Այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Արդյոք Հայաստանն ինքնուրո՞ւյն է արտաքին քաղաքական որոշումներում» թեմայի քննարկման ժամանակ խոսք գնաց նաեւ Քեսաբում կատարվածի եւ Ռուսաստանի կողմից դրա վերաբերյալ բարձրաձայնումների մասին:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ռուսական այս քաղաքականությունը համարեց շատ պարզ եւ սովորական: «Ամերիկյան ֆուտբոլում կա այդ հնարքը, շեղում են դրոշով, որ գնդակով մարդը կարողանա փախչի: Ռուսաստանն էլ նույնն է անում: Ունի իմիջի կորուստ, հարձակումներ միջազգային արենայի կողմից՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ: Իհարկե, սարսափելի է այն, ինչ կատարվում է Քեսաբում, բայց Սիրիայում շատ են սարսափելի տեսարանները, ավելի սարսափելիներն էլ են եղել, քան Քեսաբում եղածը, թող ներեն ինձ այն դժբախտ անօթեւանները, որ հիմա նստած են Լաթաքիայի եկեղեցու բակում,- ասաց պարոն Իսկանդարյանը եւ ավելացրեց,-
Սիրիան Ռուսաստանի առաջին իմիջային հաջողությունն է: Եվ խաղարկում է այն, որպեսզի ուշադրություն շեղի, դա բավականին պարզ է: Չէի ասի, որ շատ լավ է ստացվում, բայց վատ չէ, բավական գրագետ է եւ դա շարունակվում է տարածվել»:
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նույնպես այն կարծիքին է, որ Ռուսաստանը «սրտացավություն» չի ցուցաբերում, ու նրա արձագանքները ամենեւին քեսաբահայերի նկատմամբ մտահոգություն չեն, դրանք միջազգային շահեր են: Ըստ նրա՝ մեր սխալը արտաքին մանիպուլյացիաներին զոհ դառնալն էր, մեզ համար խոցելի թեմայի մասին ցանկացած մանիպուլյացիային արձագանքելը կարող է խնդիր դառնալ:
Կարդացեք նաև
«Փորձեր արվեցին Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները նմանեցնել ցեղասպանության հետ եւ ցեղասպանության կոչեր արվեցին, բայց այդպես անելով թուլացնում են Հայոց ցեղասպանության փաստը»,- ասաց նա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ