– Մարդը ցանկություն հայտնեց, դիմում գրեց: Ցանկացած պահի, երբ էլ լիներ`պիտի հարցնեիք`ինչո՞ւ այս պահին: Մարդն ուզեց`աշխատանքից ազատվելու դիմում գրեց:
– Վարչապետի պաշտոնից չեն հրաժարվում:
– Ինչի՞, շատ քաղցր է:
– Շատ քաղցր: Հիմա ինձ համար ակնհայտ է, հենց այնպես, վարչապետի պաշտոնից չեն հրաժարվում: Երրորդ դեմքն է երկրում, եթե չասենք երկրորդ: ԱԺ-ն ի՞նչ է, կողքից թեթեւ մարմին է:
Կարդացեք նաև
– Հակառակը, ծանր մարմին է:
Այսօր «Հայելի» ակումբում այսպես սկսվեց բանավեճը «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի միջեւ:
Սոս Գիմիշյանը Տիգրան Սարգսյանի հրաժարականը համարում է արտաքին ճնշման արդյունք: Ըստ նրա, Արեւմուտքը, որն այժմ աշխարհում խնդիրներ է հարուցում, իսկ Տիգրան Սարգսյանը Արեւմուտքից գումարներ էր բերում, հնարավոր է, որ Հայաստանին էլ սկսի պատժել: «Ներքաղաքականում ի՞նչ ունենք, հրաշալի քառյակը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, բացարձակապես գործոն չէ, որ վարչապետ փոխվի: Մինչեւ հիմա մենք ունեինք արեւմտյան պատվերով, նորմերով ձեւավորված կառավարություն էր, Արեւմուտքից պետք է վարկեր բերեր եւ Արեւմուտքի հետ խնդիրներ լուծեր, հիմա պետք է կառավարություն, որը հարաբերությունները կկարգավորի Մաքսային միության հետ»,- ասաց Սոս Գիմիշյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համամիտ չէ այս դիտարկումներին: Նա պնդեց. «Մարդը ուզել է, հրաժարականի դիմում է գրել»:
ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն ասել էր, որ Տիգրան Սարգսյանը փորձում էր կոռուպցիայի դեմ, քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարել, մանր ու միջին բիզնեսը զարգացնել`այդ պատճառով չհանդուրժեցին Տիգրան Սարգսյանին:
Սուքիաս Ավետիսյանն ասում է, որ ՀՀԿ-ում յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, բայց կա քաղաքական թիմ, ծրագրեր եւ ով էլ լինի վարչապետ`դրանց շրջանակներում է աշխատելու, դրանցով է առաջնորդվելու:
Սոս Գիմիշյանը համաձայն է, որ ով էլ լինի վարչապետ, պետք է կատարի մեծամասնության ծրագիրը: Դա նաեւ քաղաքականության այբուբենն է: Նա համաձայն է`միայն ՀՀԿ-ն պետք է ձեւավորի կառավարություն, նա է բացարձակ մեծամասնությունը: «ԱԺ-ում ներկայացված, ընդդիմություն էլ չի, ոչ իշխանական է կոչվում, նոր անուն են գտել, որ ժողովուրդը չջոկի`ով ով է, նրանք էլ մանդատները վերցնելով ճանաչել են այդ մեծամասնությունը: Մնում են արտախորհրդարանական ուժերը, որոնք այսօր այդքան էլ լավ վիճակում չեն, որպեսզի ազդեցություն ունենան այդ պրոցեսների վրա»,- ասաց սոս Գիմիշյանը`բացառելով որ վարչապետն իրեն թույլ տար քայլեր, որոնք իշխանության մեջ որոշված չէին, իսկ այսօրվա իշխանությունը, ըստ նրա, հենց քրեաօլիգարխիկ է.«Ես համոզված եմ`չի կարող Տիգրան Սարգսյանն ինքն իր դեմ պայքար սկսել»:
Սուքիաս Ավետիսյանն ընդվզեց. «Այսօրվա իշխանությունը ձեւավորվել է ժողովրդի կողմից եւ կոռեկտ չէ նման կերպ արտահայտվել ժողովրդի մասին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ