Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀԿ-ն ընդունի ԲՀԿ պայմանները, կոալիցիա չմտնելը կդառնա կապրիզի պես մի բան». «Առաջին լրատվական»

Ապրիլ 09,2014 10:24

Որքան էլ ԲՀԿ-ում ուրախ են Հովիկ Աբրահամյանի հնարավոր վարչապետության առթիվ և լոբբինգ են անում նրա համար, Հ. Աբրահամյանի վարչապետությունը կարող է ԲՀԿ-ին լուրջ խնդրի առաջ կանգնեցնել. վերջ դնել ԲՀԿ ընդդիմադիր- ժողովրդական կարիերային, քանի որ Գագիկ Ծառուկյանի խնամու վարչապետ նշանակվելու դեպքում ԲՀԿ-ն այլևս չի կարող քննադատել կառավարությանը, և ԲՀԿ բոցաշունչ ելույթներով ընդդիմադիր պահվածքը կմնա անցյալում: Իսկ եթե ԲՀԿ-ն համաձայնի ՀՀԿ առաջարկին ու մտնի կոալիցիա, լինելով փոքրամասնություն` ստիպված է լինելու կատարել ՀՀԿ որոշումները, մոտավորապես ստանձնելով ՕԵԿ-ի գործառույթը: Սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն կառավարությանը քննադատելով և ընդդիմադիր պահվածքով ու ընդդիմության հետ հանդիպումներով բավական վարկանիշ է ձեռք բերել: Այս հարցերի շուրջ է «Առաջին լրատվական»-ի զրույցը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

Չե՞ք կարծում, որ եթե ԲՀԿն մտնի կոալիցիա, կդառնա «ՕԵԿ 2». այդ հեռանկարը ինչպե՞ս եք գնահատում: Նաև կդառնա ՀՀԿ կցորդը, վերջին շրջանի հեղինակությունը լիովին կկորցնի:

– Բացարձակ չեմ կարծում: ԲՀԿ-ն չի նմանվելու ոչ մի կուսակցության: Առավել ևս՝ ոչ մի կուսակցության կցորդ չի կարող դառնալ: ԲՀԿ-ն որ կոալիցիայից դուրս է եկել, սկզբունքորեն աշխատանքին է դեմ եղել, ոչ թե համագործակցությանը: Մենք կողմ ենք համագործակցությանը: Մենք դեմ ենք միանձնյա, առանձին մի թևի որոշմամբ թելադրվող աշխատանքին, կողմնակից ենք թիմային աշխատանքին: Այն ժամանակ ԲՀԿ-ն թիմային աշխատանքի հետ կապված խնդիր է տեսել, կոալիցիա չի կազմել: Եթե հիմա իշխող կուսակցությունը պատրաստ է միանձնյա որոշումներ չկայացնել, երկրի առաջ ծառացած խնդիրները թիմային կառավարմամբ առաջ տանել, էստեղ դեմ կանգնելը, չուզելը արդեն ինքնանպատակ է դառնում, ուղղակի դառնում է կապրիզի պես մի բան:

Ասել է թե՝ եթե այդ դեպքում չմտնի կոալիցիա, դա արդեն կապրի՞զ կլինի ԲՀԿ կողմից:

– Ճիշտն ասած՝ ինքնանպատակ կլինի, սա իմ կարծիքն է. եթե մեծամասնությունը համաձայն լինի մեր ծրագրերն ընդունել, մեզ հետ աշխատել, և մենք հետո մերժենք:

Իսկ չե՞ք կարծում, որ եթե ԲՀԿն զոհի ներկա ընդդիմադիր կեցվածքը, 2017թ. խորհրդարանական ընտրություններում բավական ցածր վարկանիշ կունենա ու բավական քիչ ձայներ կհավաքի:

– Ես կարծում եմ` ընդդիմադիր կեցվածք ունենալը պետք է ինքնանպատակ չլինի: Ընդդիմադիր կեցվածք ունենալը պայմանավորված է ծրագրերով: Էն անհամաձայնություններով, որոնք որ էսօր ժողովուրդը ունի, սարսափելի թվով արտագաղթ, սոցիալապես ծանր վիճակ, ու մեր ընդդիմադիր կեցվածքը հիմնականում պայմանավորված է էդ դժգոհություններով: Եթե երկրում ամեն ինչ նորմալ է, պրոբլեմ չկա, ի՞նչ ընդդիմադիր կեցվածքի մասին է խոսքը:

Ասել է թե՝ կարծում եք, եթե ԲՀԿն մտավ կոալիցիա, Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ, մեր երկրի խնդիրները կլուծվե՞ն: ԲՀԿն կոալիցիայում էր նախկինում, Հովիկ Աբրահամյանն էլ մինչ այժմ ԱԺ նախագահն է, սակայն այդ նույն արտագաղթը կար և կա, սոցիալական խնդիրներն էլ հետը:

– Մենք գտնում ենք, որ երկրում պետք են փոփոխություններ, պետք է լուրջ աշխատանք: Պետք է դեմքով շրջվել դեպի ժողովուրդը:

Մարինե Խառատյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930