Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած մարզիկների եւ մարզիչների ընդունելության ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը հորդորեց ավելի ջանադրաբար մարզվել եւ նախապատրաստվել 2016 թվականի օլիմպիական խաղերին, որտեղից ամբողջ հայ ժողովուրդը անպայման ոսկե մեդալ է սպասում:
«Մարզիկներին ոգեւորելը շատ կարեւոր է: Սակայն, խնդրում եմ, ասելիքիս ըմբռնումով մոտենաք: Որքան էլ անեք, միեւնույն է՝ քիչ է: Բոլորս էլ ավելի լուրջ ակնկալիքներ ունենք, մասնավորապես, անհատական մարզաձեւերից: Դա լինելու է մեր հիմնական հարվածային ուժը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում, որտեղից պարտադիր ոսկե մեդալ պիտի բերենք: Դրան շատ երկար ժամանակ է, ինչ ժողովուրդը, մենք սպասում ենք: Դեռ երկու տարուց ավելի ժամանակ ունեք եւ կարող եք լիարժեք պատրաստվել», – ասաց Յուրի Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ