Էդգար Խաչատրյանը՝ Վանաձորի իշխանությունների մասին
Մինչ Լոռու մարզի ղեկավարությունն ու տարածքային կառավարման նախարարությունը Վանաձորի քաղաքապետի՝ բյուջեի հետ կապված լիազորությունները չարաշահելու, դրան հաջորդած՝ լրագրողների գործունեության սահմանափակումների վերաբերյալ հովանավորչական վերաբերմունք են դրսեւորում՝ մի դեպքում ասելով՝ «Սա խնդիր էլ չի, ի վերջո. նախարարությունը՝ քաղաքապետի պարտքի պատճառով Վանաձորի բյուջեի կալանքի մասին», մյուս դեպքում՝ «Պարտադիր պետք է լրատվությունը մասնակցի՞. Լոռու մարզպետը՝ Վանաձորի քաղաքապետի սահմանափակումների մասին», Վանաձորի բնակչության ակտիվ հատվածը՝ քաղաքացիական հասարակությունը, կոշտ քննադատության է ենթարկում տեղական իշխանությունների, մասնավորապես քաղաքապետի վարքագիծը: «Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահ Էդգար Խաչատրյանը նախ անդրադառնում է լրագրողների հանդեպ տեղական իշխանությունների վերաբերմունքին:
«Ինձ համար սարսափելի ծանր է նայել՝ ինչպես են քաղաքապետը, տեղական իշխանության մարմինները շփվում լրագրողների հետ, մի անգամ «Առաջին լրատվականի» թղթակցի հետ է դեպք լինում, մյուս անգամ՝ «Վանաձորյան խճանկարի» թղթակցի, մյուս անգամ՝ մի ուրիշի, ես դա չեմ կարողանում հանդուրժել, ինձ ցավ է պատճառում, ինձ դուր չի գալիս, որ իմ քաղաքի իշխանությունները նման վերաբերմունք ունեն իրենց սեփական քաղաքացիների, սեփական ընտրազանգվածի նկատմամբ: Ես՝ որպես Վանաձոր քաղաքի բնակիչ, որպես քաղաքացի, չէի ուզենա իմ տեղական կառավարման մարմինը նման մարդկանցով համալրված լիներ»,- ասում է Էդգար Խաչատրյանն ու ավելացնում, որ դա իշխանությունների կողմից նրան ընտրած բնակչության նկատմամբ հարգանքի բացակայության հետեւանքն է. Վանաձորի քաղաքապետն ու տեղական մյուս պաշտոնյաները չունեն այն գիտակցությունը, որ ընտրված են ընդամենը ծառայելու հասարակությանը, ներկայացնելու համայնքի շահերը:
«Շատ են փաստերը՝ սկսած տարվա սկզբից քաղաքապետի «անգիտակից քաղաքացիներ» արտահայտությունից, ավարտած լրագրողների հանդեպ նման վերաբերմունքով: Եթե լրագրողը եկել, հարցեր է տալիս, թեկուզ եւ քննադատական, պարտավոր ես դրանց պատասխանել՝ որպես ընտրված քաղաքացի: Քեզ քաղաքացիները ընտրել են, պետք է թափանցիկ աշխատես, պետք է հիմնավորես քո ընտրողներին, թե ինչ ես անում: Տեղական իշխանություններն ամեն անգամ հազարավոր բացատրություններ, մեկնաբանություններ կարող են տալ, թե ինչու լրագրողների հետ չեն աշխատում, թե ինչու չեն թափանցիկ աշխատում, դա չի հետաքրքրում ինձ: Որպես քաղաքացի՝ հետաքրքրում է, որ ես իմանամ՝ ինչ է կատարվում իմ քաղաքի ղեկավարման մարմնում: Պետք է իմանամ՝ ինչպես ես կարողանում աշխատել, ինձ համար ես աշխատում, եթե չգիտեմ ինչպես ես աշխատում, ինչպե՞ս իմանամ՝ մյուս անգամ ընտրե՞մ, թե՞ չընտրեմ: Անձնական ոչ մի խնդիր չունեմ, որպես այս երկրի քաղաքացի, որպես Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ես ուզում եմ, որ իմ ղեկավարությունը, իմ իշխանությունը քաղաքի՝ այս ձեւով չաշխատի: Իրենց ասելով՝ նիստեր չեն լինելու (քաղաքապետարանի ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցությունները, որոնք, քաղաքապետի որոշմամբ, այլեւս ընդլայնված ու հրապարակային չեն անցկացվում՝ հեղ.), իբր անհատական են աշխատելու բաժնի ղեկավարների հետ, բայց, փաստորեն, մենք չենք տեսնելու, թե ինչ հանձնարարականներ են տրվում բաժնի ղեկավարներին, այսինքն՝ ամեն անգամ մեր համայնքի ղեկավարը կարող է պատասխանատվությունը իր վրայից գցել՝ ասելով՝ բաժնի ղեկավարն է մեղավոր, ես իրեն հանձնարարել էի, չի արել: Բայց ով գիտի՝ հանձնարարե՞լ ես, թե՞ չէ: Ախր բացի նրանից, որ սա հետեւանք է, ինքը նոր հետեւանքներ է առաջացնելու: Քաղաքացու եւ ՏԻՄ-ի հետ կապը ավելի է խզվում, այս ճեղքը ավելի է մեծանում: Փաստը այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները փորձում են անցնել ստվեր: Սա մեծ վտանգ է հասարակության համար, մանավանդ՝ մեր հասարակության»:
Կարդացեք նաև
Էդգար Խաչատրյանը պատճառահետեւանքային կապ է տեսնում Վանաձորում իրար հաջորդած երկու իրադարձությունների՝ քաղաքապետի կողմից իր լիազորությունները չարաշահելու եւ լրագրողների մասնագիտական գործունեությունը սահմանափակելու միջեւ: Նաեւ անդրադառնում է, թե ինչու հատկապես հիմա սրվեց տեղական իշխանությունների եւ քաղհասարակության հարաբերությունը: Նրա դիտարկմամբ՝ մի կողմից՝ նախկինում լրագրողներն այնքան էլ պահանջատեր չէին իշխանությունների նկատմամբ, մյուս կողմից՝ շատ բան կուտակվեց այս վերջին շրջանում: Վերջապես հանրապետության երրորդ քաղաքի բյուջեն կալանքի տակ է, իսկ դա շատ լուրջ խնդիր է:
«Իրականում սա ինդիկացիա է այն բանի, որ քաղաքապետը չի կարողանում իր պարտականությունները կատարել, հետեւաբար՝ փորձում է պարտականությունը իր վրայից գցել, որպեսզի ամեն անգամ ժողովրդի, հասարակության ուշադրության կենտրոնում չհայտնվի: Այսինքն՝ հոգեբանական պատճառ է՝ գալիս հասնում է մի կետի, որ ասում է՝ վերջ: Ակնհայտ փաստ է, որ քաղաքապետը չարաշահել է իր լիազորությունները, ինքն էլ խոստովանեց «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում, եւ այս երկու դեպքերը, լրագրողների հետ կապված՝ ռեպրեսիաներ չէի ասի, բայց ամեն դեպքում տհաճ վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, ինձ թվում է՝ հետեւանքն է նաեւ դրա: Այսինքն՝ եկել է այն կետին հասել, երբ որ տեղական ինքնակառավարման մարմինները փորձում են քաղաքացիական վերահսկողությունից դուրս գալ»,- եզրափակում է Էդգար Խաչատրյանը:
ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ