ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում բավականին գովել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարողությունները եւ վստահեցրել, որ նա ընդունելի թեկնածու է քաղաքական բոլոր ուժերի համար:
Նա ասել է, թե Հովիկ Աբրահամյանը պրոֆեսիոնալ չինովնիկ է, որ ամենալարված իրավիճակներում հնարավորինս լուծումներ է կարողանում գտնել եւ այդ տեսակետից նրա արժանիքները բավարար են:
Aravot.am-ը ընդդիմադիրներից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս Հովիկ Աբրահամյանն իրենց համար վարչապետի պաշտոնում ընդունելի թեկնածու է:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ոչ դրական, ոչ բացասական պատասխան չտվեց: Նա միայն վստահեցրեց. «Մեր խմբակցության օրակարգում չկա ո՛չ մեր կողմից, ոչ էլ որեւէ քաղաքական ուժի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուի հարց»:
Կարդացեք նաև
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք էլ դեռ վարչապետի հարց չեն քննարկել. «Քննարկումներ դեռ պետք է լինեն այդ հարցով: Մենք մեր մոտեցումները կշարադրենք եւ դրանց արձագանքից կախված կլինի մեր դիրքորոշումը»:
Այնուամենայնիվ, թե ինչքանո՞վ է ընդունելի իրենց համար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք անձերի հարց չենք քննարկում, քննարկում ենք ծրագրային դրույթներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Համոզված եմ, որ նշված անձը զուրկ է որևիցէ պրոֆեսիոնալ հատկանիշից` բացառությամբ, խնամի-ծանոթ-բաչեկամական, քավոր-սաներական կլանային ոլորտից: