Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քրեական գործում փաստաբան է ներգրավված, խախտումներն ավելի քիչ են լինում. Արթուր Սաքունց

Ապրիլ 08,2014 16:28

Այսօր՝ ապրիլի 8-ին Հելսինկյան քաղաքական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրեց «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում»:

Այդ հետազոտությունը իրականացվել է փաստաբանների կողմից ներկայացված 69 տարբեր քրեական գործերի հիման վրա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ այդ  69 գործերից 52-ում գրանցվել են 177 խախտումներ, որոնք բաժանել են մի քանի խմբի. 83-ը  խախտումներ են քաղաքացուն բերման ենթարկելու ընթացքում, 51-ը՝ ձերբակալության, 28-ը՝ խուզարկության, իսկ 15-ի կատարման ժամկետները հնարավոր չի եղել ճշտել:

Պարոն Սաքունցը ասաց, որ հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ բերման ենթարկման եւ խուզարկության ժամանակ հիմնականում խախտվում է անցկացման կարգը, իսկ ձերբակալության ընթացքում ոչ միայն խախտվում է անցկացման կարգը, այլ նաեւ հարցաքննության կարգը եւ քաղաքացու հանդեպ ցուցաբերող վերաբերմունքը:

«Միջին հաշվով մեկ գործի շրջանակներում կարող եք արձանագրել, որ առնվազն երեք խախտում է լինում: Եթե փաստաբանը ի սկզբանե  ներգրավված է լինում, այդ գործերով խախտումների քիչ են, բայց այնտեղ, որտեղ փաստաբաններ չկան ամեն մի գործի շրջանակում միջինը երեք խախտում անպայման արձանագրվում է: Նույնիսկ մենք գործ ունենք, որտեղ արձանագրված է 11 խախտում»,-ասաց նա:

Արթուր Սաքունցը նշեց, որ մարդու իրավունքների խախտման գերակշիռ մասը բերման ենթարկման ընթացքում է կատարվում. անձի բնակարանի կամ անձնական խուզարկության ընթացքում արգելված առարկայի հայտնաբերման դեպքում անձը բերման է ենթարկում ոստիկանություն՝ առանց որոշման կայացման, երբ որ բերման ենթարկման հիմքերը չեն ներկայացնում: Իսկ խուզարկության 4 դեպքերից 1-ում, պարոն Սաքունցի խոսքերով, քաղաքացուն  չեն տեղեկացնում դատարանի որոշման մասին.

«Չեն տեղեկացնում, թե որտեղի՞ց եւ ինչպե՞ս անձը կարող է ստանալ դատարանի որոշման պատճեն, չնայած խուզարկության դեպքում խուզարկություն կատարող անձին բոլոր իրավունքները պարտավոր են բացատրել, ոչ միայն ցույց տալ դատարանի որոշման պատճենը»:

Արթուր Սաքունցը նշեց, որ ձերբակալության ընթացքում յուրաքանչյուր 2 դեպքից 1-ում ոստիկանության աշխատակիցները պատշաճ հիմքեր չեն ունեցել եւ ձերբակալության մասին չեն տեղեկացնում նրա հարազատներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930