Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Քամալյանի, Գեւորգ Սոսյանի եւ Աշոտ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլն էր:
Գոռ Քամալյանը լինելով, Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, մեղադրվում է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում կապալային աշխատանքների կատարման և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների պետական գնման պայմանագրերի ընթացքի եւ որակի նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:
Նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը միջնորդեց, որպեսզի Գոռ Քամալյանի նկատմամբ կայացվի արդարացման դատավճիռ: Մեղադրողն առաջարկել էր 6 տարվա ազատազրկում:
Կարդացեք նաև
Պաշտպանն անդրադարձավ առաջադրված մեղադրանքին, մասնավորապես, թե իր պաշտպանյալը «շուրջ 3 տարի անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, որն արտահայտվել է նրանում, որ նա առանց իր կողմից ղեկավարած ստորաբաժանման միջոցով Հայաստանի ազգային գրադարանում իրականացված հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և իր ու իր աշխատակիցների միջոցով կատարված աշխատանքների արդյունքների մեջ հավաստիանալու, դրանցում առկա հնարավոր թերությունները քողարկելու և իր կողմից ղեկավարած ստորաբաժանման և իր կողմից վերահսկվող շինարարական օբյեկտներում կատարված աշխատանքներն անթերի ներկայացնելու շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականություններր չկատարելով դրական եզրակացություններ է տվել 28. 385. 280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ»:
Ըստ մեղադրանքի, ծանր հետեւանքը «Հիդրոշինարար-5» ԲԲ րնկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներն են եղել։
Ա.Սիրունյանն այս կապակցությամբ ասաց.«Ես հասկանում եմ , որ չինովնիկ եք ուզում դատել: Բայց այս գործով չկա չինովնիկ: Քաղաքաշինության տեսուչին ոնց են բաց թողել, մասնավոր տեսուչին ինչո՞ւ չեք դատում: Որեւէ մեկին մի դատեք: Անմեղին մի դատեք»,-ասաց նա, որը նաեւ հավելեց, թե «տուժողն» այս գործով քննիչն է:
Ա.Սիրունյանն անդրադարձավ փորձագիտական եզրակացությանը, փորձագետներին: Այս գործով փորձագետներից Ադամյանը սանտեխնիկ էր, ոմն Խաչատրյանը՝ շինարար, որոնք որպես ապրանքագետ գնահատել են շինարարության ժամանակ հասցվված վնասի չափը:
Մասիսի դպրոցի ապրանքագետ-փորձագետը նախագծող էր, իսկ Մարաշին դպրոցն ապրանքագետ-փորձագետ չի եղել:
«Ամոթ չի, այս ձեւո՞վ եք ուզում դատել: Ինչից պիտի գուշակենք, որ նրանք գիշերային ակումբից չեն»,-հարցրեց Ա.Սիրունյանը:
Գեւորգ Սոսյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն էլ ասաց, որ այս գործը քաղաքացիական էր, ոչ քրեական:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ