Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Քերրի․ «Զարգացումները Ուկրաինայի արևելքում ինքնաբուխ չեն»․ «Ազատություն»

Ապրիլ 08,2014 20:52

Երկուշաբթի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Մոսկվան թանկ կվճարի Ուկրաինայում իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու փորձերի համար։

Քերրիի փոխանցմամբ, «Ուկրաինայի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներն ինքնաբուխ շարժման տպավորություն չեն թողնում»։

Պետքարտուղարը քիչ առաջ հայտարարել է, թե Ռուսաստանը գործակալներ է ուղարկել Ուկրաինայի արևելք՝ այնտեղ քաոս առաջացնելու համար։ Քերրիի խոսքերով, Ռուսաստանն այդ գործողություններով կարող է առիթ ստեղծել ռազմական ներխուժման համար, ինչպես Ղրիմի դեպքում էր։

Սպիտակ տունն էլ անդրադարձել է Ուկրաինայի խնդրին։

«Մենք տեսնում ենք պետական շենքեր գրավող ռուսամետ ցուցարարների Խարկովում, Դոնեցկում և Լուգանսկում, կան հստակ ապացույցներ, որոնք վկայում են, որ Մոսկվային սատարող այդ մարդկանցից մի քանիսը տեղացիներ չեն և իրենց ակտիվության դիմաց վարձատրվում են»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին։

Ռուսաստանի արտգործնախարարությունն այդ մեղադրանքներին արձագանքել է, թե «բավ է ուկրաինական դեպքերի առիթով ամեն անգամ մատնացույց անել Մոսկվան»։

Արտգործնախարար Լավրովն այսօր «Գարդիանում» հրապարակել է հոդված, որում պնդում է, թե իրականում Ռուսաստանը միշտ սատարել է Ուկրաինային, մինչդեռ Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում խախտել է հավասարակշռությունը՝ թե անընդհատ ընդարձակելով ՆԱՏՕ-ն, թե առաջ տանելով Արևելյան գործընկերության ծրագիրը։

Ղրիմի հարցում էլ, ըստ Լավրովի, Արևմուտքը երկակի չափանիշներով է առաջնորդվում։ Լավրովի պնդմամբ, Ուկրաինան պետք է դառնա ֆեդերատիվ երկիր, որը կպարտավորվի չմիանալ ռազմական դաշինքներին։

Այսօր էլ Լավրովը Մոսկվայում ասել է, թե Ուկրաինայի հարցում փորձելով մեղադրել Ռուսաստանին, ամերիկացիները, երևի, վիճակը գնահատելիս` իրենց սովորություններն են վերագրում ուրիշներին։

Ռուսամետ ցուցարարները Խարկովում, Լուգանսկում և Դոնեցկում ապրիլի 6-ին պետական հիմնարկների մի շարք շենքեր են գրավել և ցանկանում են անցկացնել հանրաքվեներ, որոնց ներկայացնելու են Ռուսաստանին միանալու հարցը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն ասել է, որ Խարկովում իրականացվում է հակաահաբեկչական գործողություն, ձերբակալվել են մոտ 70 անջատողականներ, ովքեր նախօրեին գրավել են շրջանային վարչակազմի շենքը։

«Խարկովում անկարգությունների երրորդ օրն է, դրանք կազմակերպել և ֆինանսավորել է Պուտինի և Յանուկովիչի խումբը, մենք ունենք ապացույցներ, որոնք հարկ եղած ժամանակ կհրապարակենք»,- ասել է Ավակովը։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930