Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում հայտարարեց, որ այս տարի 300–ից ավելի փողոցներ կվերանորոգվեն, մայթեր կասֆալտապատվեն եւ կսալիկապատվեն, ինչի համար պետբյուջեից կծախսվեն միլիոնավոր գումարներ: Aravot.am-ը, Կամո Արեյանին փոխանցելով մայրաքաղաքի բնակիչների դժգոհությունը, թե ամեն տարի մայրաքաղաքի նույն կենտրոնական փողոցներն են վերանորոգվում, եւ նույնիսկ նոր ասֆալտն են քանդում նորն անում, սակայն երկրորդական փողոցները մնում են անբարեկարգ, հետաքրքրվեց, թե այս տարի՞ էլ կենտրոնի փողոցները կասֆալտապատվեն, թե այնուամենայնիվ, ծայրամասերի փողոցներն են ընդգրկվել ծրագրում:
Պարոն Արեյանը նշելով, որ այս տարի, կոնկրետ ասֆալտապատման եւ մայթերի բարեկարգման համար նախատեսված է 11 միլիարդ դրամ, ասաց, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գրեթե խնդիրը լուծել են եւ այս տարի ավելի շատ կհիմնանորոգվեն երկրորդական փողոցները, որոնք, երթեւեկության տեսանկյունից, ոչ պակաս կարեւոր են: Ըստ փոխքաղաքապետի, շինբարեկարգման աշխատանքները աշխատում են կատարել նաեւ գիշերային ժամերին, որպեսզի բնակիչներին ավելի քիչ անհարմարություններ պատճառեն:
Իսկ թե քաղաքային իշխանություններն այս տարի մայրաքաղաքում հաշմանդամ մարդկանց համար քանի՞ թեքահարթակ են նախատեսել, քանի՞ կիլոմետր կոյուղատար ցանց պետք է կառուցեն եւ քանի վթարային պատշգամբ կնորոգեն՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ