Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի ստացած քաղաքական դասերը

Ապրիլ 08,2014 14:56

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը դեռ, ի դեպ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար է, իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում աչքի է ընկել բազմաթիվ հրապարակային ելույթներով, որոնցից շատերը դարձել են մեկնաբանությունների եւ վերլուծությունների նյութ: 2013 թվականի մայիսի 23-ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ավարտին՝ քվեարկությունից առաջ նա հանդես եկավ ամփոփիչ ելույթով, որի ժամանակ բացահայտեց իր ստացած քաղաքական դասերը:

Գրեթե մեկ տարի առաջ բարձրաձայնած այդ դասերը հետեւյալն էին:

…Համար մեկ դասը, որ ես ինձ համար քաղել եմ՝ կայանում է հետեւյալում. իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը՝ նույնիսկ եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ եւ թույլ: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետեւ ընդդիմությունն առաջ է քաշում գաղափարներ, որոնք օգտակար կարող են լինել: Մեր պարտավորությունն է տեսնել գլխավորը, միեւնույն ժամանակ, գլխավորի շուրջը համախմբվել: Երկրորդայինի մեջ, այո, պետք է լինել ազատ, պետք է մեզ քննադատեն:
Երկրորդ դասը, որ ինձ համար քաղել եմ՝ հետեւյալն է. առանց ուժեղ ընդդիմության չի կարող լինել ուժեղ պետություն, քանի որ ուժեղ ընդդիմություն առաջին հերթին նշանակում է այլընտրանք: Ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան եւ առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ մեր ծրագրերի հետ: Դա նշանակում է բանավեճ՝ ապագայի նկատմամբ: Մենք բոլորս կշահենք դրանից: Բայց եթե ընդդիմությունը որդեգրում է քաղաքականություն, որով ներկայացնում է միայն մեղադրանքներ, հերյուրանք, դա ճանապարհ է դեպի անցյալ, այլ ոչ թե դեպի ապագա:

Երրորդ դասը. իշխանությունը պարտավոր է խոստովանել սեփական սխալներն ու բացթողումները: Դա է երաշխիքը, որ մենք այդ սխալները կուղղենք եւ կգնանք առաջ: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ եթե մենք խոստովանում ենք այդ սխալները, ընդդիմությունը մեզ պետք է վերագրի բաներ, որոնք մենք չենք արել, մեզ վերագրի մտքեր, որոնք մեր մտքերը չեն: Դա լավ ճանապարհ չէ:

Չորրորդ դասը, որ ես ինձ համար քաղել եմ. իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը, հարգելի իմ ընկեր Ռուբեն: Իշխանափոխությունը չէ այն հիմնարար խնդիրը, որի լուծումը մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք, այլ ապագայի տեսլականը, համոզմունքը եւ կամքը: Ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք եւ կամք, նա էլ կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն: Եվ եթե մենք համոզված ենք մեր տեսլականի մեջ, մենք պետք է նաեւ ներկայացնենք ձեր դատին, թե ինչ քայլերով պետք է գնանք առաջ: Եթե մենք ուզում ենք ունենալ նոր Հայաստան, դա նշանակում է, որ մենք պետք է անենք բաներ, որ մինչ օրս չենք արել, եթե ուզում ենք նոր արդյունք ստանալ: Իսկ խնդիրները, որոնք մեր առջեւ կանգնած են, տրիվիալ խնդիրներ չեն:

Պարզունակ լուծումներ չկան, հարգելի գործընկերներ, իսկ մարտահրավերները, նոր վտանգները եւ ռիսկերը, որոնք առկա են աշխարհում, տարածաշրջանում, պարբերաբար դրսեւորվելու են:

Հինգերորդ իմ համոզմունքը եւ դասը, որ քաղել եմ, կայանում է հետեւյալում. առանց համագործակցության չի կարող իրականացվել ոչ մի տեսլական: Բայց, միեւնույն ժամանակ, համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ համագործակցությունը չի կարող պարտադրվել: Մեր ծրագրի նախաբանում գրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ծրագիրը մշակելիս հիմք է ընդունել մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, այդ թվում՝ ընդդիմության ծրագրերում առկա այն գաղափարները, որոնք համադրելի են մեր գաղափարների հետ, եւ դա նույնպես համագործակցության ձեւ է:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930