Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ընդդիմությունը չպետք է մաս կազմի Սերժ Սարգսյանի կողմից ձեւավորված որեւէ կառավարության. ilur.am

Ապրիլ 09,2014 14:05

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

-Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը։

– Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ եւ առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարեւորությունն, իմ տպավորությամբ, դեռեւս բավարար չափով չի գիտակցվել հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետեւաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որեւէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ։

– Դուք ասացիք, որ կառավարության փոփոխությունը փաստորեն պարտադրվել է ընդդիմության կողմից, մինչդեռ իշխանությունները պնդում են, թե վարչապետը պաշտոնից ինքնակամ հրաժարվել է իր դիմումի համաձայն, իսկ որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ էլ նրա հրաժարականի այլ պատճառներ են մատնանշում։

– Իշխանությունների պնդումները պատկանում են հեքիաթի ժանրին եւ սեփական դեմքը փրկելու ճիգից բացի որեւէ այլ բան չեն նշանակում, իսկ Ձեր նշած քաղաքական գործիչների ու վերլուծաբանների բերած պատճառներն, ընդամենը, միտված են խորհրդարանական ընդդիմության դերը նսեմացնելուն։ Վարչապետի հրաժարականն արդյունք է բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ հարցով ստորագրահավաք սկսելու եւ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ համատեղ կայացված որոշման։ Ուստի միանգամայն զուր են այլեւայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները։

– Իսկ բացի քառյակի գործոնից, վարչապետի հրաժարականի հարցում, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են խաղացել քաղաքացիական շարժումները, մասնավորապես, «Դեմ եմ» նախաձեռնությունը։

– Երկրում իրական փոփոխությունների իրականացման գործում քաղաքացիական շարժումների դերը եւ քաղաքական ու քաղաքացիական ուժերի համագործակցության կարեւորությունը ես հիմնավորապես գնահատել եմ իմ վերջին հրապարակային ելույթում։ Ուստի անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել։

– Անձամբ Ձեզ ոմանք մեղադրում են նաեւ մարտի 1-ի հանրահավաքում արած այն հայտարարության համար, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։

– Նույնն է, թե ասեի, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ, ու դրա համար ինձ մեղադրեին։ Ընդդիմախոսներիս համար իմ պնդման հերքումը, կարծում եմ, որեւէ դժվարություն չպիտի ներկայացնի։ Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը։

– Շատ լավ, իսկ այժմ վերադառնանք վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, սկսելով այն հարցից, թե Ձեր կարծիքով, այսուհետեւ ինչպիսի ռազմավարություն է ընտրելու Սերժ Սարգսյանը։

– Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենեւին չի փոխվելու եւ ինչպես նախկինում շարունակելու է հետապնդել մինչեւ իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը եւս տասը տարով երկարաձգելու նպատակը։

– Սերժ Սարգսյանին կհաջողվի՞, արդյոք, կիրառել այդ մարտավարությունը եւ հասնել իր նպատակին։

– Պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ինտրիգների բնագավառում Սերժ Սարգսյանը Հայաստանում մրցակից չունի։ Ուստի այդ ամենը նրան կհաջողվի, եթե ընդդիմադիր ուժերը զգոն չգտնվեն եւ համարժեք կերպով չգնահատեն սեփական հնարավորությունները։ Իմ տպավորությամբ, ընդդիմությունը դեռեւս մինչեւ վերջ չի գիտակցել, որ ընդամենը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի միջոցով հասնելով վարչապետի հրաժարականին, արդեն իսկ մեծ հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել։ Չզարգացնել այդ հաջողությունը` կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին եւ նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը։

– Եթե գաղտնիք չէ, ապա կարո՞ղ եք ասել, թե այդ պարագայում ինչ հակաքայլեր պետք է ձեռնարկի ընդդիմադիր քառյակը։

– Անշուշտ տեղյակ եք, որ քառյակում այդ հարցերի շուրջ ներկայումս ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում, որոնք դեռ իրենց ավարտին չեն հասել։ Հետեւաբար, իրավունք չունենալով խոսելու քառյակի անունից, ես կարող եմ արտահայտել միայն իմ մասնավոր տեսակետը, որը հանգում է հետեւյալին.

ա. Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ եւ չպետք է մաս կազմի նրա կողմից ձեւավորված որեւէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։ Որովհետեւ, թեեւ Սարգսյանը անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի ետեւում ընթացող ինտրիգների դաշտում։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի տիրապետելով ուժային կառույցներին, դատախազությանը, դատական համակարգին եւ տեղեկատվական ոլորտին, նա ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդելով նրա վրա։

բ. Հետեւաբար, ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով միջանկյալ եւ իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը եւ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել։

գ. Երկրում արմատական փոփոխությունների իրականացման եւ օրինական իշխանությունների ձեւավորման այս գերնպաստավոր պահը չի կարելի կորցնել, որովհետեւ հետագայում այդպիսի պահ կարող է այլեւս չստեղծվել, ինչի պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930