Տիգրան Սարգսյանի նախկին օգնականը՝ վարչապետի հրաժարականի, ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու եւ ՀԱԿ-ի՝ անհարմար դրության մեջ հայտնվելու մասին
«Նրանք, ովքեր հայտարարում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր, առնվազն անկեղծ չեն: Չնայած առկա որոշակի ճգնաժամային իրավիճակին, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի չէր, եւ ոչ մի քաղաքագետ, ոչ մի քաղաքական գործիչ չէր կարող վերլուծել, որ դա այս պահին տեղի կունենա: Տիգրան Սարգսյանի հրաժարականն, այնուամենայնիվ, անակնկալ էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արդեն նախկին վարչապետի նախկին օգնական Նարեկ Գալստյանը, ով ամիսներ առաջ թողեց իր զբաղեցրած պաշտոնը` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ղեկավարելու համար: Մեր հարցին` այն շրջանում, երբ աշխատում էիք Տիգրան Սարգսյանի հետ, նրա հրաժարականի հիմքեր չէի՞ք տեսնում՝ անկախ նրանից, որ երկրում բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակ էր, եւ որ բոլորը դժգոհ էին Տիգրան Սարգսյանի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, Նարեկ Գալստյանն ասաց. «Թերեւս մի քիչ սուբյեկտիվ կլինեմ, բայց Տիգրան Սարգսյանը՝ թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ, բոլորի հետ եղել է բացառիկ ազնիվ: Նա Հայաստանում ներդրեց նոր քաղաքական մշակույթ: Ես կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանը մեր երկրի ամենապայծառ քաղաքական գործիչներից է»: Մեր զրուցակիցը կարծում է, որ այն համակարգը, որը Հայաստանում ներդրվեց 1990-ականներից, կենսունակ չէ, եւ եթե չկան համակարգային փոփոխություններ, Տիգրան Սարգսյանի կամ ցանկացած մեկ այլ անձի հրաժարականը չի կարող հանգեցնել դրական արդյունքների: Մեր զրուցակիցն, այնուհանդերձ, վստահ է, որ հրաժարականի որոշումը Տիգրան Սարգսյանն է կայացրել` ելնելով ինչ-ինչ շարժառիթներից, որոնք միայն իրեն են հայտնի, բայց դա նրան պարտադրված որոշում չէր:
Վերջին շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրական շրջանում Տիգրան Սարգսյանը պատրաստվում է լուրջ քաղաքական հավակնություններ դրսեւորել. հավանակա՞ն է, որ ՍԴՀԿ-ն դառնա Տիգրան Սարգսյանի քաղաքական հենարանը` «Առավոտի» հարցին, Նարեկ Գալստյանն արձագանքեց. «ՍԴՀԿ-ն միայն ՍԴՀԿ-ի քաղաքական հենարանն է, այլ անձի քաղաքական հենարան լինել չի կարող, ուստի այդ առումով շահարկումներն անհիմն են: Ես չեմ կարող կանխատեսումներ անել Տիգրան Սարգսյանի քաղաքական որոշումների մասին, բայց նա շատ կենսունակ քաղաքական եւ պետական գործիչ է, եւ եթե նրա մոտ ցանկություն առաջանա քաղաքականությամբ զբաղվելու, կարծում եմ՝ դա իր որոշելիքն է լինելու»: Ճշտող հարցին` բացառո՞ւմ եք, որ որեւէ փուլում ՍԴՀԿ-ն պաշտպանի Տիգրան Սարգսյանի քաղաքական ցանկությունները, մեր զրուցակիցն ասաց, որ ՍԴՀԿ-ն առաջնորդվում է սեփական քաղաքական օրակարգով, ունի սեփական քաղաքական նպատակներ, փորձում է քաղաքացիների շրջանում աշխատանքներ տանել` երկրում առկա սոցիալական անարդարության խնդիրներին լուծում տալու համար, իսկ թե ո՞ւմ հետ կհամագործակցեն` ցույց կտա ժամանակը: «Ներկայումս նման նախադրյալ չկա: Ինքս էլ չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանն այս պահին ինչ-որ քաղաքական գործընթացի մեջ է գտնվելու: Առաջիկա երկու-երեք ամիսներին, կարծում եմ, վերջին յոթ տարիների ծանր աշխատանքից հետո հանգստանալու կգնա»,- ասաց Նարեկ Գալստյանը:
Դիտարկմանը, որ գրեթե նույն օրակարգով, ինչ ՍԴՀԿ-ն է առաջ քաշում, խորհրդարանական ընդդիմությունը միավորվել է, եւ համատեղ գործողություններ են փորձում իրականացնել, ընդհուպ մինչեւ շուրջօրյա հանրահավաքներ, կմիանա՞ ՍԴՀԿ-ն դրանց, Նարեկ Գալստյանն այսպես հակադարձեց. «Խորհրդարանական ընդդիմություն ասելով, կարծում եմ, դուք ոչ ճիշտ գնահատական եք տալիս, մանավանդ՝ իրենք էլ իրենց այդպիսին չեն անվանում: Այժմ քաղաքականության մեջ մտել է քաղաքագիտությանն անհայտ «ոչ իշխանական» քառյակ եզրույթը, որը քաղաքագիտական տեսանկյունից առնվազն անգրագիտություն է: Ինչ վերաբերում է նրանց համախմբմանը եւ մնացած այլ բաներին, ապա ՍԴՀԿ-ում կարծում են, որ այդ քառյակից առնվազն երկուսն ազնիվ չեն իրենց նպատակների մեջ: Կարծում եմ, որ ՍԴՀԿ-ն կառաջնորդվի սեփական քաղաքական օրակարգով: Ավելին, ես վստահ եմ, որ «ոչ իշխանական» քառյակի գործողությունների հիմքում ընկած էին անձնավորված դրսեւորումներ, որոնք այսօր հանգել են իրենց տրամաբանական ավարտին, եւ առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչպես են իրենք իրենց մեջ լրջագույն խնդիրներ առաջացնում: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ԲՀԿ-ն, առաջիկայում՝ այնուամենայնիվ, դառնալու է իշխող կոալիցիայի անդամ»: Թե հատկապես ի՞նչն է մեր զրուցակցին դա հուշում` հարցին էլ նման պատասխան հնչեց. «Ես կարծում եմ, որ այդ քաղաքական կազմակերպությունը, որը սպասարկում է մեծ գործարարի շահերը, վարում էր անձնավորված պայքար եւ խնդիր ուներ, որպեսզի Տիգրան Սարգսյանը հրաժարական տա: Եթե հաշվի առնենք այն անունները, որոնք շրջանառվում են վարչապետի հավանական թեկնածուների շարքում, իրենց համար թերեւս ընդունելի կլինի, ու ԲՀԿ-ն կոալիցիա կմտնի: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական ակումբը, որը կոչվում է Հայ ազգային կոնգրես, եւ որը վերջին երեք-չորս տարիների ընթացքում ընդամենը սպասարկում էր ԲՀԿ նախագահի PR արշավը, կհայտնվի ոչ այնքան հաճելի իրավիճակում: Դեռ մի բան էլ ստիպված կլինեն քաղաքացիներին բացատրություն տալ իրենց կատարած գործողությունների համար»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ