Ըստ էության՝ գոյություն ունի իրադարձությունների զարգացման ընդամենը երկու սցենար: Առաջին. ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիայի մաս են կազմում, իսկ Կոնգրեսն ու «Ժառանգությունը» մնում են դրսում, այսինքն՝ Հայաստանը վերադառնում է 2009թ. վիճակին։ Բայց 2009-ից հետո Հայաստանում շատ բան է փոխվել, եւ ամենաէական փոփոխությունը մարդկանց սոցիալական վիճակի կտրուկ վատթարացումն է։ Սա նշանակում է, որ իրադարձությունների զարգացման այս տարբերակի դեպքում երկրում պայթյունավտանգ իրավիճակ կստեղծվի, որովհետեւ մի կողմում կլինի հինգ տարի առաջվա կոալիցիան, մյուս կողմում՝ ահավոր դժգոհ եւ ամեն ինչի պատրաստ ժողովուրդն ու ամրողջական իշխանափոխության կողմնակից երկու ուժերը։
Հնարավոր երկրորդ տարբերակն ավելի մեղմ է. ոչ իշխանական չորս ուժերը կոալիցիա չեն մտնում, շարունակում են համատեղ պայքարը, ի վերջո հասնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ դրանից հետո նոր կոալիցիա են կազմում՝ արդեն առանց ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի։ Այս պահին սա կարող է անհավանական թվալ, բայց հիշեցնենք՝ ընդամենը մի շաբաթ առաջ կառավարության եւ վարչապետի հրաժարականը նույնպես անհավանական էր թվում։ Իշխող կուսակցությունը նույնիսկ հեգնում էր, թե կալկուլյատոր չունե՞ք, դրեք-հաշվեք ու համոզվեք, որ կառավարության հրաժարականը ֆանտաստիկայի ժանրից է։
Մի խոսքով՝ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի առջեւ հիմա խնդիրը շատ պարզ է դրված. կամ վերադառնալ 2009 թվականը, կամ շարժվել առաջ։ Իշխանությունները, հասկանալի է, ձգտում են վերադառնալ, որովհետեւ ապագայում իրենք պարզապես գոյություն չունեն։ Որոշ կուսակցությունների համար նույնպես վերադարձը կարող է գայթակղիչ լինել՝ կարոտախտն, ամեն դեպքում, հզոր խթան է: Բայց հասարակությունը հաստատ չի ցանկանա վերադառնալ եւ երկրորդ անգամ նույն ցեխը մտնել, այնպես որ՝ դեռ ոչինչ որոշված չէ:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում