Ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը վերջերս «Առավոտին» ասաց, որ ֆիլմ է նկարում Ռուբեն Հախվերդյանի մասին: «Դա իր անցած ճանապարհն է, իր հետ խոսելու շատ բան կա, այն մասին է, թե իր էսօրվա կռիվը ուր է հասնելու: Քիչ-քիչ եմ նկարում՝ տարին մեկ համերգ կամ մեկ հանդիպում, գրքի շնորհանդես… Փորձեցինք նաեւ իր տանը նկարել»,- հայտնեց պարոն Խաչատրյանը: Կինոռեժիսորը հավելեց, որ
Հախվերդյանի մասին ֆիլմը երկար կնկարի, հավանաբար մի 30 տարի: «Իր վայրիվերո բնավորությամբ ու պոռթկումներով հանդերձ՝ Ռուբեն Հախվերդյանը հետաքրքիր երեւույթ է, հզոր անհատականություն»,-համոզված է Հարություն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմին՝ «Հայկ փախուստին», որը նույնպես տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունք է, ապրիլի 30-ին համաշխարհային պրեմիերա կունենա Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ