Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: ԱԽ քարտուղարների առանձնազրույցից հետո երկու երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարները զեկուցել են Ա.Բաղդասարյանին և Ն.Պատրուշևին իրենց միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները: Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ:
Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը աջակցության և խնդրի կարգավորման համար:
Որոշում է կայացվել շարունակել ՌԴ և ՀՀ անվտանգության խորհուրդների աշխատակազմերի համակարգմամբ ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը` առկա և առաջացող խնդիրների կանոնակարգման ուղղությամբ:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել է Ն.Պատրուշևի 2013թ. հունիսին Հայաստան կատարած այցի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերի կատարման ընթացքը: Կայացած քննարկման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց հայ-ռուսական համագործակցությանը ռազմատեխնիկական, խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտման և օգտագործման, հայ-ռուսական հումանիտար և պետական ռեզերվների համատեղ կենտրոնների ստեղծման և մի շարք այլ ուղղություններին վերաբերող հարցերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսության մի շարք ճյուղերում ռազմավարական ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ընթացքում ստորագրվեցին.
– ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպման արդյունքներով արձանագրությունը,
– ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև 2014-2015թթ. համագործակցության պլանը,
– ՀՀ և ՌԴ միջև միգրացիայի ոլորտում հետագա համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ հուշագիրը: