ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան հայտարարությունը ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Հարգելի գործընկերներ
Այսօր մենք քննարկում ենք Ղրղզստանի խորհրդարանին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը։ Այո, ես կարծում եմ, որ նման կարգավիճակ պիտի տանք Ղրղզստանի խորհրդարանին, եթե նրանք իրապես ցանկանում են առաջնորդվել մեր կառույցի հիմնարար արժեքներով։ Նման կարգավիճակ, հիշեցնեմ, ընդամենը վերջերս մենք տվեցինք չճանաչված պետություն Պաղեստինի խորհրդարանին եւս։ Հիշեցնեմ նաեւ, որ ժամանակին Բյուրոյի գործունեությանն առնչվող մեր իսկ ընդունած զեկույցում մենք միասին որոշեցինք, որ բոլոր այն դեպքերում, երբ մեր Վեհաժողովի օրակարգում կլինի օրինակ, Կոսովոյին առնչվող կոնկրետ հարց, այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են հրավիրված լինել այդ քննարկումներին։ Եւ մենք ողջունեցինք այդ մոտեցումը եւս։ Թե՜ Պաղեստինի խորհրդարանին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալը, թե՜ Կոսովոյի խորհրդարանի հետ սերտ կապեր հաստատելը միանգամայն համահունչ է մեր կառույցի հիմնարար արժեքներին։
Հարգելի խորհրդարան, ես կցանկանայի այսօր, այս խնդիրների համատեքստում, կրկին բարձրացնել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին եւս ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը։ Որեւէ փաստարկված պատճառաբանություն, թե ինչո՞ւ Պաղեստինի խորհրդարանը կարող է ստանալ նման կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության խորհրդարանը՝ ոչ, չկա։ Կամ, երբ մենք ընդունում ենք, որ Կոսովոյին առնչվող հարցերի քննարկման ժամանակ այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները պետք է հրավիրվեն այդ քննարկումներին, ինչո՞ւ ենք խուսափում նույն մոտեցումը կիրառել նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում։ Դա կլիներ իրապես արդար որոշում։ Լեռնային Ղարաբաղի հարցով ինչ-որ անհասկանալի ենթահանձնաժողով ստեղծելու փոխարեն հրավիրեք այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչներին։ Վստահ եմ, նրանց լսելուց հետո որեւէ ենթահանձնաժողովի կարիք հաստատապես չի լինի։
Կարդացեք նաև
Կրկին անգամ հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամովին ստանձնել է ԵԽ բազմաթիվ պարտավորություններ՝ միակողմանի միանալով միջազգային տարբեր կոնվենցիաների՝ հավաստելով իր հավատարմությունը եվրոպական արժեքներին:
Ի վերջո, չկարգավորված հակամարտությունը չպիտի պատճառ դառնա ոտնահարելու Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները։ Խաղաղ ու անվտանգ Եվրոպա, խաղաղ ու անվտանգ աշխարհ ունենալու երաշխիքը ժողովրդավարական արժեքների շուրջ հնարավորինս մեծ թվով երկրների համախմբումն է։ Մինչդեռ, երկակի ստանդարտների կիրառումը կարող է բերել համաեվրոպական արժեքների ճգնաժամի։