Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր վարչապետը որքան էլ փորձառու լինի ու ճանաչված, միեւնույն է՝ արդյունքները կլինեն խղճուկ»

Ապրիլ 08,2014 14:30

Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանի համոզմամբ՝ մինչեւ օլիգարխիկ համակարգը չտապալվի, մեր տնտեսությունը չի զարգանա

Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը, որը նաեւ կառավարման ոլորտի փորձագետ է, կարծում է, որ նոր վարչապետը որքան էլ փայլի գիտելիքներով, լինի փորձառու ու ճանաչված, միեւնույն է՝ նրա աշխատանքի արդյունքները «կլինեն խղճուկ»:
Վերջին օրերին ամենաշատ քննարկվող՝ վարչապետի եւ կառավարության փոփոխության թեմայի շուրջ փորձագետի կարծիքը՝ հարցազրույցում:

«Առավոտը» Հարություն Մեսրոբյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ նոր վարչապետը, որպեսզի մեր տնտեսությունը հզորանա, ոտքի կանգնի:

– Մենք մի կարեւոր խոչընդոտ ունենք, որը ոչ միայն վտանգում է պետական կառավարումը, այլ նաեւ պետության տնտեսությունը. դա օլիգարխիկ համակարգն է, որը թույլ չի տալիս պետությանը դինամիկ զարգանալ եւ զարգանալ այն ուղղություններով, որոնք անհրաժեշտ են պետությանը:

Օլիգարխները միշտ ձգտում են ունենալ այնպիսի եկամուտների աղբյուր, որոնք մի կողմից՝ արագ են գալիս եւ լուրջ ներդրումներ չեն պահանջում, մյուս կողմից՝ հեշտ են, օրինակ՝ ներկրել ապրանք. դա շատ ավելի հեշտ է, քան թե արտադրել: Կամ նախընտրում են արտադրել տեխնոլոգիապես ոչ բարդ, ասենք՝ այնպիսի պրիմիտիվ ապրանքներ, ինչպիսիք են գինի, շոկոլադ: Էլ չեմ խոսում ինովացիոն տնտեսության մասին, որին օլիգարխներն ընդհանրապես հակված չեն: Դրանք պահանջում են բավականին երկարատեւ ցիկլ, բավականին լուրջ ռազմավարական հաշվարկ, մարտավարական քայլերի մշակում, բնական է, դա նրանց չի հրապուրում, եւ նման տեսակի պետությունները, որպես կանոն, լինում են հումք արտահանող եւ ապրանք ներկրող: Սա, կարելի է ասել, ամենամեծ վտանգն է մեր տնտեսության համար, եւ մեզ մոտ նման իրավիճակում անհնար է լուրջ տնտեսության դիվերսիֆիկացում անել: Եթե մենք նայենք ներկրման եւ արտահանման կառուցվածքը, ապա կտեսնենք, որ տնտեսական համակարգի իմաստով մենք «ճ» կարգի պետության կարգավիճակում ենք հանդես գալիս:

– Պարոն Մեսրոբյան, մասնագետների գնահատմամբ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Ձեր մատնանշած 2 կարեւոր ուղղությունների՝ դիվերսիֆիկացված տնտեսություն վարելու եւ ինովացիոն տնտեսության ջատագովն էր, սակայն ՀՀ տնտեսությունն այդպես էլ կանխատեսված աճը չարձանագրեց, ի՞նչն էր պատճառը:

– Եթե, ինտելեկտի իմաստով, աշխարհի ամենահզոր, փորձառու եւ ճանաչված վարչապետն էլ գա, միեւնույն է՝ արդյունքները կլինեն խղճուկ, այդ հարցը չի լուծվի, որովհետեւ պետական կառավարման համակարգը օլիգարխացված է: Ո՞նց կարելի է ամբողջ պետությունը, որը մի կառավարման սկզբունքի վրա է, այն է՝ արագ եւ մեծ շահույթ, ընդհուպ մինչեւ գերշահույթ, փորձել այդ պետության մեջ, չջարդելով այդ օլիգարխիկ տնտեսության էությունը՝ փորձել այնտեղ լուրջ տնտեսական առաջընթաց ունենալ, դա անհնար է: Աշխարհի ոչ մի երկրում դա անել չի ստացվել, եւ մենք չպետք է այստեղ փորձենք եւ այն ճանապարհով գնանք, որը մեզ տանում է ծուղակ:

– Հայաստանի տնտեսությունն ինչպիսի՞ ցնցումներ կկրի վարչապետի փոփոխության արդյունքում:

– Ոչ մի ցնցում կոնկրետ վարչապետի փոփոխության հետ չի լինում, որովհետեւ տնտեսությունն ինքն իր կանոններն ունի: Մեր օլիգարխները, կապ չունի՝ որ օլիգարխների մասին է խոսքը, որ ճամբարներում են նրանք գտնվում, քանի որ օլիգարխը մնում է օլիգարխ, էլի կաշխատեն օլիգարխիայի օրենքներով: Քանի որ նրանք սերտաճած են պետության հետ, պետական կառույցների միջոցով օլիգարխները կձգտեն ունենալ արտոնություններ, ունենալ հնարավորություններ, մենաշնորհ, իմիջիայլոց՝ օլիգարխները միշտ ձգտում են մենաշնորհի: Եվ եթե տնտեսության մեջ որեւէ տեղ առաջանան գերշահութային ոլորտներ, ապա պարտադիր օլիգարխները կմտնեն եւ այդ ոլորտն իրենցով կանեն: Սա է խնդիրը. այդ պատճառով բիզնեսը, որպես այդպիսին, չի զարգանա, որովհետեւ բիզնեսին մնում են ոլորտներ, որտեղ պահանջվում է երկարատեւ բիզնես-ցիկլ, որտեղ պահանջվում է լուրջ ռազմավարություն եւ այլն: Դա էլ, երկարատեւի մեջ, Հայաստանում դժվար է պլանավորել:

– Վերջերս հրապարակվեց ՀՀ հեռանկարային զարգացման ծրագիրը՝ 2012-2025թթ. համար, ինչպե՞ս կգնահատեք հերթական այս փաստաթուղթը:

– Ռազմավարական այդպիսի ծրագրեր շատ կան, որոնցով փորձեր են կատարվում այս կամ այն ոլորտին զարկ տալու, բայց դրանք բոլորը անխտիր դատապարտված են տապալման: Հիվանդ մարդը չի կարող լավ օրինակ՝ լավ ցուցանիշներ ապահովել սպորտում, ինքը հիվանդ է: Մենք ուզում ենք, մնալով հիվանդ, փորձել ունենալ լավ ցուցանիշ. դա տարրական տրամաբանությանն է անգամ հակասում: Մեր օլիգարխիկ կառավարման համակարգը պետք է քայլ առ քայլ ոչնչացվի: Հակառակ դեպքում ամենալավ վարչապետն էլ գա՝ ամենալավ թիմով, անհնար է, որ ինչ-որ բան փոխի: Եթե նա փորձի էլ լուրջ փոփոխություն անել, ապա կխաչվի օլիգարխիայի շահերի հետ, կլինի մեծ պատերազմ, եւ, որպես կանոն, դա կավարտվի օլիգարխիայի հաղթանակով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930