Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը՝ ԵԽԽՎ-ում

Ապրիլ 08,2014 18:56

Այս պահին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը շարունակում է աշխատանքները: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարեկան զեկույցը, այնուհետև պատասխանեց ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:

Հայաստանի պատվիրակության անդամ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձի խնդիրը:  Նա մտահոգություն հայտնեց, թե Ադրբեջանում գտնվող հայ  ռազմագերիների կյանքին լուրջ վտանգ է սպառնում, նրանք ենթարկվում են ֆիզիկական և բարոյական բռնությունների, ուստի ի՞նչ է անում Վեհաժողովը այպիսի երևույթները կանխելու և դատապարտելու համար:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը մարտի 5-ին դիմել էր Նիլս Մուժնիկսին՝ խնդրելով իր լիազորությունների շրջանակներում օգնել, որ Հակոբ Ինջիղուլյանը հայրենիք վերադառնա կամ փոխանցվի երրորդ երկրին: Ի պատասխան հայ պատվիրակի բարձրացրած մտահոգության՝ ԵԽ հանձնակատարը նշեց. «Այս հարցերում համագործակցությունը շարունակվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Կարծում եմ ՝ Կարմիր խաչն է այն պատասխանատու և իրավասու մարմինը, որը զբաղվում է այդ հարցերով: Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանն ու ԵԽ մյուս անդամ երկրներն իրենց գործունեությունը պետք է ծավալեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների սահմաններում: Երբ մայիսին գտնվում էի Ադրբեջանում, այնտեղ քննարկումներ ունեցել եմ այս հարցերի շրջանակներում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930