Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության պետությունների խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսին:
Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետությունը մեծ ծավալի աշխատանք է տարել եւ հարուստ փորձ կուտակել Եվրամիության հետ վերջին տարիների ընթացքում ծավալված համագործակցության արդյունքում: Հայաստանի որոշումը` միանալու Մաքսային միությանը, ամենեւին չի նշանակում Եվրամիության եւ եվրոպական կառույցների հետ համագործակցության թուլացում կամ դադարեցում: Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: 2013 թ. Վիլնյուսյան գագաթաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը եւ առաջիկայում նախատեսվում են աշխատանքներ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձեւավորման շուրջ»:
Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության եւ բազմադարյա բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները»:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների եւ, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո եւ միջազգայնորեն ճանաչված 3 սկզբունքների շրջանակում. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ