվածին, արվել է հնարավորինը, որպեսզի բնակչությունը կարողանա մասնակից լինել կարեւորագույն համաքաղաքային միջոցառումներին: Նա տեղեկացրեց, որ հաստատվել են Երեւան քաղաքի արվեստի դպրոցների ծրագրերը. «Դա գերակա ոլորտ է… Մասնավորապես ազգային նվագարաններին մեծ ուշադրություն է դարձվում, ինչպես պետության, այնպես էլ քաղաքապետարանի կողմից հատկացումներ են կատարվում»:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ քույր քաղաքների հետ համագործակցությանը, կանանց միամսյակի շրջանակներում Երեւանի կանանց անակնկալներ մատուցելուն, թատրոնի միջազգային օրվա առիթով պարգեւատրումներին, Ֆրանկոֆոնիայի օրերին եւ այլն:

Արամ Սուքիասյանն ասաց, որ առաջիկայում կթարմացվեն Երեւանի կենդանաբանական այգու կենդանատեսակները, մրցույթ է հայտարարված՝ ազատավանդակների հետ կապված: Նրա խոսքով, բարեկարգվում է Ծիծեռնակաբերդի տարածքը, կա նաեւ Ցեղասպանության հարյուրամյակի նախագիծ, որին միտված աշխատանքներ են իրականացվում:

Քաղաքապետի տեղակալը նշեց, որ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, Կասկադում խոշորամասշտաբ միջոցառում կկայանա. «Կունենանք նաեւ երկու բավականին հնչեղ անուններ, որոնց մասին այս պահին թույլ տվեք չբարձրաձայնել»: Խոսելով «վերջին զանգի» տոնակատարությունների մասին, նա ծնողներին եւ մանկավարժներին կոչ արեց հավաքվել Ազատության հրապարակում: «Հույս ունեմ, որ նրանք հնարավորինս կխուսափեն ռեստորանային տարբերակներից եւ կնախընտրեն բացօթյա համընդհանուր միջոցառումները: Կոչ կանեի ծնողներին եւ մանկավարժներին, որ երեխաներին ուղղորդեն Ազատության հրապարակ, քան նախընտրեն այլընտրանքային ճանապարհներ, որոնք ավելի ֆինանսատար են»,-ասաց քաղաքապետի տեղակալը:

Նա խոսեց հունիսի 6-ին Արամ Խաչատրյանին նվիրված փառատոնից,

«Երեւանյան ամառ» նախագծից, որի շրջանակում օգոստոս ամսին երեք թանգարաններ եւ մի քանի թատրոն հնարավորություն կընձեռեն Երեւանում ամռանը մնացող երեխաներին հագեցնել իրենց առօրյան: Հավելվեց, որ

Աջափնյակում եւ Դավիթաշենում բացվել է երկու շախմատի դպրոց, իսկ Ծաղկաձորում կայացած համահայկական առաջին ձմեռային խաղերին երեւանյան խումբը բերել է ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Շարունակվում են սիրիահայերի ինտեգրման նպատակով էքսկուրսիաները, այդ նպատակով կազմակերպվել է արեւելահայերենի եւ ռուսաց լեզվի յուրացման գործընթաց:

Ինչ վերաբերում է մանկապարտեզների սննդի հետ կապված խնդիրներին, Արամ Սուքիասյանի հավաստմամբ, կարգապահական տույժեր են կիրառվել: Նրա խոսքով, բյուջեում նախատեսված է 300 մլն դրամ՝ մանկապարտեզները գույքով վերազինելու համար. «Մեր բյուջեում երբեք այդ նպատակով այդքան գումար չի հատկացվել»: Նա խոստացավ, որ առաջիկա երեք-չորս տարիներին, հնարավոր է, որ մանկապարտեզների «դեմքը» էապես փոխվի:

Արամ Սուքիասյանը նշեց, որ Երեւանում շատացել են որդեգրման հայտ ներկայացնողները, այս եռամսյակում 6 երեխա որդեգրվել է եւ ապրում է բավականին լավ միջավայրում:

Դպրոցներում անհարկի դրամահավաքներին էլ անդրադարձ եղավ: «Դա կարող է անգամ տնօրենի ազատման առիթ հանդիսանալ»,-ասաց փոխքաղաքապետը: Նաեւ փաստեց. «Բազմաթիվ են «թեժ գծով» ստացվող հեռախոսազանգերը, բայց հաճախ պարզվում է, որ դրանք ընդամենը միջանձնային հարաբերությունների պատճառով են ու երբեմն ուռճացված»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930