Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հարցազրույցից:
-Ինչպե՞ս եք տեսնում կենսաթոշակային բարեփոխումների ապագան. ի վերջո, պարտադիր բաղադրիչը չեղյա՞լ կհամարվի, թե՞ կշարունակի գործել։
-Եթե նույնիսկ իրավաբաններն են դժվարանում միանշանակ պատասխանել այդ հարցին, ինձ համար առավել եւս դժվար է այդ «ռեբուսից» գլուխ հանել, բայց մեկնաբանությունները, որ լսել եմ, այդ թվում՝ ՍԴ նախագահի կողմից, երկիմաստության կամ տարընթերցման առիթ չեն տալիս։
Կարդացեք նաև
Որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետում Սահմանադրական դատարանը հստակ ամրագրել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը մինչեւ սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ մնում է ուժի մեջ, եւ այդ դիրքորոշումը հիմնավորել է մոտ 50 օրենքներում, կառավարության, Կենտրոնական բանկի կողմից ընդունված մի քանի տասնյակ իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու, իրավական քաոսից խուսափելու անհրաժեշտությամբ։
Ինչ վերաբերում է ընդհանրապես պարտադիր բաղադրիչին, այն, որ մեր կենսաթոշակային համակարգը խնդրահարույց է եւ բարեփոխման կարիք ունի՝ կարծում եմ, որեւէ մեկը չի վիճարկում։ Այլ բան է՝ մեխանիզմները, որոնք դրված են այդ բարեփոխումների հիմքում, ինչքանո՞վ ընդունելի են, առաջին հերթին՝ սահմանադրության տեսակետից։ Իսկ ՍԴ-ն այդ մեխանիզմների առնվազն մի մասը հակասահմանադրական է ճանաչել։
Հաջորդ կարեւոր խնդիրը հետեւյալն է՝ այն մեխանիզմները, որ որդեգրել է կառավարությունը, որքանո՞վ ընդունելի են շահառուների՝ կուտակային համակարգի մասնակիցների համար։ Այստեղ բավական լուրջ անելիքներ ունենք՝ ե՛ւ Ազգային ժողովը, ե՛ւ նոր ձեւավորվելիք կառավարությունը։ Իմ կարծիքով, ցանկացած խնդիր պետք է լուծվի հրապարակային դաշտում՝ շահառուների, քաղաքական ուժերի, քաղաքացիական ակտիվիստների ակտիվ մասնակցության պայմաններում։
Եթե մարդիկ ասելիք ունեն, պետք է նրանց հնարավորություն տրվի ներկայացնելու իրենց տեսակետները եւ առաջարկությունները, հասկանալով բարեփոխումների անհրաժեշտությունը՝ գտնելու այնպիսի լուծումներ, որ կենսաթոշակային բարեփոխումը ե՛ւ համահունչ կդարձնեն սահմանադրությանը, ե՛ւ ընդունելի ու ընկալելի հասարակության մեծամասնության համար։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում