Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր սկսվեց հայր եւ որդի՝ Գեւորգ եւ Էդուարդ Մարտիրոսյանների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ռուսաստանի Դաշնության զինվորական բազայի փոխգնդապետ Գեւորգ Մարտիրոսյանը եւ Ինտելեկտուալ կենտրոնի տնօրեն Էդուարդը մեղադրվում են անցյալ տարվա մարտի 6-ին կրկեսի մոտ տուժող Տիգրան Բաբլոյանի «Մերսեդես» ավտոմեքենան կանգնեցնելու, ուժ գործադրելու միջոցով նրան իրենց «Ջիպ գրանդ չերոկի» ավտոմեքենայի մեջ մտցնելու, բացահայտ առեւանգման, Էրեբունու ոստիկանության բաժին տեղափոխելու համար: Մեղադրանքը պաշտպանող զինվորական կայազորի դատախազ պարոն Գասպարյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ փոխգնդապետի ու նրա որդին մինչ առեւանգելը Ագաթանգեղոս փողոցում իրենց մեքենային հետեւելու պատճառով հարվածել էին ավտոմեքենայով տուժողի մեքենայի ետնամասին եւ նրան պատճառել 650.000 դրամի վնաս:
Ամբաստանյալներն ունեն երեք պաշտպան՝ փաստաբանների պալատի փաստաբաններ Անի Թորոսյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը եւ Հունան Տեր-Վարդանյանը:
Ի դեպ, տուժողը ներկայացուցիչ չունի: Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ ապացույցներից կտրամադրի դեպքի վայրի զննության արձանագրությունը եւ միջնորդեց դրանից հետո լսել տուժողին, վկաներին եւ ապա հետազոտել ապացույցները: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ