«Սույն գաղափարի ճարտարապետները պարտություն են կրել` հանրության ութսուն տոկոսը դեմ էր, հիմնական հոդվածներով ՍԴ-ն այն հակաիրավական ճանաչեց»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Քանի որ այս հարցում փաստաբանն առավելապես քաղաքական խնդիր է տեսնում, ճիշտ է համարում, որ նոր կառավարությունն այս օրենքի կիրառման մասով մորատորիում հայտարարի, որպեսզի չկրկնի նախորդի սխալները, քանի որ ՍԴ-ի սահմանած ժամկետում, ըստ նրա նոր կառավարությունն ինչպիսի փոփոխություններ էլ անի, սույն օրենքի վարկաբեկվածությունն այնքան մեծ է, որ այն փրկելն անհնար է: Վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքական ֆիասկոյի պատճառներից մեկն էլ, ըստ Նորայր Նորիկյանի, այդ համակարգի տապալումն էր:
Իրավական ասպեկտով ՍԴ որոշման մեջ էլ փաստաբանը խնդիր չի տեսնում, միտումնավոր թերություններ է տեսնում. «Ես գտնում եմ, որ ՍԴ-ի որոշումը որեւէ ձեւով պատճառաբանված չէ, ինչն էլ խառնաշփոթ է առաջացրել: Երեկ շատ լավ նախաձեռնությամբ է հանդես եկել «Անտարես» հրատարակչությունը` կապված իր գործատուների մասով` կոչ անելով չմուծել: Ես միանում եմ այդ նախաձեռնությանը եւ գտնում եմ, որ լավագույն իրավական լուծում է տրվել` հղում տալով ՍԴ որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետին: Եվ գտնում եմ, որ բոլոր գործատուները չպետք է մուծեն պարտադիր գումարները մինչեւ սեպտեմբերի 30-ը, քանի որ բոլոր դեպքերում, այդ գումարները վաղ թե ուշ ետ վերադարձվելիք գումարներ են»:
Այլ հիմնավորումները`տեսանյութում
Կարդացեք նաև
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ հիշեցնելով ԵԿՄ համագումարում նախագահի հայտարարությունը, որ ութսուն տոկոսը դեմ են, բայց պետական մարմիններին հանձնարարեց իրազեկման արշավ իրականացնել`փաստեց, որ ՍԴ-ն ռեալիզացրեց նախագահի խոսքերը վարպետորեն. «Կայացրեց մի որոշում, որը համարյա ոչինչ չժխտելով`ուղղակի ժամանակ շահեց, մինչեւ սեպտեմբերի 30-ը»:
Ըստ բանախոսի նոր կառավարությունը հավանաբար պիտի լծվի իրազեկման արշավին եւ հույսեր փայփայի, որ մինչեւ սեպտեմբերի 30- կհաջողի: Գագիկ Մակարյանն, այնուամենայնիվ հույս փայփայում է, որ նոր վարչապետը կնշանակվի այլ սկզբունքերից ելնելով եւ կփորձի կոնսոլիդացնել ուժերը ու այդ օրենքի կիրառումը կկասեցվի:
Նա նույնպես գործատուներն հորդորում է չանել պահումները, հարցը տեղափոխել քաղաքացի-պետություն, իսկ քաղաքացիները պայքարեն իրենց իրավունքների համար:
Հարցին`ո՞ւմ հավատա քաղաքացին եւ ինչպե՞ս վարվի, քանի որ ՍԴ նախագահը մի բան է հայտարարում, հակառակ կողմից այլ մեկնաբանություններ են տրվում եւ հորդորներ են հնչում, Նորիկ Նորիկյանը հստակեցրեց, որ քաղաքացիներն իրավունք ունեն չվճարել հինգ տոկոսը` հղում անելով ՍԴ որոշմանը եւ իրենց իրավունքները կարող են պաշտպանել դատարանում: Դատարանում իբրեւ երկրորդ կողմ պետությունն է լինելու:
Գագիկ Մակարյանն էլ հավելեց, որ այդ գումարները ԿԲ-ն իր ձեռքի տակ է պահել, պետք է տոկոսով ետ վերադարձնի քաղաքացիներին: Բանախոսները`վկայակոչելով նաեւ ՍԴ նախագահի հարցազրույցները, նկատեցին, որ գործատուն այս գործընթացից դուրս է մղված եւ պետությունը նրան ներգրավելու տարբերակները պետք է քննարկի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ