Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոդոյին սպասելիս» կամ վարչապետ որոնելիս

Ապրիլ 08,2014 15:25

Որքան հին եւ չարչրկված է «Գոդոյին սպասելիս»-ն ու դրա ենթատեքստը, այնքան հին ու չարչրկված է վարչապետ «որոնելու» մոլուցքն ու վարչապետին «սպասելու» փսիխոզը:

Վերջին քսանհինգ տարիներին, գոնե,  տասներկու այսպիսի փսիխոզով է անցել մեր մազապուրծ հասարակությունը:

Արդեն քսանհինգ տարի՝ Վազգեն Մանուկյանից մինչեւ Տիգրան Սարգսյան, վարչապետերի փոփոխությունը Հայաստանում, ցավոք, միայն ինտրիգների,  վերադասավորումների,  տիրույթների վերաբաժանման, ազդեցության ոլորտների, ժամանակի գործոնի,  սպասումներ ձեւավորելու մթնոլորտի, սեփական թիմային նկրտումների եւ նմանատիպ այլ խնդիրներ է լուծել:

Մի երկու-երեք ամսից ինտրիգները մտնում են բնականոն հուն, վերադասավորումների գործընթացը հարմարավետորեն ավարտվում է, թիմը տեղավորվում է բարեհաջողությամբ, ազդեցության մեկ-երկու ոլորտը ձեռք է բերվում, իսկ սպասումների մթնոլորտի շարունակականությունը մնում է մի քանի փոխնախարարի, մի քանի վարչության պետի, պետի տեղակալի վրա, ու մի քանի նոր վարորդ, նոր գործավարուհի, նոր փորձագետ, նոր փիառշիկ եւ Գոդոն հեռանում է մինչեւ Գոդոյի նոր սպասումը:

Հետո գալիս է «ազգային համաձայնությունների», «համազգային փրկությունների», «համահայկական ելքերի» կառավարություններից փրկվելու հասարակության նոր մազապուրծության ժամանակը, որն «իշխանավոր ընդդիմադիրներն» ու «ընդդիմադիր իշխանավորները» հանճարեղորեն տեղավորում են աշնանը՝ ամռանը սպասելու, ամռանը՝ գարնանը սպասելու, ձմեռն անցկացնելու, գարնան գալու հին տեխնոլոգիաների մեջ:

Շոգերը մոտենում են: «Իշխանավորների» էլ, «ընդդիմադիրների» էլ հոգնած նյարդերը պիտի հանգստանան եվրոպական կամ ռուսական ավազների վրա՝ կողմնորոշման հարց է: Մի քանի հուժկու հանրահավաք աշնանն ու կգա ձմեռը, հետո գարնան սպասումով՝ ապրիլի 24-ն ու հարյուրամյա տարելիցը՝ մեր զուսպ կեցվածքով ու համախմբմամբ, հետո էլի ամառ, հանգիստ ու՝ աշուն, ձմեռ, գարուն…

Իվանիշվիլին (մերը, հայկականը) իշխանության մթության քողի տակ կկառավարի «համազգային ընդդիմությունը»:  «Հրաշալի քառյակի» մի քանի «հրաշալիները» հրաշալիորեն կտարրալուծվեն կառավարության նիստերի դահլիճի օվալաձեւ սրահում՝ զինված նոր հայկական արմթաբերով եւ իշխանություն լինելով կշարունակեն «ընդդիմանալ»:  Մյուսներն օլիգարխիայի հետ «կպայքարեն» օլիգարխիայի դեմ, միտինգի կգնան իշխանական սեւ մեքենաներով ու աշխատավարձով կկառավարեն փողոցը:

Ու էսպես անցնցում ցնցումներով կգնանք դեպի 2017, հետո 2018, ու իշխանություն ընդդիմություն քաղաքականներով կբացեն Մովսեսի միջանցքը հաջորդ նախորդի համար:

Սա ապրիլի 28-ի վճռական ծովածավալը ձախողելու փորձ չէ: Աստված մեկը հարյուր հազար անի: Խուճապի մատնված վարչակազմին խուճապից հանելու փորձ չէ: Աստված խուճապը խուճապահարության բերի: Ուղղակի դիմակահանդեսում միայն դիմակովներով են լինում, իսկ «լայն փակված աչքերով»-ի ժամանակ՝ առավել եւս:

Համակարգային փոփոխությունների, կառավարման համակարգերի փոփոխությունների, քաղաքական համակարգերի փոփոխությունների գնալը վարչապետերի կողմից, հղի է հոկտեմբերի 27-ով:

Կմնա՞ Հայաստանը մինչեւ 2017 կամ 2018: Կմնա, անշուշտ: Երեք միլիոնո՞վ կմնա, թե՝ երեք հարյուր հազարով կամ երեսուն հազարով, ոմանց համար կարեւոր չէ: Աստված պահպանի Պուտինին, Օբամային, Օլանդին կամ Քեմերոնին՝ ճաշակի հարց է:

Եվրոպասերների, արեւմտասերների ու ռուսասերների մեր շարասյուններին կդիմադրե՞ն հայաստանասերները: Հարցս հռետորական չէ, պատասխանն էլ՝ չգիտեմ…:

 Հ.Գ. Չակերտների առատության համար ներողություն եմ խնդրում:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930