Դոնբասի հանքագործների արհմիության ղեկավար Նիկոլայ Վոլինկոն հայտնել է, որ Դոնեցկի հանքագործները չեն աջակցի անջատողականներին: Փոխանցում է «Նովոստի Դոնբասա» լրատվականը:
«Եթե մտնեք հանքերը, մենք ձեզ կծեծենք: Մարդիկ ուզում են աշխատել ու գումար վաստակել», – ըստ Վոլինկոյի, այսպիսին է եղել պատասխանը, երբ ռուսամետ ցուցարարները փորձել են համոզել հանքագործներին միանալ գործադուլին:
Արհմիության առաջնորդը պնդել է, որ կեղծ լուրեր տարածելով՝ մարդկանց մոտ փորձում են բողոքի տրամադրություններ ստեղծել. «Փսիխոզ, զոմբիացում: Ասում են, թե թոշակները բարձր կլինեն: Որտեղի՞ց: Նրանք հիմա չեն կարողանում Ղրիմի հարցերը լուծել, ուր մնաց Դոնբասն էլ ավելանա», – ասել է նա՝ ավելացնելով, որ անջատողականները մարդկանց իրենց շարքերին միացնելու համար շահարկում են, թե Դոնբասն է կերակրում ամբողջ Ուկրաինային . «Դա սովետական առասպել է: Ո՞ւմ ենք կերակրում, եթե ամբողջ արդյունաբերությունը կանգնած է»:
Վոլինկոն նաև մեղադրել է իրավապահ մարմիններին, որ ցուցարարների գործողությունների վրա աչք են փակում. «Ինչպե՞ս է հնարավոր գրավել Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը: Պատկերացնո՞ւմ եք սովետական տարիներին գրավեին ԿԳԲ-ն: Խանութ գնալու պես»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ