«Հայաստանում պետական գնումներում ակնհայտ կերպով ավելացել է ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցության ակտիվությունը. ռիսկային է համարվում այն, որ ոչ ռեզիդենտները մրցույթներում ստանում են շահեկան դիրք»,-այս մասին նշված է Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2013 թվականի տարեկան հաշվետվության ոչ ռեզիդենտ եւ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների մասնակցությամբ կազմակերպված գնումներին վերաբերող բաժնում:
Ըստ ՎՊ-ի, օֆշորային գոտիներում գրանցված եւ ոչ ռեզիդենտ ընկերություններն, ի տարբերություն ՀՀ-ում գրանցված ընկերությունների, բավական շահեկան վիճակում են, քանի որ Հայաստանում պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմինները տվյալ գնման դեպքում չեն կարողանում լիարժեք վերահսկողություն իրականացնել:
Այս խնդիրը հաստատելու համար Վերահսկիչ պալատը օրինակ է բերել արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից կազմակերպված գնումները: Ըստ այդմ`շինանյութի, hանդերձանքի, կենցաղային սարքավորումների, տնտեսական, սանիտարահիգիենիկ, լվացող միջոցների գնման ընթացակարգերին մասնակցել եւ հաղթող են ճանաչվել «Տիսա» ՓԲ եւ «Ավանգարդ» ՍՊ ոչ ռեզիդենտ ընկերությունները, որոնց հետ կնքվել են 127,619.6 հազ. դրամի պայմանագրեր:
ՎՊ-ն նշել է, որ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման, գանձման եւ ՀՀ պետական բյուջե փոխանցման պարտավորությունը, որպես հարկային գործակալի, նշված դեպքում քրեակատարողական ծառայությանն է, որը չի ապահովվել, արդյունքում համապատասխան չափով նվազել են ՀՀ պետական բյուջեի մուտքերը:
Վերահսկիչը նաեւ բացահայտել է, որ տեղական ընկերություններն «արհեստական ճանապարհով» ոչ ռեզիդենտ ընկերություններ են ստեղծում եւ դրանցով մասնակցում պետգնումներին: «Որեւէ մրցույթով հետաքրքրված տեղական ընկերությունը միտումնավոր ստեղծում է որևէ ոչ ռեզիդենտ ընկերություն կամ կապ է հաստատում համանման ընկերության հետ, որպեսզի շահեկան դիրք գրավելու արդյունքում կարողանա հաղթող ճանաչվել մրցույթում եւ կնքել պայմանագիր: Արդյունքում, որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձեւական, գումարները փոխանցվում են հանրապետությունից դուրս: Նվազում է նաեւ վերահսկելիությունը»,-նշված է ՎՊ-ի հաշվետվության մեջ:
Վերահսկիչ պալատի բերված օրինակով` 2012 թվականին տոհմային երինջներ մատակարարելու համար 2011 թվականի դեկտեմբերի 19-ին գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ եւ Ա/Ձ Սամվել Ամիրխանյան կոնսորցիումի հետ. ընկերությունը երինջները ձեռք է բերել Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերությունից, որը ստեղծվել է 2012թ. փետրվարի 29-ին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիրը կնքելուց եւ գումարը փոխանցելուց հետո: Դրա հիմնադիրը հանդիսանում է Էդիկ Ամիրխանյանը, ով կոնսորցիումի մասնակիցներից «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռադիկ Ամիրխանյանի եւ Չեխիայում գրանցված Ա/Ձ Սամվել Ամիրխանյանի եղբայրն է:
«Մատակարարված երինջների մաքսային հայտարարագրերի համաձայն, 1 երինջի մաքսային արժեքը կազմել է 1,371,195 դրամ (ընդամենը 287,950.9 հազ. դրամ` 210 երինիջի համար) այն դեպքում, երբ պայմանագրի արժեքը եղել է 270,900.0 հազ. դրամ: Հետևաբար` կոնսորցիումը, ըստ ներկայացված փաստաթղթերի, իբրեւ կրել է 17,050.9 հազ. դրամի վնաս»,-գրված է ՎՊ հաշվետվությունում:
Բացի այս, գյուղնախարարությունը, ըստ ՎՊ-ի, 210 երինջներ ձեռք բերելու է համար է պայմանագիր կնքել, բայց նախարարության անունով մաքսազերծվել է 230-ը. այս երինջների գնորդն, ըստ «Agro-Vest Plus s.r.o» չեխական ընկերության հաշիվ-ապրանքագրերի, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է, իսկ որպես վճարող`«ԴԱԽԽԱՆ»ՍՊԸ-ն:
Հայաստանից գումարներ «դուրս հանելու» մեկ այլ օրինակ էլ է ՎՊ-ն հայտնաբերել. հաշվետվության մեջ նշված է, որ Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի եւ ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերման համար Կիպրոսյան «Four Assist Development Consulting Limited» կազմակերպության հետ կնքվել է 704 հազար դոլարի պայմանագիր, եւ գումարը,, բացառությամբ հարկերի, փոխանցվել է Կիպրոս՝ նշված ընկերության հաշվին: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը, պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության մատուցման համար, 288 հազար դոլարով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի- Էյջ -Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ, որը իրականացրել է պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը` որպես ենթամատակարար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ