Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Այն կոալիցիայի կազմը կարող է ընդլայնվել». 1in.am

Ապրիլ 08,2014 23:07

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:

– Առաջիկա օրերին հայտնի կդառնա վարչապետի անունը: Հենց այդ անձով էլ նոր փուլ կթևակոխի Հայաստանի նորագույն պատմությունը: Ինչո՞ւ հանկարծ որոշվեց և օրակարգ բերվեց վարչապետի և կառավարության հրաժարականը, և ինչո՞ւ այդքան ակտուալ դարձավ, որովհետև մինչև ՀՀԿ ԳՄ վերջին նիստը խոսվում էր, որ ՀՀԿ օրակարգում այդպիսի հարց չկա: Մինչդեռ Գործադիրի վերջին նիստում հստակ արդեն խոսվել է, որ Տիգրան Սարգսյանը դեռևս փետրվարին է ցանկություն հայտնել, և հերթական անգամ մենք ականատես ենք լինում իշխանության կողմից ոչ ստույգ տեղեկությունների հանրայնացման:

– Իսկապես դա այդպես է եղել: Մեկ ամիս առաջ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին, և նախագահը այդ պահին նպատակահարմար չի գտել ընդունել այդ հրաժարականը: Կարծում եմ՝ ճիշտ է, որ դա հրապարակային չեն դարձրել, այլապես դա կկազմալուծեր ամբողջ կառավարության աշխատանքը: Ինչո՞ւ վարչապետը գնաց այդ քայլին: Նշել որևէ մեկ կոնկրետ գործոն՝ ճիշտ չի լինի: Գործոնները բազմաթիվ էին:

– Որո՞նք էին, ըստ Ձեզ, ամենահիմնականները:

– Կառավարության ղեկավարը բազմաթիվ անգամ հայտարարել է ուղենիշներ, որ ինքը  պետք է կատարի: Հիշո՞ւմ եք, երբ նա նոր էր դարձել վարչապետ, սկսեց պայքարել օլիգոպոլիայի դեմ, տնտեսության ստվերի, մենաշնորհների դեմ: Ստացվե՞ց իր մոտ, կարողացա՞վ, ցավոք՝ ոչ: Թե ինչու՝ դա այլ հարց է: Ստեղծվել էր մի իրավիճակ, որ յուրաքանչյուր բացասական բան հանրապետությունում կապվում էր անձի հետ: Երկրորդ տարին է՝ ես կրկնում եմ, որ ներքաղաքական բոլոր գործընթացները տարվում էին վարչապետի պաշտոնի շուրջ պայքարի համար:

– Կարո՞ղ ենք ասել, որ վարչապետին չհաջողվեց օլիգոպոլիային հաղթել, օլիգոպոլիան հաղթեց վերջապես:

– Ես, ճիշտն ասած, բազմիցս ասել եմ, որ՝ այո, ինքը փորձեց պայքարել, բայց չստացվեց, հակառակը ստացվեց:

– Այսինքն՝ օլիգարխները ըստ էության  հաղթում են կառավարության այն թիմին, որը բարեփոխումներ էր հռչակել և փորձում էր երկիրը ազատել այդ աղետից:

– Ամեն դեպքում յուրաքանչյուր երկրում եթե ուզում ես, որ կայանա փոքր և միջին բիզնեսը, պետք է քայլեր անել: Ինչքանով ստացվեց՝ բոլորս էլ գիտենք. ինքը դժգոհ էր նաև այն արդյունքից, ինչին հասել է: Ասեմ, որ հրաժարականի գաղափարն այն չէ, որ հենց մեկ ամիս առաջ վարչապետի մոտ ծագեց: Կարծում եմ, որ յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի մոտ էլ կարող է նման ցանկություն առաջանալ և ինչ-որ ձևով դա դրսևորվել: Այնպես որ՝ ունենք այն, ինչ ունենք:

– Պարոն Նիկոյան, Դուք ԱԺ նախագահ դարձաք այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանին, ըստ էության, դուրս թողեցին ԱԺ-ից, և նա  խորհրդարանական ընտրություններին դարձավ ՀՀԿ շտաբի ղեկավար: Այն ժամանակ մամուլում հազարումի վարկածներ էին շրջանառվում: Դա ևս ներիշխանական խմորման փուլ էր, որում կարծես փորձ էր արվում զսպել իշխանության ներսի թևերից մեկին: Նմանություն տեսնո՞ւմ եք այս հանգրվանի միջև, երբ նորից խմորումներում կարծես կողմերի միջև հիմնական մրցակցություն է տեղի ունենում:

– Հարցին պատասխանելու համար քաղաքագիտական հարթություն տեղափոխվեմ: Ընդհանուր առմամբ Սահմանադրությունը հստակ մեխանիզմներ է սահմանել իշխանական թևերի տարանջատման փոխադարձ հակակշիռների և զսպումների մեխանիզմի մասին: Որևէ երկրում, եթե դա խախտվում է, անպայման ունենում է իր բացասական հետևանքները: Նույնիսկ կուսակցական վերնախավում հակակշիռների մեխանիզմների բացակայությունը ինչ-որ ժամանակ բերում է բացասական հետևանքների: Կարծում եմ, որ այդ խնդիրը ամեն դեպքում պետք է որ լինի ուշադրության կենտրոնում՝ զուտ պետական շահերից ելնելով:

– Ոչ իշխանական 4 ուժերից երկուսը՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, արդեն չեն բացառել, որ կարող են մաս կազմել նոր կառավարությանը, և հետաքրքիր է՝ 2012 թվականին իշխող ՀՀԿ-ն բանակցում էր ԲՀԿ-ի հետ այդ հնարավորության շուրջ, և ԲՀԿ-ն այն ժամանակ մերժեց մաս կազմել Տիգրան Սարգսյանի կառավարությանը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այն ժամանակ մերժեցին այդ կառավարությանը մազ կազմել միայն այն պատճառով, որ դա Տիգրան Սարգսյանի կառավարությունն էր, և հիմա իրենք փաստորեն համաձայն են մաս կազմել, որովհետև դա արդեն իրենց կառավարությունն է կամ այն մարդու կառավարությունը, որի հետ նրանք կարող են այլևս ազատորեն գործել:

– Զուտ քաղաքագիտական առումով որևիցե կառավարություն, որը ձևավորվելու է, կատարելու է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և խորհրդարանի ծրագիրը: Երբ ես ասում էի՝ Հայաստանում գնում է վարչապետի պաշտոնի շուրջ պայքար, և բոլոր կուսակցությունները պայքարում են մեկ անձի դեմ, և դա մեկ տարի առաջ էի ես ասում, ոմանք ասում էին, որ դա այդպես չէ, կարևորը ծրագրերն են, գաղափարները և պետության այսպիսի կործանված վիճակը: Եթե ծրագրերն ու գաղափարներն են կարևոր, ապա նույն ծրագրերն ու գաղափարները կային: Այստեղ մնում է մտածել, որ խնդիրը անձն էր: Ամեն դեպքում ՀՀԿ-ն բոլոր ժամանակներում առաջարկը արել է և միշտ՝ կառավարման իր ամբողջ տարիներին համագործակցել է բոլորի հետ: Ո՞ր պայմաններում, ե՞րբ, ինչպե՞ս են դա դրսևորել և ինչպե՞ս են այդ առաջարկը ընդունել և ինչո՞ւ չեն ընդունել, հիմա ինչու են ընդունում՝ այս ամենը կապել միայն վարչապետի անձի հետ՝ անմտություն է:

– Իսկ Ձեզ հարց տալի՞ս եք, թե ինչու, օրինակ, այն ժամանակ չհամաձայնեցին, իսկ հիմա համաձայնում են: Հանրապետականը ներքուստ վիրավորված չի՞ զգում այն իրականության համար, որ այսօր կա, և, ըստ էության, Ձեր կուսակցության կարևորագույն և երկրի երկրորդ անձը, որի անունն արդեն շրջանառվում է, Ձեր՝ ընդդիմախոսների կողմից շատ ավելի դիտարկվում է որպես յուրային և նրանց համար ընդունելի, քան օրինակ` նույն Հանրապետականի համար:

– Դուք ասում եք՝ Հանրապետականը վիրավորված չի՞ զգում: Նեղանալը կամ վիրավորված լինելը քաղաքական կատեգորիա չէ: Ամեն դեպքում մենք սպասում ենք վարչապետի նշանակմանը, որը հանրապետության նախագահը պետք է անի: Ես հասկանում եմ, որ շրջանառվում են անուններ, ինքս էլ կարող եմ կանխագուշակել…

– Ձեր կուսակցության պառլամենտական ֆրակցիայի ղեկավարը, ասել է, օրինակ, որ Հովիկ Աբրահամյանը ընդունելի է քաղաքական դաշտի համար, իսկ Ձե՞զ համար:

– Ես ընդհանուր առմամբ չէի շտապի, և որևիցե մեկը Հանրապետականից, կարծում եմ, պետք է չշտապի, կամ եթե շտապում են, ապա միայն իրենց անձնական տեսակետն ասեն՝ հարգելով նախագահի սահմանադրական իրավունքը, որովհետև նախագահին է վերապահված նշանակել: Առաջ ընկնել և ասել անուններ, եթե նույնիսկ ինֆորմացիայի ես տիրապետում, կարծում եմ, այնքան էլ պատշաճ չէ:

– Խոսվում էր ազգային համերաշխության կառավարության անհրաժեշտության մասին: Եթե վիճակն այդքան օրհասական չէ, և եթե խնդիրը բացառապես նախագահի լիազորությունների տիրույթում է, ինչո՞ւ պետք է կառավարության ղեկավարի անձը ընդունելի լինի քաղաքական բոլոր հատվածների համար:

– Անկեղծ ասած՝ ինձ համար մի քիչ անհասկանալի է, որ վարչապետը պետք է ընդունելի լինի բոլորի համար: Վարչապետը քաղաքական մեծամասնության ծրագիրն է իրականացնում: Քաղաքական մեծամասնությունն ունի իր ծրագրերը, իր գաղափարախոսությունը, որը կարող է չհամընկնել ընդդիմության ծրագրերին և մեծապես չի համընկնում: Եվ ինձ համար ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգը փորձում են ավելի կենցաղային մակարդակով մոտեցումների հարթության մեջ դիտարկել: Իհարկե, ընդդիմությունը պետք է լինի ընդդիմություն, այն պետք է պայքարի կառավարության և իշխանության դեմ: Դա է պետությունը, դա է դասական օրինակը, այլ ոչ թե կառավարությունը կամ վարչապետը լինի ընդունելի ընդդիմության համար: Դա զուտ մարդկայնորեն կարելի հասկանալ, իսկ քաղաքագիտորեն և պետական շահերի տեսանկյունից արդեն անհասկանալի է: Ի՞նչ, հարգարժան ընդդիմություն, Դուք դադարելո՞ւ եք քննարկել վարչապետին կամ կառավարության գործունեությունը, ապա ո՞րն է Ձեր գործը, Դուք ինչի՞ համար եք, ընդդիմության գործունեությունը բացառապես գործող կառավարության ծրագրերին այլընտրանք ծրագրեր, այլընտրանք մոտեցումներ ներկայացնելն է, ցույց տալը, թե նրանք ինչքան վատն են, ինչքան իրենք լավն են, քննադատելը: Ընդդիմության գործոնը դա է: Ամբողջ աշխարհում է այդպես: Եթե ընդդիմությունն էլ է իշխանական քայլվածք դրսևորում, անհասկանալի է արդեն: Եվ հետո` մենք ամենակարևոր խնդիրը մեր պետության մեջ բացատրում ենք իշխանության վատ աշխատանքով: Ընդունում եմ: Բայց որևիցե մեկը չի ասում իսկ ընդդիմությունը հանրության մեջ իր գործողությամբ, վարքագծով արդյո՞ք հիասթափություն և հուսալքում չի՞ առաջացնում, թե՞ միայն դրական սպասումներ:

– Մենք ասում ենք, բայց դրանում էլ մեղադրում ենք իշխանություններին: Իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի ոչնչացնի ընդդիմությանը:

– Թող չոչնչանան, չփչանան: Իշխանության գործն ուրիշ է, ընդդիմության գործն այլ է:

– Իշխանության գործը տեսել ենք, թե ինչ է: Տարիներ ի վեր հետապնդումներ են եղել, հարյուրավոր մարդիկ ազատազրկվել են, և իշխանությունը թույլ չի տվել, որ ազատ պայմաններում ընդդիմությունը նաև կարողանա իրեն արտահայտել: Ընդդիմությունը գնացել է այն ճանապարհով, որ ոչ իշխանական այդ 4 ուժերը միավորվել են, ինձ համար բոլորովին նոր տերմին է ոչ իշխանական, դա էլ, ի դեպ, հանդուրժվել է նույն իշխանության կողմից, և մենք ունենք այն վիճակը, որ ունենք: Ստեղծված իրավիճակում դրսի գործոնն ինչքա՞ն է:

– Նախ ասեմ, որ դուք մեկ տերմին օգտագործեցիք, և ես անպայման ուզում եմ իմ տեսակետն արտահայտել այդ տերմինի կապակցությամբ: Դուք ասացիք ազգային համաձայնության կառավարություն:

– Ազգային համերաշխության:

– Ես դրա փոխարեն կօգտագործեի կոալիցիոն կառավարություն: Հիմա էլ է կոալիցիոն կառավարություն, նախկինում էլ եղել է կոալիցիոն կառավարություն: Հիմա այն կոալիցիայի կազմը կարող է ընդլայնվել: Դա քննարկման փուլում է, չգիտենք՝ ինչով կավարտվի: Անուններ չդնենք՝ համաձայնություն, համերաշխություն: Դրանք բոլորը տերմիններ են, որոնք կարող են օգտագործվել խորը ճգնաժամային իրավիճակներում: Մեր երկրում երբեք էլ այդպիսի իրավիճակ չէ, երբեք էլ կառավարությանը էպիտետներ պետք չէ կպցնել: Ասենք կոալիցիա: Եթե որևէ մեկն ուզում է համագործակցել Հանրապետականի հետ և իրականացնել հանրապետության նախագահի ծրագրերը, այդպես էլ պետք է ասի, որ ցանկանում է կոալիցիոն կառավարության մաս կազմել: Եվ մենք դրան նորմալ ենք վերաբերվում, նորմալ էլ կվերաբերվենք: Իսկ այդ էպիտետները երևի քայլ է հանրության աչքում, որ ներկայացնելու խնդիր ունեն, բայց, ըստ էության, դա դասական կոալիցիոն կառավարություն կլինի, հիմա կա և կարող է ընդլայնվել:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930