Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. «Եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընտրվի, դա կլինի հսկայական հետքայլ Հայաստանի ժողովրդավարացման համար»

Ապրիլ 08,2014 16:55

«Մեդիա» կենտրոնում կազմակերպված՝ «Արդյոք Հայաստանն ինքնուրո՞ւյն է արտաքին քաղաքական որոշումներում» թեմայի քննարկման ժամանակ քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձան նաեւ այն թեմային, թե արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնանկության եւ այլ վարչապետ նշանակելու հարցում Ռուսաստանի կողմից արտաքին ճնշումներ կան՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջերս պաշտոնանկ արվեցին ԱՊՀ այլ երկրների՝ Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետերը եւս, եւ նրանց պաշտոնանկության հարցը եւս դիտարկվում է որպես ճնշում Պուտինի կողմից:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանն այս առթիվ ասաց. «Ես, կարող է, փոքրամասնություն լինեմ Հայաստանում, բայց կարծում եմ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի առումով Ռուսաստանը ոչ մի միջամտություն չի ունեցել, դա մի որոշում է, որ ընդունվել է երկու սեկցիաների կողմից՝ նախագահի եւ վարչապետի»: Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանին հեռացնելը երբեք էլ բարդ գործընթաց չի եղել, նրան փոխարինելն էր մարտահրավեր, որին պետք է անդրադառնալ:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն էլ տարակուսեց, արդյոք Ռուսաստանը հետաքրքրվա՞ծ է, օրինակ՝ Ղրղզստանի եւ Ղազախստանի ներքին քաղաքականությամբ եւ հասկանու՞մ է նրա ներքին տրամաբանությունը. «Ես չեմ կարող ասել,- ասում է նա եւ ավելացնում,- Պուտինը դժվար թե զանգի ԱՊՀ երկրների նախագահներին եւ դիմի, որ փոխեն ինչ-որ պետական ապարատի տեխնիկական ծառայողների, ինչպես օրինակ վարչապետին , իհարկե այստեղ տրամաբանությունը լրիվ այլ է: Եվ ինչ կատարվում է Հայաստանի ներքին քաղաքականության մեջ, դա բացառապես ներքին գործեր են, եւ որեւէ կարիք Պուտինի կողմից չկա, փոխելու վարչապետ, նախարարներ եւ գյուղապետեր»:

Դիտարկմանը, թե փոփոխություն կլինի՞ հայաստանյան ներքին կյանքում վարչապետի նշանակմամբ, պարոն Իսկանդարյանը պատասխանեց. «Չի կարելի ասել, որ որեւէ փոփոխություն չի լինի, կլինի նոր մարդ, կլինեն նոր մարդիկ: Մյուս կողմից, իհարկե կուրսը կմնա նույնը, իհարկե կուրսը որոշվում է նախագահի աշխատասենյակում: Հեղափոխական փոփոխություններ չեն լինի»:

Ռիչարդ Կիրակոսյանը դեռեւս «ուժեղ վարչապետի» չի տեսնում. նա մատնանշեց, որ վարչապետի պաշտոնը կարեւոր է նաեւ նախագահական ընտրությունների նախապատրաստման առումով եւ դրա վրա պետք է ուշադրություն դարձնել:

Վարչապետի հավանական պաշտոնում շրջանառվում է նաեւ Հովիկ Աբրահամյանի անունը, որի նշանակման դեպքում մտավախություն կա, թե օլիգարխիան բարենպաստ դիրքերում կհայտնվի, այն դեպքում, երբ նախագահն ինքն է նշել, որ պետք է բիզնես դաշտն ու քաղաքականը տարանջատել: Այսպիսի ընտրության մասին քննարկման բանախոսներից Ռիչարդ Կիրակոսյանն ասաց. «Եթե վարչապետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընտրվի, դա կլինի հսկայական հետքայլ Հայաստանի ժողովրդավարացման համար»:

Իսկ Ալեքսանդր Իսկանդարյանը չբացառեց, որ լրատվամիջոցներով շրջանառվող անուններից մեկը կլինի վարչապետ՝ պատահականության սկզբունքով, սակայն ում անունն էլ հնչի վարչապետի պաշտոնի համար, օլիգարխիայի ազդեցությունը չի նվազելու, այն եղել է, կա եւ կլինի եւ դրա ազդեցությունը փոխելը տարիների ջանքեր կպահանջի:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930