Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի նախագահ Յուրա Ալեքսանյանը Aravot.am- ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր մարտական ընկերը`Սեյրան Օհանյանը, վարչապետի ամենահարմար թեկնածուն է: ԵԿՄ-ականի բնութագրմամբ, նա կայացած քաղաքական գործիչ է և կայացած նախարար:
«Ես միայն ուրախ կլինեմ, որ Սեյրան Օհանյանը նշանակվի վարչապետ: Բայց միայն մեր ցանկությամբ չէ, նախագահի որոշումը պետք է հաշվի առնել, նա պիտի որոշի: Բայց կարծում եմ` եթե տա Աստված, Սեյրան Օհանյանը նշանակվի վարչապետ, ժողովրդի սպասելիքները էլ ավելի մեծ կլինեն »-, ասաց Յուրա Ալեքսանյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ազատամարտիկներից շատերը, ինչպես նաև զոհված զինծառայողների մայրերը հաստատ դեմ կլինեն պարոն Օհանյանի վարչապետ դառնալուն, քանի որ, նրանց բնութագրմամբ, նա, որպես նախարար, թույլ է և ինչ ասես տեղի չի ունենում բանակում, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Շատերը սխալվում են՝ ասելով, որ նա թույլ նախարար է. նա այն նախարարներից է, որն անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան հերոսամարտին: Բանակը մի այնպիսի կառույց է, որտեղ փողոցից, ինստիտուտից, դպրոցից, քրեակատարողական հիմնարկներից տղաներ են զորակոչվում: Հիմա տեսեք, մեր այսօրվա կյանքում ամեն վայրկյան վթարներ, վատ դեպքեր են տեղի ունենում, վատ լուրեր համարյա ամեն օր լսում ենք, բանակն էլ նույն կառույցն է, նույն ժողովրդի ծոցից ստեղծված կառույցն է, որտեղ որ կարող են լինել զինվորների իրար չհամակրելը, բայց դե մեր բանակում ավելի քիչ են նման դեպքերը:
Ես, իհարկե, գնահատում եմ ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը տանում են մեր սպաները` մեր նախարարի գլխավորությամբ, բայց կան անելիքներ, նմանատիպ դեպքերը պիտի շտկվեն, կան կանխարգելիչ ծրագրեր, որտեղ կարելի է էլ ավելի շատ աշխատել, էլ ավելի ուժ ու եռանդ ներդնել, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն: Բայց բոլոր տեղերում էլ, բոլոր բանակներում էլ կան նմանատիպ դեպքեր և շատ ավելի շատ, խնդրեմ` մեր թշնամու բանակում, չկա մի օր, որտեղ դեպքեր չլինեն: Իհարկե, չեմ առաջնորդվում նրանցով, մենք շատ պիտի աշխատենք… »:
Կարդացեք նաև
Ըստ ԵԿՄ-ականի, վարչապետի պաշտոնը պիտի վստահել միայն այն մարդու, որը ժողովրդի կարիքներին քաջ ծանոթ կլինի: Ըստ մեր զրուցակցի, թեև նախկին վարչապետը ևս ծանոթ էր, բայց երևի անելիքներն էին շատ, որից նա գլուխ չհանեց:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ