«Պետք չէ սպասել լուրջ դրական փոփոխություններ կառավարության փոփոխությունից»,- այսօր՝ ապրիլի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: Նա իր հայտարարությունը բացատրում է նրանով, որ Հայաստանի Հանրապետության հիմնարար խնդիրները պայմանավորված են ոչ թե կոնկրետ կառավարության սոցիալ-տնտեսական ծրագրերով, այլ պայմանավորված են շատ ավելի լուրջ, խորքային հանգամանքներով: Նրա կարծիքով՝ Հայաստանում գործող ռեժիմի բնույթը հակադեմոկրատական է, եւ խնդիրները հենց դրանից են ծագում՝ չկան հավասար մրցակցային պայմաններ, չկա իրավական հավասարություն, ընտրությունները՝ որպես ինստիտուտ կայացած չեն, չկա իշխանությունների տարանջատում, դատարաններն անկախ չեն, իրականացվում է ընտրովի արդարադատություն, եւ նշեց, որ կառավարության փոփոխությունը չի բերի թվարկված խնդիրների լուծմանը:
Պարոն Վարդանյանը հայտարարեց՝ անկախ նրանից, ով կլինի վարչապետը, ինչ տեսակի կառավարություն կձեւավորվի, հասարակության մի զգալի հատված միեւնույն է, դժգոհ կմնա: Նա նշեց, որ հասարակությունում հասունանում է բողոքի նոր ձեւաչափ, եւ այդ հարցում կապ չունի, թե իշխանությունում ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում: Վերլուծաբանի կանխատեսմամբ՝ կարելի է սպասել այլ որակի բողոքի մի նոր ալիքի, որը կնախաձեռնի մի նոր ձեւաչափ, որը կարող է ձեւավորել կուսակցականների եւ անկուսակցականների դաշինք.
«Փորձը ցույց է տալիս, որ բոլոր կարգի ռադիկալ, հիմնարար փոփոխությունները հիմնականում տեղի են ունենում այն ժամանակ, երբ որ մի նման ձեւաչափ է ստեղծվում՝ կուսակցություններից դուրս, առանձին հասարակական կազմակերպություններից դուրս, առանձին նախաձեռնություններից դուրս մի նոր ձեւաչափ, որտեղ հավասար սկզբունքներով, հավասար իրավունքներով բոլորը կան, որտեղ որոշումների կայացման ընթացքում կա ժողովրդավարական մեխանիզմ»:
Անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է վարչապետի հավանական թեկնածուն, պարոն Վարդանյանը նշեց, որ պարոն Աբրահամյանը հայտնի չի եղել հակառուսական դիրքորոշմամբ, հայտարարություններով. «Նոր քաղաքականության շրջանակներում նա կարող է հանգիստ տեղավորվել, եւ նաեւ առնվազն մի քանիսի համար, քառյակի ներսում առնվազն խիստ հակակրանք չի առաջացնում»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ պետք է հաշվի առնել արդյոք այս օպերացիան նպատակ ունի՞ նախապատրաստել ապագա նախագահի թեկնածուին: Այդ դեպքում նախագահի երկրորդ ժամկետի ժամանակ նոր վարչապետ է նշանակվում է այն անձը, որը լինելու է իշխանությունների թեկնածուն նախագահական ընտրությունների ժամանակ, այդ նշանակումն էլ լինում է նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ.
«Այստեղ դեռ չորս տարի կա, եւ դու պետք է պատասխանատվություն կրես կառավարության գործողությունների համար, եւ ամեն մի սայթաքում, ամեն մի խնդիր բարդվելու է քո վրա, եւ այստեղ դու՝ որպես իշխանության թեկնածու, քո դիրքերը թուլացած կլինեն»:
Վերլուծաբանը հավանական է համարում նաեւ մոտ ապագայում սպասվելիք սահմանադրական փոփոխությունների հանգամանքը, այդ փոփոխությունների դեպքում նա հնարավոր է համարում, որ համապետական ընտրությունները ծրագրավորվածից ավելի շուտ տեղի կունենան.
«Այդ դեպքում, եթե ենթադրենք, որոշում է կայացվել իշխանության ներսում, որ պետք է անցում կատարվի դեպի խորհրդարանական համակարգ, այս դեպքում շատ հնարավոր է, որ փոխվեն տեղերով, այսինքն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը դառնա նախագահի թեկնածու, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը՝ վարչապետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ