ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում չցանկացավ անձնավորված ասել, թե ովքեր կփոխվեն կառավարությունում, այդուհանդերձ կոնկրետ հարցին՝ ֆիննախի փոխվելու մասին պատասխանեց՝ «մեծ ողբերգություն չի լինի, եթե ֆինանսների նախարարը փոխվի»:
Ի դեպ նույն՝ «մեծ ողբերգություն չի եղել» արտահայտությամբ նա ձեւակերպեց իր պատասխանը լրագրողի հարցին՝ ՀՀ արտաքին պարտքը Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում 1,5 մլրդից 4,5 մլրդի հասնելու վերաբերյալ՝ ասելով, որ 4,5 մլրդ դոլարը կրիտիկական թիվ չի:
Ինչ վերաբերում է նոր վարչապետի նշանակմանը՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ վարչապետին կնշանակի նախագահը, իսկ եթե նշանակվի Հովիկ Աբրահամյանը, ում մասին խոսում են լայն շրջանակները, ապա Ազգային ժողովն էլ կընտրի իր նախագահին: ԱԺ նոր նախագահի (եթե, իհարկե, Հովիկ Աբրահամյանը թողնի այդ պաշտոնը՝ վարչապետության համար) ամենաշրջանառվող անունը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը, ըստ Մկրտիչ Մինասյանի, «եզակի պարկեշտ, շիտակ անձնավորություն է»:
«Առավոտի» հարցին՝ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն 7-ական կետերից բաղկացած պահանջներ են ներկայացրել ՀՀ նախագահին, որոնց բավարարման դեպքում մաս կկազմեն նոր կառավարությանը, ի՞նչ եք կարծում՝ կընդունվե՞ն այդ պահանջները եւ այդ կուսակցությունները կկազմեն կոալիցիոն կառավարություն, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Ես ընդամենը կուսակցություններից մեկի խորհրդի անդամ եմ ընդամենը, այդպիսի հարցեր լուծելու հնարավորություն չունեմ»:
Կարդացեք նաև
Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ «գնացող մարդու հետեւից քարուցեխ շպրտելը սխալ է» եւ ասում է, որ պետք է տեսնենք վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պահերը. «Օբյեկտիվ առաջընթաց էլ ենք ունեցել, անկումներ էլ»: Որպես օբյեկտիվ առաջընթաց նա նշեց ֆինանսատնտեսական ծանր ճգնաժամի ժամանակ երկրում սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրների չառաջանալը, իսկ որպես օբյեկտիվ անկում նշեց փոքր եւ միջին բիզնեսի մեջքը կոտրելը եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի անարդյունավետությունը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ