Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Քեսաբում

Ապրիլ 09,2014 14:20

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ քաղաքագետ Վարդան Խաչատրյանը:

Արամ Աբրահամյան.– Սկսենք երեկվա լուրից: Քեսաբը գրաված զինյալները այն հայ ծերունիներին, որոնք մնացել էին Քեսաբում, տեղափոխել էին Թուրքիայի տարածք` Մուսալեռի Վաքըֆ հայկական գյուղ: Ի՞նչ է դա նշանակում:

Ալբերտ Բաղդասարյան.– Քեսաբի դեպքերը հենց առաջին օրվանից որոշակի քարոզչությամբ մեկնաբանվում էին որպես ցեղասպանություն: Ինչն է, ըստ ՄԱԿ-ի, բնորոշում ցեղասպանությանը, ոչ մեկը չի մտնում այդ բնորոշման մեջ, բացառությամբ մի կետի, որը տեղահանությունն է: Բայց տեղահանությունը հստակ ազգային պատկանելությամբ չի կատարվում: Սիրիայում պատերազմ է գնում Ասադի ռեժիմի եւ դրա խայտաբղետ հակառակորդների միջեւ: Վերջիններս ստրատեգիական կարեւոր կետը՝ Քեսաբը, որոշել են վերցնել. ում օգնությամբ` Թուրքիայի, Արեւմուտքի, թե ում, ինձ համար այդ ամենը երկրորդական է: Բայց փաստ է, որ գնաց պատերազմ Քեսաբի համար, զինյալների մի մասը մտան Թուրքիայի կողմից, մի մասը՝ Սիրիայի, որեւէ հայի չգնդակահարեցին, որեւէ հայ չվիրավորվեց նույնիսկ, հայերը հեռացան: Մնացին 18 հոգի, նրանց էլ, ինչպես տեսնում էինք կադրերով, տանում էին փոքրիկ ավտոբուսներով Թուրքիա` հայկական գյուղ:

Վարդան Խաչատրյան.- Բոլոր հնարավոր պարամետրերով դա էթնիկական զտում է՝ ե՛ւ տեղափոխելը, ե՛ւ մտնելը: Ո՞վ է մտնողը. «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունն է, որի վարքագիծը պետք է իմանանք, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչ կարող է լինել: Նրանց նպատակը Քեսաբում էմիրություն ստեղծելն է, իսլամական օրենքներով ապրելն է: Այդ օրենքով ապրողները պետք է լինեն իսլամադավաններ, իսկ հայերն այնտեղ ապրելու համար պետք է պահպանեն օրենքները եւ որոշ իրավունքներից պետք է զրկվեն: Ավելի կոպիտ ասած՝ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում քրիստոնեական կամ այլ դավանանքի պատկանող ժողովրդի ստրկական կարգավիճակը ամրագրելու մեջ: Սա գործընթաց է, որը ընթանում է ոչ միայն Սիրիայում, էմիրություններ ստեղծվում են այնտեղ այսօր եւս, այդ կազմակերպության կենտրոնը գտնվում է Թուրքիայում, ու մեր բարձրացրած խնդիրը այս տեսակետից շատ տրամաբանական է. պարզել, թե ինչպես եղավ, որ ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիայից 8-10 հազար գրոհայիններ՝ կազմակերպված, բուժում ստացած, զինված մտնում են, եւ թուրքական զինուժն էլ դեռ ինչ-որ չափով սատարում է այդ մարդկանց, որպեսզի նրանք կարողանան գրոհով վերցնել հայկական բնակավայրը, ինչը մեր համար իսկապես ողբերգություն է: Դա պետք է բարձրացվի որպես կարեւորագույն խնդիր, քանի որ տարածաշրջանում տեղի է ունեցել քրիստոնեական տարրի ոչնչացում՝ կլինեն տեղահանումները, սպանությունները, մարդկանց բացահայտ մահապատիժները եւ այլն:

Ա. Ա.– Նաեւ հայերի՞:

Վ. Խ.– Հայերը զոհվել են այս պատերազմում, մենք չգիտենք՝ այսօր ասում են՝ Քեսաբում հայեր չեն զոհվել, այնտեղ զոհվել են զինվորներ, ոստիկաններ, նրանց մեջ հայեր եղե՞լ են թե՞ ոչ՝ մեզ համար առայժմ պարզ չի: Բայց երբ մենք խոսում ենք այդ մասին, սա կարեւորագույն մի հանգրվան է, որտեղ հայ ժողովրդի ողջ պոտենցիալը պետք է մի հարց բարձրացնի, այն է՝ անցկացրեք միջազգային հետաքննություն՝ միջանկյալ տվյալների հրապարակմամբ, թե ինչպես պատահեց, որ այդ բազմությունը թուրքական տարածքից մուտք գործեց եւ շարժվեց դեպի հայաբնակ տարածք:

Ա. Ա.- Ովքեր՝ այդ զինյալները. նրանք հրոսակնե՞ր են, վարձկաննե՞ր են, իսլամիստնե՞ր են, ինչ-որ ծայրահեղականնե՞ր են, թե՞ պարզապես Ասադի ընդդիմախոսներն են:

Ա. Բ.– Ամենքն էլ կարող են լինել: Սիրիայում կա կռիվ, եւ հայերը այնտեղ ընդհանրապես կապ չեն ունեցել, կռիվը հայերից չի սկսվել: Մեկ տարի Սիրիայում գնում էր կռիվ, Հալեպի հայկական թաղամասին ոչ մեկը չէր մոտենում: Սիրիայում կա պատերազմ, 26 մլն ժողովրդի մեջ գնում է պատերազմ, Քեսաբում ապրում էին 850 ընտանիք, թվով մոտ 6500 բնակիչ: Ըստ հրապարակված թվերի՝ այդ պատերազմը չէր կարողանա լինել ընդամենը այդ մեկ գյուղի համար: Ի՞նչ են անում՝ թուրանական կայսրությո՞ւն են ստեղծում, այնտեղ էմիրություններ են սարքում եւ, պարզվում է, հայերն են խանգարում, ինչպես միշտ, հետեւաբար պետք է հայերին արանքից հանել. մենք կարծես ուզում ենք խցկվել արանքը: Սիրիայում 2 մեծ ուժեր՝ 26 մլն-անոց, կռվում են իրար հետ` իշխանական ուժերը եւ ընդդիմադիրները: Ընդդիմադիրների մեջ կա ժողովուրդ՝ ապստամբներ, որովհետեւ սկզբնական շրջանում սկսվեց խաղաղ ցույցերից: Ժողովրդից բացի՝ կան միջազգային տարբեր տեռորիստական կազմակերպություններ, ժողովրդին աջակցում է ամբողջությամբ Արեւմուտքը: Հիմա այդ բոլորը միասին կռվում են Ասադի հետ, նա ամեն մեկին պատասխանում է յուրովի: Ես կարծում եմ` Հայաստանի, հայերի քաղաքականությունը կարող է լինել միայն դրական չեզոքությունը: Այսինքն՝ հայերը հստակ կապեր ունեին իշխանության հետ, հայերը այդ նույն ժողովրդի մեջ են ապրել եւ այդ ժողովրդական ապստամբության կողմնակիցների մեջ կարող էին բարեկամներ ունենալ, եւ այդ դրական չեզոքությունը կարող էր բերել այն բանին, որ Հալեպը չգնդակոծվեր: Հայերը դրական չեզոքություն չեն ունեցել, նրանք միշտ բացականչում էին՝ կեցցե Ասադը:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց  ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930