Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետների ռիսկից խուսափելը ոչ միայն կառավարության, այլեւ յուրաքանչյուր անհատի գործն է. Մովսես Պողոսյան

Ապրիլ 08,2014 14:08

Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում կարևորագույն գործոններից է կրթական համակարգը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը: Նա հավելեց, որ «որպեսզի մարդը անվտանգության կուլտուրան կարողանա պահպանել, պետք է ի սկզբանե ուսուցում ստանա, եւ շարունակի ուսուցումը մինչեւ իր կյանքի վերջը: Իրազեկության բարձրացումը տեղի է ունենում դպրոցում տարբեր առարկաների միջոցով, այնուհետեւ` հետբուհական ուսուցմամբ: Իսկ այն շերտը, որն այսպիսի կրթություն չի ստանում` տեղեկացվում է զանգվածային լրատվամիջոցների միջոցով»:

Իսկ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի» տնօրեն Մովսես Պողոսյանը չժխտեց, որ Հայաստանում կան վթարային շենքեր, սակայն, նկատեց, որ աղետների ռիսկից խուսափելը ոչ միայն կառավարության գործն է, այլեւ յուրաքանչյուր անհատի, քանի որ, եթե անձը չգիտի` ինչպես ցույց տալ առաջին օգնություն, ապա հնարավոր չէ զերծ մնալ ռիսկից:

Այս տարի` ապրիլի 1-ից 3-ը Հայաստանը մասնակցել է Ալմաթայում կայացած տարածաշրջանային խորհրդաժողովին, որն իրականացվում է Հյոգոյի գործողությունների ծրագրի շրջանակներում: Վերջինիս նպատակն է կայուն զարգացման հասնել` նվազեցնելով աղետների ռիսկի չափը:

Աղետների նվազեցման համաշխարհային համաժողովին Հայաստանը հանդես է եկել բնակչության ուսուցման խնդրագրով: «Նոր առաջարկությունն այն էր, որ բնակչությունը պետք է բաժանել շերտերի եւ բնակչությանը նայել որպես համակարգ, որը բաղկացած է տարբեր շերտերից: Եւ յուրաքանչյուր խոցելի շերտ ինքը պետք է թելադրի, թե ինչ նյութեր պետք է իրենց մատուցվեն (աղետի ռիսկից խուսափելու համար), իսկ դա էլ կթելադրի այն մեթոդաբանությունը, որը անհրաժեշտ է տալ բնակչությանը», – ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930