Երգչուհի Էմմա Պետրոսյանը հանդես կգա նոր «կարգավիճակով»
Էմմա Պետրոսյանը թեեւ ճանաչված արվեստագետ է, սակայն նրան չենք կարող ներկայացնել իբրեւ զուտ շոու-բիզնեսի ներկայացուցիչ. նա պարզապես սիրված ու սպասված երգչուհի է: Շուտով Էմմա Պետրոսյանը կներկայանա նոր կարգավիճակով: Ապրիլի 15-ին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա նրա սցենարով «Սեւ դառը շոկոլադ» տրագիկոմեդիայի պրեմիերան: Այն իրականացրել է բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, դերերում հանդես կգան Լուիզա Ղամբարյանը եւ երգչուհու ամուսինը՝ Արամոն:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Էմմա Պետրոսյանը նշեց, որ իր պիեսում կնոջ եւ տղամարդու կերպարները հավաքական են: Ասաց, որ նրանց մեջ առանձին-առանձին ապրում է բողոք՝ իրար հանդեպ, հետո էլ շեշտեց, թե ըստ էության դա հիմնականում չգնահատված, վիրավորված լինելու հետեւանք է: Խնդրեցինք ուրվագծել տրագիկոմեդիայի սյուժեն:
«Փչանում է վերելակը եւ օտար կինն ու տղամարդը մենակ են մնում: Իսկ նրանց խոսակցությունը, ինչպես սովորաբար պատահում է նման իրավիճակներում, սկսվում է պարզագույն հարցերից ու հասնում մինչեւ իրար բացահայտելը: Երկու գործողությամբ բեմադրության ավարտին վերելակը սկսում է աշխատել, հերոսները հեռանում են… Չգիտեմ՝ գուցե այնքան են բացահայտել մեկմեկու, որ հնարավոր է վաղն իրար կարիք զգան… Ես երկխոսության միջոցով ցանկացել եմ յուրաքանչյուր հանդիսատեսի մտորելու առիթ տալ: Գուցե նրանց կարծիքները տարբեր լինեն, բայց մի բան ակնհայտ է. ինչքան էլ կինն ու տղամարդը ինչ-ինչ իրավիճակից ելնելով բախվեն, միակ ելքը, իմ համոզմամբ՝ փոխադարձ ներման ճանապարհն է: Շատ եմ ուզում, որ մարդիկ կարողանան ներել: Ոչ թե ասեն, որ ներում են, այլ ապրեն այդ ներումը»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ մտավախություն չունի՞, թե օրինակելի ընտանիք ունեցողի համբավ վայելող երգչուհին երկրպագուների, հանդիսատեսի շրջանում հանկարծ կընկալվի որպես իր ընտանիքում խնդիրներ ունեցող կին: «Միանշանակ՝ պաշտում եմ ընտանիքս, միեւնույն ժամանակ վստահ եմ, որ չկան ընտանիքներ, որտեղ պրոբլեմներ չլինեն, այլ հարց է, թե դրանք ինչ չափի կամ բնույթի են: Օրինակ, ես ընտանիքում ինչ-որ տեղ ըմբոստ եմ, բայց միեւնույն է՝ սիրում եմ ընտանեկան խաղաղություն, ջերմություն…»,- պատասխանեց երգչուհին:
Կարդացեք նաև
Քանի որ Արամոն հայտնի է հիմնականում խաղարկային ֆիլմերից եւ սերիալներից, իսկ բեմում նրան հանդիպել ենք միայն Վարդան Պետրոսյանի «Մեր մանկության մանգոն» ներկայացման մեջ, հետաքրքրվեցինք՝ այս պիեսը գուցե կինը գրել է հենց ամուսնո՞ւ համար:
Էմման պատասխանեց. «Գոնե իմ կյանքում պատահական բաներ երբեք չեն եղել: Արամոն ու Սուրեն Շահվերդյանը մի քանի տարի է՝ մտմտում էին ինչ-որ ներկայացման շուրջ: Այո, պիեսս ծնվեց հենց Արամոյի համար, որը փնտրում էր մոնոներկայացում: Ի դեպ, նա ուզում էր լուրջ ներկայացում: Իսկ լեյթ- թեմաներից մեկը, որ «շրջանառվում» է ներկայացման մեջ, Արամոն գրել էր դեռեւս մինչ այս ամենը: Իսկ պիեսի սցենարը, թեեւ մինչ պրեմիերան հաշված օրեր են մնացել, փոփոխվում է ռեժիսորի միջամտությամբ, ինչի համար շնորհակալ եմ Սուրենին: Ի դեմս նրա՝ բացահայտեցի իսկապես պրոֆեսիոնալի, որի կարիքն այսօր ունի հայ թատրոնը: Կուզեի նշել սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային բարձր որակները»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Սուրեն Շահվերդյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը եւ Լուիզա Ղամբարյանը:
«Առավոտ» օրաթերթ