Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը պարգեւատրեց օրերս Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ազատ եւ հունահռոմեական ըմբիշներին, մեր ազգային հավաքականների մարզիչներին եւ ոլորտի մասնագետներին:
Մինչ պաշտոնական արարողությունն սկսելը, նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նրանց, մաղթեց նոր հաջողություններ, բայց նաեւ ցանկացավ լսել նրանց:
Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հակիրճ ներկայացրեց Եվրոպայի առաջնության նախապատրաստության ընթացքը, որն անցել է լիարժեք եւ ըմբիշների մասնակցությունը համարեց հաջողված: Սակայն գլխավոր մարզիչը Յուրի Վարդանյանին ներկայացրեց նաեւ իր խիստ դժգոհությունները Եվրոպայի առաջնությունում կողմնակալ մրցավարության վերաբերյալ՝ նշելով, որ դա նոր երեւույթ չէ: «Շատ երկրներ կերազեն Եվրոպայի ոսկի եւ արծաթ ունենալ, սակայն մենք կորցրինք պոտենցիալ եւս երկու-երեք մեդալ, որը մրցավարները մեզնից գիտակցաբար կամ անգիտակցաբար խլեցին: Մասնավորապես, 59 կգ Կարեն Ասլանյանը պարտվեց իսկապես մրցավարների կոպիտ խախտումների պատճառով: Մենք առաջիկա օրերին լուրջ բողոքարկելու ենք: Եվ եթե մեր բողոքարկումը չանցնի, կխնդրեի, որ նույն մոտեցումն անպայման ցուցաբերեն նաեւ նախարարությունը, Ազգային օլիմպիական կոմիտեն: Որպեսզի նրանք լավ պատկերացնեն, որ մեր երկիրը հետեւողականորեն գնալու է նման բաների դեմ», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Մասնագետի համոզմամբ, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանը, ունի միջազգային կարգի մրցավարներ, սակայն նրանք ՖԻԼԱ-ի մրցավարական կազմում չեն: Լեւոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ ըմբշամարտի ֆեդերացիան արդեն լրջորեն զբաղվելու է այդ խնդրով, սակայն անհրաժեշտ է նաեւ պետության կոնկրետ եւ լուրջ աջակցությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ