Հայաստանի շախմատային ֆեդերացիայի եւ ՖԻԴԵ-ի աշխատակից, ՖԻԴԵ-ի վարպետ Աղասի Ինանցը հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրից գտնվել է Խանտի-Մանսիյսկում եւ հետեւել Լեւոն Արոնյանի ու խաղատախտակների առջեւ ծավալված ընդհանուր պայքարին:
Aravot.am-ի հետ զրույցում երիտասարդ շախմատիստը պատմեց մրցաշարի ընթացքից ստացած իր տպավորությունների մասին:
«Ես Երեւանում զբաղված էի Եվրոպայի առաջնությունով ու դրա ավարտի գիշերը մեկնեցի Խանտի-Մանսիյսկ: Հասա 4-րդ տուրի օրը: Հաճելի էր, որ Արոնյանն այդ օրը հաղթեց՝ միավորներով հավասարվելով առաջատար Վիշվանաթան Անանդին: Դրանից հետո մինչեւ առաջին շրջանի ավարտը Լեւոնն ու Վիշին բաժանում էին առաջին հորիզոնականը: Ութերորդ տուրում նրանք խաղում էին միմյանց հետ: Սպասվում էր լարված խաղ, քանի որ բոլորն էլ գիտեին, որ ուղեգրի համար պայքարն ընթանալու է հենց նրանց միջեւ ու այդ պարտիայում կարող էր որոշվել ապագա հաղթողի ճակատագիրը: Սակայն ակնկալվող պայքարը չստացվեց: Սեւերով խաղացող Անանդը զոհաբերության գնով հավասարեցրեց դրությունը եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Թերեւս, բեկումնային եղավ Արոնյան-Շախրիյար Մամեդյարով երկրորդ պարտիան: Առաջին շրջանում Լեւոնը հաղթել էր ադրբեջանցուն եւ այս անգամ էլ սկզբնախաղից անցավ շատ ակտիվ գործողությունների՝ ցույց տալով, որ տրամադրված է միայն հաղթանակի: Նա զոհաբերեց զինվորներ, հետո՝ նաեւ բացեց ամբողջ խաղը: Բայց մրցակիցը լավ էր պաշտպանվում: Գերագնահատելով դրությունը, որտեղ, հավանաբար, պետք էր ոչ-ոքի անել, Արոնյանը շարունակեց պայքարել հաղթելու համար եւ, ի վերջո, պարտվեց: Իսկ Անանդը հաղթեց Վեսելին Տոպալովին ու կրկին մեկ միավոր առաջ անցավ: Իսկ մինչ այդ, եթե Արոնյանը կարողանար հաղթել Դմիտրի Անդրեյկինին, որում բացահայտ հաղթած դրություն ուներ, մրցաշարն արդեն այլ ընթացք կունենար: Նույն համոզմանն էին բոլոր մասնագետները: Նրանք, անկախ, թե ո՞ր պարտիաներն էին մեկնաբանում, անընդհատ ասում էին, որ Լեւոնն անկասկած այդ պարտիայի մասին է մտածում:
Կարդացեք նաև
Արոնյանը, որ ցանկանում էր անպայման նվաճել ուղեգիրը, պետք է ռիսկի գնար եւ մնացած պարտիաներում անպայման հաղթանակ տաներ: Եվ վերջին երկուսում կրած պարտությունները հենց դրա արդյունքն էին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ