Ապրիլի 7-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք, երբեմն, չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ Մարգարյանը նոր է վերադարձել Սիրիայից:
– Պարոն Մարգարյան որտե՞ղ եղաք, ի՞նչ տեսաք, ո՞ւմ հանդիպեցիք եւ ինչ տպավորություններով վերադարձաք:
Կարդացեք նաև
-Եղա Հալեպում եւ Լաթաքիայում: Այնտեղ մենք ունենք բավական մեծ կազմակերպվածություն, բնականաբար իմ հանդիպակաց կողմը եղել են մեր կազմակերպության անդամները, Լաթաքիայում՝ նաեւ գաղթականության հետ: Ինչ-որ առումով ես գնացել եմ ընթացիկ հանդիպման` մեր մեջ այդ հարցը քննարկելու, ընդհանրապես սիրիահայության իրավիճակի օրակարգով:
– Քեսաբից ինչ նորություններ ունեք: Այստեղ ամենատարբեր լուրեր են հասնում:
-Իրականության մեջ այսօր ինչ է կատարվում, ինչ կա Քեսաբում, այսօր ոչինչ էլ չկա: Քեսաբը գրավված է այդ ուժերի կողմից, այնտեղ հայություն չկա, մի քանի տարեց անձինք են՝ տեղափոխվել են Թուրքիա: Եվ ժողովուրդ, ժողովրդի մնացորդաց գոյություն չունի: 28 հոգի են մնացել Քեսաբում: Հայություն չի կարելի դրանց ասել` մնացողները ծերեր են, անկարողներ: Քեսաբում այսօր պատերազմ է: Քեսաբը առճակատման գիծ է` մի կողմից սիրիական բանակն է, մյուս կողմից՝ ընդդիմությունը` Թուրքիայի զորակցությունն ունենալով ու անմիջական մասնակցությամբ:
-Իսկ այն մարդիկ, ովքեր արտագաղթից հետո մնացել էին ու տեղափոխվել Թուրքիա` նրանց ճակատագր մասին, որեւէ տեղեկություն կա՞:
– Քեսաբի շուրջ բարձրացված արձագանքը այնքան մեծ է եղել, որ Թուրքիան պետք է ամեն գնով փորձի քարոզչական նպատակով օգտագործել այդ մի քանի ծերերին, ապաստան տալ եւ չեմ կարծում, թե նրանց վտանգ սպառնա: Հինականը ժողովուրդն է, որ գաղթական է դարձել, որ տնից – տեղից կտրվել է եւ հիմա Լաթաքիայում է:
-Ինչպե՞ս է իրեն զգում Քեսաբի ժողովուրդ Լաթաքիայում: Գիտենք , որ մի մասը եկեղեցում է տեղավորվել, մյուս մասը` իրենց կամ հարազատների: Ի՞նչ վիճակ է, ինչի կարիք ունեն:
– Սպասողական վիճակ է: Ամենալավ երեւույթն այն է, որ քեսաբցին սպասում է, որ վերադառնա Քեսաբ: Մտածում է ժամանակավոր կեցության մասին է հարցը, ոչ թե հիմնավոր: Եվ սա լավ է, որովհետեւ առանց քեսաբցիների` Քեսաբի վերականգնումն անիմաստ է: Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր է, այն, որ նրանք ավելի շատ մտահոգ են իրենց պարտեզներով, քան բնակարաններով: Սիրիայի վերջին դեպքերը, ռազմական իրողությունը նկատի ունենալով, հաշտվել են այն գաղափարին, որ բնակարանները պետք է վնասված լինեն, բայց հույս ունեն, որ պարտեզները անվնաս կմնան, որպեսզի իրենց համար կարելի դառնա Քեսաբ վերադարձը եւ Քեսաբի վերականգնումը: Մեր հայ ժողովրդի առջեւ դրված է մի խնդիր. Մենք ամեն ինչ պետք է անենք, որ քեսաբցիները մնան Լաթաքիայում՝ Քեսաբի կողքը, որպեսզի իմաստ ունենա Քեսաբի վերականգնումը: Ինչպես ամեն մի գաղթական ժողովուրդ, բնականաբար նրանք եւս ունեն բազում դժվարություններ: Նրանք, ովքեր տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների բնակարաններում, նրանք էլ շատ հարմար վիճակի մեջ չեն ապրում: Դա ժամանակավոր լուծում է, ոչ թե՝ հիմնավոր: Նրանք ովքեր եկեղեցում են, կենցաղային մեծ դժվարություններ ունեն, բայց այսօրվա իրենց մտահոգությունը, խնդիրը եւ այն ինչ-որ տանելի է դարձնում այդ պայմանները` շուտով Քեսաբ վերադարձն է:
-Իսկ ինչի կարիք ունեն ամենից շատ:
-Չեմ կարող ասել, թե մասնավոր որեւէ բանի կարիք ունեն: Սնունդը, շատ դժվար չի իրենց համար ձեռք բերել. Տարբեր բարեգործական կազմակերպություններ են գործում, նաեւ Սիրիայի հայկական շտաբը, որ այս օգնության առումով է կազմակերպվել: Այդ առումով լուրջ խնդիր գոյություն չունի: Բայց գոյություն ունի հիմնական խնդիր` ժամանակավոր կեցությունը որքան կերկարի, այդքանով խնդիրները կմեծանան: Դա վերաբերում է կացարանին եւ կրթությանը, բնականոն բոլոր խնդիրներին: Այսօրվա դրությամբ նրանց թվում է, որ Քեսաբի ազատագրումը 7 սարերի հետեւում չի եւ իրենք կվերադառնան իրենց գյուղը:
-Պարոն Մարգարյան , սպասելի՞ էր, որ նման բան տեղի կունենա Քեսաբի հետ: Այս հարցը ես հաճախ տալիս եմ, նկատի ունենալով, որ Քեսաբը այս ողջ հակամարտության ընթացքում ընդունված էր համարել ամենաապահով, անվտանգ վայրը:
– Անցած մեկուկես – երկու տարվա ընթացքում, Քեսաբը նվազագույն վնասն է կրել: Հիմնական պատճառը եղել է այն, որ համաձայնություն է տեղի ունեցել Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ: Եվ այդ սահմանից թափանցումների հարցը, սահմանի ապահովությունը ստանձնել է Թուրքիան: Սա եղել է փոխադարձ համաձայնությամբ, որովհետեւ սիրիական բանակ գոյություն չի ունեցել այն նկատառումով, որ սիրիական բանակը կարող է հարձակման թիրախ դառնալ եւ հարձակումներից կարող է վնասվել նաեւ խաղաղ բնակչությունը: Սահմանի անվտանգությունը ամբողջությամբ վերապահված է եղել Թուրքիային: Հարձակումից մի գիշեր առաջ, սահմանապահ զորքը քաշվել է եւ տեղի է ունեցել հարձակում: Ինչը, որ կրկնակիորեն է ապացուցում, որ այս հարձակումը եղել է թրքական պետականության անմիջական մասնակցությամբ եւ համագործակցությամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելուն` պատերազմի ժամանակ, ամեն բան կանխատեսելի է: Սիրիական պետությունը ունի մեծ փորձ Թուրքիային վստահելու եւ հուսախաբ լինելու առումով: Այն մասը, որ վստահում էր, հենց այդ մասում էր խնդիրը: Սակայն ինձ թվում է, որ այս գործողությունը շատ ավելի հեռուն գնացող նպատակ է ունեցել, քան Քեսաբը: Նրանց հարձակման հիմնական նպատակը եղել է շրջափակել Քեսաբը եւ ամբողջ բնակչությանը վերցնել իբրեւ պատանդ: Պատանդ վերցնելով, իրենք պետք է ապահովեին իրենց սիրիական զորքի կոպիտ միջամտություններից: Դրան զուգահեռ նրանք գրավում էին Քեսաբի կողքին գտնվող բարձունքները, որից հետո սկսում էին վտանգել Լաթաքիան: Մի խոսքով իրենք հարվածում էին Ալավիններով բնակեցված ավաններին, ցույց տալիս թե Ալավիների անվտանգությունը որքան խախուտ երեւույթ է: Այս հարցին կարելի է զանազան մեկնաբանություններ տալ, քաղաքական վերլուծություններ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես հավատում եմ նաեւ, որ այստեղ կա Ղրիմի հարց, այստեղ կա Ռուսաստանի երկրորդ՝ խորքային ապահով նավահանգիստը վտանգելու հարցը, Թարթուս-Լաթաքիա նավահանգստային քաղաքների խնդիրը կար, Ղրիմի դիմաց այս նավահանգիստը կորցնելու ծրագիրը կար: Ոտքի տակ է գնացել Քեսաբը, Թուրքիան ի միջի այլոց լուծել է նաեւ իր հիմնական նպատակներից մեկը` էթնիկական զտումի է ենթարկել Սիրիան, տարածքը ազատել հայերից, քրդերից, քրիստոնյաներից: Մեկ այլ կռվի, շատ մեծ կռվի զոհ է գնացել Քեսաբը: Դրա համար մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել: Շատ կարեւոր մի հարց, որ ուզում եմ ասել, անցած երկու տարվա ընթացքում, սիրիահայությունը ունեցել է մեկ քաղաքականություն: Մի քաղաքականություն, որ եղել է Սիրիայի կողքին, եղել է Սիրիայի անկախության կողքին, եղել է Սիրիայի զարգացման երաշխիքների կողքին, բայց դեմ է եղել եղբայրասպան կռվին, դեմ է եղել ներքին առճակատմանը, արտաքին միջամտությանը եւ իրեն այս պատերազմի մեջ կողմ չի համարել, եւ ոչ մի ձեւով մասնակից չի դարձել այս պատերազմին, ի նպաստ մեկի՝ ընդդեմ մյուսի: Եվ այս քաղաքականությունը արդյունք է տվել, արդյունք` այն առումով, որ վերջապես այս երկու տարվա ընթացքում, սիրիահայությունը իբրեւ հայություն, թիրախ չի դարձել: Ճիշտ է սիրիահայությունը շատ է վնասվել, բայց վնասվել են իբրեւ սիրիայի քաղաքակցիներ, ոչ թե իբրեւ սիրիահայեր, իբրեւ հայություն՝ առանձնաբար: Մենք միշտ պետք է գիտակցենք, որ այս քաղաքականությունը պետք է կարողանանք շարունակական դարձնել: Այսինք Սիրիայի մեջ կռիվը մեր կռիվը չի: Պետք չի, որ մենք այդ կռվին կողմ լինենք՝ ոչ այս եւ ոչ էլ այն կողմից: Սա է, որ մենք պետք է գիտակցենք եւ հասկանանք եւ սիրիահայությունից էլ համապատասխան ակնկալիք ունենանք: Որովհետեւ այդքան ասում ենք քեսաբահայություն, այնինչ խոսքը մոտ երեք հարյուր ընտանիքի մասին է, երեք հազար՝ հիմնականում ծերացած հասարակության մասին, որովհետեւ երիտասարդությունը տարիներ ընթացքում միշտ աշխատանքի փնտրտուքով գտնվել է Սիրիայից դուրս: Մենք պետք չունենք ոգեւորվելու, անիմաստ հայտարարություններ անելու, անիմաստ կտրուկ շարժումներ անելու, այլ պետք է հասկանանք, որ սա մեր կռիվը չի: Այս կռվից վնասվում է Սիրիան եւ Սիրիայի բնակչությունն ընդհանրապես, որոնց շարքում նաեւ մենք: Սա այն կռիվը չէ, որին մենք իբրեւ համայնք լինենք կողմ եւ մասնակից: Սա մենք բոլորս պետք է գիտակցենք եւ մեր քայլերի ու հայտարարությունների մեջ ունենանք այն զգուշավորությունը, որ ավելորդ անզգուշություններ չդրսեւորենք, որի գինը կարող է վճարել սիրիահայությունը:
-Արդյո՞ք, այն ինչ տեղի է ունեցել Քեսաբում եւ Լաթաքիայում, ավելի շատ եւ ավելի շուտ պայմանավորված է նրա դիրքով, ռազմավարական նշանակությամբ եւ ոչ թե այլ խնդիրներով, ասենք Հայաստանում դոմինանտ է այն տեսակետը, որ սա Թուրքիայի հակահայ քաղաքականության հետեւանքով է տեղի ունեցել:
– Ինչ-որ Թուրքիայի մասին ասում են, ես կողմնակից եմ եւ մենք պետք է այդ ուղղությամբ իսկապես հիմնավորված աշխատանք տանենք: Բայց ինձ թվում է, որ Քեսաբը եղել է Հյուսիսային շրջանի համեմատաբար խաղաղ վիճակի մեջ գտնվող Սիրիայի դարպասը: Այդ դարպասի հետ ինչպես են վարվել, նաեւ փորձել են էթնիկական զտումի ենթարկել շրջանը: Ճիշտ դրա համար, մենք երկու բանում պետք է պահանջատեր լինենք` մեկ պահանջատեր պետք է լինենք աշխարհով մեկ Թուրքիայից, որ ապահովի սահմանի անվտանգությունը, եւ հետ կանչի զորքերը, պահանջատեր պետք է լինենք Սիրիայի պետությունից, որովհետեւ Սիրիայի պետությունը իր քաղաքացիների անվտանգության պատասխանատուն է: Պետք է ակնկալել Քեսաբի ազատագրումը Սիրիայի իշխանությունից: Եվ անիմաստ է այս հարցով այլ ակնկալիք ունենալ քեսաբցիներից, կամ փորձել հերոսի կեցվածք ընդունել: Քեսաբի հարցը այնպիսի հարց էր, որ ունեցավ մեծ միջազգային արձագանք:
–Միջազգային արձագանքը ինչ ազդեցություն ունեցավ:
Միջազգային մեծ արձագանքը կարող է պատճառ դառնալ, որ շահագրգռված կողմը, որն այս անգամ կարծեմ Սիրիայի պետությունն է, ցանկանա, որ հայկական գործոնը անընդհատ դերակատար մնա այդ հակադրության մեջ, որովհետեւ իրենք տեսան, որ երբ հարվածեցին Քեսաբին, իբրեւ զուտ հայկական տարածքի, այն ունեցավ մեծ միջազգային արձագանք: Ինչ-որ անցած մեկ ու կես տարվա ընթացքում, ոչ մի շրջանի ավերածությունն ու անմարդաբնակ դառնալը չէր ունեցել: Ուրեմն կա շահագրգռված կողմ մեզ ներքաշելու մի կռվի մեջ, որը մեր կռիվը չի: Մենք պետք է կարողանանք սա հասկանալ: Եվ պետք է հասկանանք, որ մի գործ, որ պետք է անի սիրիական պետությունը, պետք է անի ինքը:
Սիրիական պետությունը պետք է ազատագրի թե Քեսաբը, եւ թե ապահովի քեսաբցիների ժամանակավոր կեցությունը եւ հոգսերի բավարարումը: Մենք կողքից կոգնենք քեսաբցիներին, մենք կօգնենք, որ այդ ժամանակավոր կեցությունը ավելի հեշտ լինի, ավելի դյուրին լինի, ավելի տանելի լինի, ավելի մարդկային լինի: Այո, կանենք դա: Բայց մենք պետք է ակնկալիք ունենանք սիրիական պետությունից, որ հայության համար անվտանգության երաշխիք ստեղծի:
–Այսինք, հայկական գործոնը բուն իրադարձության ժամանակ չուներ կամ այնքան էլ կարեւորություն չուներ, որքան իրադարձություններից հետո այս ամբողջ տեղեկատվական շրջապտույտի մեջ:
-Այո, դա է իրականությունը, բոլորը շահագրգռված են այդ գործոնը օգտագործել: Մենք պետք է այդ գործոնը ակտիվ պահենք, Թուրքիայի վրա ճնշում գործադրենք , որ զորքերը հետ քաշի Քեսաբից, որ սահմանը ապահովի: Այդ գործոնը պետք է մնա ակտիվ եւ լինի դերակատար: Սակայն պետք է զգուշանանք, որ այդ գործոնը չծառայի այլ նպատակի: Մեր հիմնական նպատակը` Քեսաբն է, Քեսաբի վերականգնումը եւ ժողովրդի վերադարձը` Քեսաբ: Քեսաբցիները պետք է ապրեն այդ միջավայրում, հարեւանությամբ` մուսուլման՝ թուրքմեն ժողովրդի:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այս ողջ միջազգային արձագանքին.Պաշտոնական հաշտարարություններ պաշտոնական Վաշինգտոնից, պաշտոնական Մոսկվայից եւ այլ տեղերից:
– Ես կարծում եմ, դա հայկական գործոնի դերակատարության արդյունքն է՝ մեր ուժի ցուցադրումը: Դա վկայում է այն փաստի մասին, որ հայությունը կարողանում է ստեղծել միջազգային մթնոլորտ` քարոզչական, տեղեկատվական մթնոլորտ, որն անշուշտ դրական է: Բայց անպայման չի, որ ցանկացած ակտիվություն, այլոց ակտիվություն` ի նպաստ հայ ժողովրդի է: Մենք պետք է կարողանանք այս մթնոլորտը օգտագործել, հիմնական հարցը լուծելու` Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու, որ դադարեցնի օժանդակությունը ու հետ քաշի զորքը եւ սահմանի վրա ապահովության երաշխիք ստեղծի: Որպեսզի հնարավոր լինի Քեսաբը վերականգնել եւ քեսաբցիներին վերադարձնել իրենց բնօրրանը:
-Ինչպես եք վերաբերվում միջազգայի մամուլի արձագանքներն` հաճախ լինում են չճշտված տեղեկատվություն, ապատեղեկատվություն:
-Ապատեղեկատվությունը երկու պատճառ ունի` նախ անտեղյակությունը, սակայն ապատեղեկատվության մեջ մեկ բաժին կա, որ կազմակերպված է /նկարների ցուցադրում, բռնաբարված աղջիկներ, եռագույն հագած զինյալներ, որ գնում են Քեսաբն ազատագրելու/, սա էլ մյուս պատճառն է, երբ իրենք ուզում են հայկական գործոնը առճակատման կողմ ցույց տալ այս պայքարում, սրանով իրենք այլ նպատակ պետք է հաջողեցնեն: Այստեղ է, որ մենք իրենց ջրաղացին ջուր չպետք է լցնենք:
-Իսկ Հայաստանի արձագանքը, լինի դա պետական մակարդակով` կառավարական , խորհրդարանական եւ կամ հանրային:
-Կարծում եմ դրական է եւ բնական: Ճիշտ է, այստեղ էլ կար որոշ անտեղյակություն, որը պատճառ դարձավ քայլերի, որոնք եթե չարվեին եւ կամ չունենանային հրապարակային արձագանք ավելի ճիշտ կլիներ, բայց ընդհանուր առմամբ միտումը եղել է դրական, եղել է ազգային, եւ համապատասխան:
– Հայաստանում նաեւ կոչեր հնչեցին, հավաքվել, զինվորագրվել, գնալ, պայքարել, կռվել:
-Դա գալիս է նրանից, որ մարդիկ չգիտենք ինչի մասին են խոսում: Բայց մոտեցումն ազնիվ է, ուզում են մի բան արած լինել, բայց չիմանալով մի քիչ ավելին են ցանկանում, քան կարելի է: Սա միջպետական պատերազմ է միջերկրական ծովի ափին: Գնալ դրան մասնակցել, կարծում եմ, որ մի քիչ երեւակայությունից էլ դուրս է: Թեեւ միտումը կարծում եմ ազնիվ է:
-Ինչ է Քեսաբը ոչ միայն սիրիահայության, քեսաբահայության, այլ ընդհանրապես հայության համար, որն է նրա կարեւոր առանձնահատկությունը:
-Կիլիկիայի թագավորությունից հետո երկու հայաբնակ օջախներ էին մնացել` Քեսաբը եւ Մուսա լեռը: Այս առումով խորհրդանշական էին, լինելով սիրիական հող , միաժամանակ մեզ համար հարազատ հայրենի հող էին: Նրանց պատմությունը այնքան հին է, այնքան է հետ գնում, որ մի քիչ դժվար է զանազանել կամ նույնացնել այլ տարածքների, Սփյուռքի այլ գաղթօջախների հետ: Նրանք ինչ-որ առումով հայկական էին: Երկար դարերի ընթացքում մշակույթ է կերտվել, սերունդներ դաստիարակվել, նրանք մարդուժով մատակարարել են Սփյուռքի շատ ու շատ օջախներ, շատ ու շատ հաստատություններ: Քեսաբցիների գործոնը հայկական իրականության մեջ աննկատ գործոն չի, մեծ գործոն է: Վեհափառ ենք ունեցել, գիտնականներ, մարդուժ, որ մեր, հայ ժողովրդի կապիտալին են մաս կազմում, բավական մեծ տոկոս են կազմում:
-Դուք անցյալ ժամանակով եք արդեն խոսում:
-Անցյալը Մուսա Լեռին էր վերաբերում, որովհետեւ այնտեղ հիմա մի քանի հայ ընտանիք կա: Բուն մուսալեռցիք տեղափոխվել են Լիբանանի Այնճար գյուղ:
-Որն է ելքը Քեսաբին այս վիճակից դուրս բերելու:
-Առաջին հերթին պետք է կարելի դարձնել քեսաբցիների ժամանակավոր կեցությունը Քեսաբի մոտ` Լաթաքիայում: Դրա համար համահայկական ուժերը պետք է մոբիլիզացնել: Առանց այդ ժողովրդի Քեսաբի վերականգնումը անիմաստ է: Սա առաջին ամենակարեւոր հարցն է: Երկրորդը` քարոզչությամբ, ցուցական աշխատանքով: Պետք է կարողանալ միջազգային ճնշում ապահովել Թուրքիայի վրա: Թուրքիան այս հարցում ունի բանալի դերակատարություն: Եվ երրորդ. մեր հարաբերական աշխատանքով պետք է կարողանանք սիրիական պետությանը ներկայացնել մեր ակնկալիքները` որ սահմանը ապահով լինի, Քեսաբն ազատագրված, եւ ժողովուրդն իր հետագա կեցությունը պետք է կարելի դարձնի Քեսաբում:
-Ձեր թվարկած երեք ուղղություններով, ներկա վիճակում ինչ մակարդակի , արդյունավետության աշխատանք է կատարվել:
-Միջազգային առումով, կատարվել է մեծ աշխատանք եւ պետք է շարունակվի ցուցական եւ քարոզչական առումով: Քեսաբի ժամանակավոր կեցության առումով, կարծում եմ, որ անմիջական անհրաժեշտն արված է: Բայց եթե այդ ժամանակն ավելի երկարի, լուրջ աշխատանք է պետք տանել: Իսկ սիրիական պետության ուղղությամբ, կարծում եմ մենք ճանապարհի սկզբում ենք:
-Պարոն Մարգարյան մեր այսօրվա թեման Քեսաբն էր, բայց հաշվի առնելով այն իրողություններին, որ Հայաստանում այսօր կատարվում են, չենք կարող չանդրադառնալ: Վերջին իրադարձությունները` վարչապետի հրաժարական, խորհրդակցություններ, նոր կառավարության ձեւավորում: ՀՅԴ-ն այս ամենին ինչպես է վերաբերվում, ինչ մասնակցություն ունի, եւ ինչ է տեսնում:
-Չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ, բայց ուզում եմ ասել՝ հայկական իրականության մեջ, վերջին շրջանում, տիրում էր համատարած հուսահատական մթնոլորտ: Լավ կյանքի հանդեպ ունեցած հույսը, կարծես, վերացել է երկրում: Մարդիկ մտածում են արտագաղթի եւ ծայրահեղ քայլերի մասին: Վարչապետի ուշացած հրաժարականը տալիս է հնարավորություն, ժողովրդի համար հույսի նշույլ ստեղծել: Մենք կարող ենք թունելի վերջում մի լույս ցույց տալ: Եթե կարողանանք, որ այս մասը գործի` նոր վարչապետ, նոր կառավարություն, կառավարության նոր ծրագիր` կկարողանանք լավ լուծումների հանգել: Ոչ թե միայն մարդը փոխենք, այլ փոխենք նաեւ քաղաքականությունը, փոխենք մոտեցումը եւ կարողանանք այդ հույսը ներշնչել մեր ժողովրդին: Ես կարծում եմ կուտակայինի հարցով Սահմանադրական Դատարանի որոշումը, վարչապետի ուշացած հրաժարականը կարող են դառնալ այդ հույսը եւ այս մասում է պետք գործը չփչացնել, ամրապնդել այդ հույսը: Ժողովուրդը պետք է տեսնի, որ սկսվում է մի գործընթաց, որը դրական ուղղությամբ է գնում: Շատերը կարող են ինձ երեւակայող համարել, մտածել, որ նման հույս ունենալը լավ բանի մասին չի խոսում: Ես այդպես չեմ մտածում` այն ինչ տեղի է ունենում, ինչ կա այս երկրում կուտակված, այնքան մեծ է, որ պետք է սթափեցնի երկրի իշխանություններին եւ պատճառ դառնա լուրջ վերանայումների:
ՀՅԴ Մամլո Դիվան