Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն» ավարտվե՞ց

Ապրիլ 09,2014 12:20

Կայանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կոնսոլիդացիա՞ն

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ապրիլի 4-ին Zham.am-ին տված հարցազրույցում ուշագրավ միտք է արտահայտել. «Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու, առանց ցնցումների մի շարք կարեւորագույն հարցեր եւ մոտեցումներ վերանայելու, ընդունելու սեփական բացթողումները: Բայց այս ամենը սահմանադրորեն վերապահված է մեծամասնությանը: Եվ ես ձեռնպահ կմնամ ավելին մանրամասնելուց»:

Այդ պահից սկսած՝ ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն «այլընտրանքից» դարձյալ կոալիցիա վերադառնալու, ազգային համաձայնության կառավարություն կազմելու հնարավորությունների քննարկման փուլ է մտել: Այսինքն՝ «հրաշալի քառյակի» գործունեությունը նպաստեց նրան, որ ինչ-ինչ պատճառներով կոալիցիայից հեռացած քաղաքական երկու ուժերը` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իրենց ավելի մեծ հավակնություններով վերադառնան իշխանություն: Այլ կերպ ասած` քաղաքական «կոնսոլիդացիայի» հիմքերն են դրվում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ:

Իսկ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» միակ արդյունքը, փաստորեն, այն եղավ, որ իշխանական բուրգից «հեռացվեց» Տիգրան Սարգսյանը, ճիշտ է` ոչ ինքնակամ, բայց այստեղ կարեւորը «բուրգից պոկվելու» գործընթացն է, եւ հիմա Տիգրան Սարգսյանին, հավանաբար, կփոխարինի «հրաշալի քառյակի» համար ավելի ընդունելի վարչապետի թեկնածու, ավելի ազնիվ եւ ինտելեկտուալ գործիչ, որը մեր «բյուջեն կլցնի» ու երկիրը վերջապես «կդնի ռելսերի վրա»:

Ավելին` ՀԱԿ-ը նույնիսկ կարող է հպարտանալ այս քաղաքական վերադասավորումների համար ստեղծած հնարավորություններով, չէ՞ որ դաշնակից ԲՀԿ-ի համար «ընդունելի վարչապետով»` պետության առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծելու լայն հնարավորություններ կստեղծվեն: Պահանջներ ներկայացնելու համար նույնիսկ հանրահավաքներ անելու կարիք էլ չի լինի, «հրաշալի քառյակից» գոնե երկու քաղաքական ուժերը` որպես «համակարգային փոփոխությունների» ջատագով, հենց իշխանության ներսում իրենց անելիքը, ինչպես ասում են, արդեն կիմանան` ինչից սկսել եւ ինչպես:

Հաշվի առնելով վերջին օրերին ԲՀԿ-ական գործիչների հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կպայմանավորվեն: Կգա՞ն ընդհանուր հայտարարի վարչապետի հարցում, նախարարական պորտֆելներ կունենա՞ն ԲՀԿ-ականները, թե՞ ոչ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքական պրոցեսները հանգեցնելու են Սերժ Սարգսյանի իշխանավարման երկրորդ փուլն ավելի հանգիստ մթնոլորտում անցկացնելու գործընթացին: Հնարավոր է, որ այսօր ընթացող քաղաքական վերադասավորումներով, արդեն իսկ «առանց ցնցումների», իշխանափոխության հիմքերն են դրվում 2018 թվականի համար, բայց եթե նույնիսկ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի շուրջ չհամախմբվեն էլ` նրանք որպես «ընդդիմադիրներ» չէին ընկալվելու հասարակության կողմից, որքան էլ «հրաշալի քառյակի» համար PR արվեր:

Բայց ցավով պետք է արձանագրել նաեւ, որ Հայաստանում ընդդիմություն չկա, եւ եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն մաս կազմեն կառավարությանը, ապա քաղաքական վերադասավորումներից դուրս մնացած «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին իշխանությունը ստիպված է լինելու վերապահել «ընդդիմության» դերը, որովհետեւ քաղաքական համակարգի «լիարժեքության» համար գոնե խորհրդարանական ընդդիմություն անհրաժեշտ է իշխանությանը: Ներխորհրդարանական համագործակցությունը, երբեմն հնչող նույնիսկ սուր հայտարարություններն ու գնահատականները կապահովեն քննադատվող իշխանության համար ցանկալի ներկայացումը: Սա նշանակում է, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ ակամայից կամ գիտակցված մաս են կազմելու գործող քաղաքական համակարգի ամրապնդմանը, որովհետեւ այդ համակարգից դուրս ապագա չունեն, քանի որ չեն վայելում հասարակության վստահությունը:

Քաղաքական վերջին վերադասավորումները հասարակության հետ որեւէ կապ չունեն: Մեր երկրում ընդամենը մի քանի անգամ է ընդդիմությունն ունեցել հնարավորություն` հասարակության աջակցությամբ եւ լիակատար վստահությամբ ազդելու քաղաքական պրոցեսների վրա, բայց չի ստացվել եւ հավանաբար՝ ոչ ընդդիմադիրների մեղքով: Բայց այն, ինչ կատարվել է հետո, արդեն քաղաքական գործունեության ու գոյատեւման համար միջոցների ընտրության հարցում, ապա այստեղ երբեմնի ընդդիմադիրները ամբողջությամբ իրենք են պատասխանատվություն կրում եւ այսօր ստանում են այն, ինչին արժանի են:

Եվ վերջում… Սերժ Սարգսյանը, կարծես, վատ շախմատիստ չէ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930