Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը գողացավ ընդդիմությունից իրեն պաշտոնանկ անելու քաղցրությունը

Ապրիլ 09,2014 13:59

«Այդ հրաժարականի վրա ոչ մի զարմանալու բան չկար»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, կարծիք հայտնեց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը: Բերելով քաղաքակիրթ աշխարհից օրինակներ, նա նկատեց, որ եթե կառավարության որեւէ պրոյեկտ չի անցնում, այնպես, ինչպես կենսաթոշակային բարեփոխումները, հրաժարական է լինում: Բանախոսը Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորում է ներքաղաքական խնդիրներով:

Ամեն դեպքում, նա գտնում է, որ ընդդիմությունից քայլ առաջ կատարելով, վարչապետը գողացավ ընդդիմությունից իրեն պաշտոնանկ անելու քաղցրությունը`ի չիք դարձնելով ընդդիմության համախմբման արշալույսը: Այս պատճառով, բանախոսի բնորոշմամբ, ընդդիմությունը ոչ միայն հիասթափված, այլ նաեւ նեղացած է: Ուկրաինայի հետ համեմատություններ անելով`Յուշենկոյի եւ Տիմոշենկոյի պաշտոնավարման տարիների հետ, նա ասաց որ վերջիններս չկարողացան անել այնպես, որ Ուկրաինան չհայտնվի այն վիճակում, ինչ հիմա է: Ցանկանալը մի բան է, կարողանալը`այլ: Այս համատեքստում խոսելով հայկական ընդդիմության մասին`ասաց. «Իրենց համախմբումը կտեւի որոշ ժամանակ, իրականում, նորից սարը մուկ կծնի»:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համար նույնպես վարչապետի հրաժարականը հանկարծակի եւ առանց ճնշումների չէր: Նա էլ խնդիրը ներքաղաքական դաշտում է դիտարկում`ասելով, որ քաղաքացիական հասարակության մեկտարյա պայքարը, ՍԴ-ի օրենքի հետ կապ չունեցող մեկնաբանությունները, ինչպես նաեւ քառյակի միավորումը, իշխանությանը երկու քարի արանքում դրեցին: «Սա բացառապես պայմանավորված էր Հայաստանի ներքաղաքական զարգացումներով. արտագաղթը չի կանգնում, հոգեբանական վիճակը չի փոխվում, ծրագրերը չեն իրականանում: Այս իրավիճակում, պատկերացրեք`28-ի միտինգ: Որ ՀՅԴ-ն ՀԱԿ-ի հետ կհամագործակցի կամ ուրիշ բան, դեռ ոչինչ, բայց երբ ԲՀԿ-ն մտավ խաղի մեջ`օլիգարխիան կիսվեց, ինչը իշխող դասակարգին դրեց անելանելի վիճակի մեջ»:

Քաղաքագետը սխալ է համարում այն հայտարարությունները, որ վարչապետին «Պուտինը դրեց, Պուտինը հանեց»: Նման տեղեկություններն ամեն ինչից զատ արժանահավատ չեն, ու Շիրինյանի համոզմամբ «տոն են տալիս օլիգարխիայի զարգացմանը`մեզնից ոչինչ կախված չէ»:

Մեր խնդիրը, ըստ քաղաքագետի, պետք է լինի, ստեղծված իրականության մեջ լուծումներ գտնելը եւ նիշեր սահմանելը, այլ ոչ թե`ով կգա իշխանության, մինչդեռ Հայաստանում մեծից փոքրի այս հարցն է հուզում: Նա գտնում է, որ կառավարությունը պետք է փոխվի արմատապես, փոխելով նաեւ լիբերալ քաղաքականությունն`անցում կատարելուց սոցիալական տնտեսական կարգին, որով պատերազմից հետո գնաց Գերմանիան: «Հայաստանը մի քանի մարտահրավեր ունի, որոնցից առաջինը արտագաղթն ու դեմոգրաֆիական խնդիրներն են: Վարչապետ պետք է դառնա նա, ով կարող է լուծել այդ հարցերը»,- գտնում է Լեւոն Շիրինյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930