«Սահմանադրական դատարանը (ՍԴ) պատասխանատու է իր վճիռների համար, իսկ այն մեկնաբանությունները, որոնցով հանդես է գալիս եթերում և այլ հարթակներում, դրանց համար օրենքով պատասխանատու չէ, որովհետև հարցազրույցներ, մեկնաբանություններ տալը նրա գործառույթը չէ: Ի վերջո, դրանք ի՞նչ են: Զրույց: Նրանք կարող էին իրենց խոհանոցում էլ, իրենց ընկերների հետ էլ զրուցել: Իրենց կարծիքն են ասում, էլի: Դե մենք էլ հասկանում ենք, որ լուրջ մարդիկ չեն, ու իրենց կարծիքը կարող է տասը րոպեն մեկ փոխվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը հաջորդած զանազան մեկնաբանություններին: «Մենք շարժվելու ենք Սահմանադրական դատարանի որոշմամբ, այլ ոչ թե մեկնաբանություններով, մանավանդ որ այդ մեկնաբանությունները իրավական ուժ չունեն, իսկ ՍԴ որոշումն ասում է, որ առանց ՀՀ քաղաքացու համաձայնության իրավունք չունենք նրա գույքը, սեփականությունը որևէ ձևով տնօրինելու»,- հավելեց նա:
«Անտարես» հրատարակչության տնօրենն ու Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնախագահ Հայկ Չոբանյանն այսօր հայտարարեցին, որ չեն պատրաստվում իրենց աշխատակիցներից գանձել նրանց աշխատավարձի 5%-ը: «Իսկ եթե ոտնձգություններ լինեն հարկային տեսչության կողմից, ապա առաջարկում եմ գործընկերներիս և մյուս գործարարներին, որ միավորվենք ու մի պատվեր տանք փաստաբանական խմբին, որ նրանք 5-10 հազար ձեռնարկության անունից հանդես գան դատարանում: Չեմ կարծում, որ որևէ դատարան կդիմանա այդքան ճշմարտություն լսելուց հետո»,- ասաց «Անտարես» հրատարակչության տնօրենը:
Հայկ Չոբանյանն էլ հավելեց, որ թեև մինչև սեպտեմբերի 30-ը օրենքը ինչ-որ չափով գործում է, «բայց թեկուզ միայն «պարտադիր» բաղադրիչի անվավեր ճանաչելու հանգամանքը մեզ՝ որպես քաղաքացիների, հնարավորություն է տալիս դա մեզ համար գերակա համարելու: «Եվ ինչո՞ւ ենք մենք այսօր փորձում ինչ-որ ճանապարհներ գտնել: Որպեսզի ապահովենք և´ աշխատողներին, և´ գործատուներին վաղը օրենսդրական խնդիրներ չունենալ, որովհետև մենք այն կարծիքին ենք, որ կան որոշակի խրթին հանգամանքներ, որոնք առաջ են եկել հատկապես հետագա մեկնաբանություններից հետո: Բայց մենք ելնում ենք ՍԴ-ի որոշումից և ոչ թե այդ որոշումից հետո եղած մեկնաբանություններից»,- շեշտեց պարոն Չոբանյանը:
Հարց-դիտարկմանը, որ ՍԴ-ն ոչ միայն հակասահմանադրական չի ճանաչել, այլև չի էլ անդրադարձել այն կետին, որ եթե վճարումներ չկատարվեն, ապա գործատուների համար տույժ ու տուգանք է սահմանվելու, արդյո՞ք դրա արդյունքում նման տույժ ու տուգանքներ են գալու գործատուներին, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե, օրինակ, դուք ճանապարհային երթևեկության խախտում չեք արել, նույնիսկ վարորդ էլ չեք, ու ամեն օր ձեզ տույժ ու տուգանք է գալիս, դա ձեզ հուզո՞ւմ է: Հակասահմանադրական ինչ-որ տույժ ու տուգանք է գալիս, դա որևէ մեկին ինչո՞ւ պիտի հուզի»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ