Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. Արդյո՞ք վարչապետի փոփոխության պատճառն այն է, որ ամենավերևում հասկացել են. «Իրատես fe facto»

Ապրիլ 08,2014 12:15
vigen hakobyan

Հատված վերլուծաբան տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հարցազրույցից:

Նոր վարչապետն ի՞նչ վերաբերմունք պիտի ունենա կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին, տարբեր գծերի ու տեսախցիկների հետևանքով կուտակվող բարձր տուգանքներին, տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, եթե քաղաքական կուրսի փոփոխություն չլինի, ի՞նչ տարբերություն քաղաքացու համար՝ վար֊չապետը Տիգրան Սարգսյա՞նն է, թե՞ Սարգիս Տիգրանյանը։ Շրջադարձ կլինի՞։ Հայաստանը չի՞ հայտնվում բացարձակ ռուսական ուղեծրում, որտեղ քայլ այս կողմ, քայլ այն կողմ պատժելի է:

– Մի մոռացեք, որ Հայաստանը նախագահական երկիր է, որտեղ վարչապետը հիմնականում ունի տեխնիկական գործառույթներ։ Ձեր հարցերի պատասխանը 99 %-ով կախված է նախագահի կամքից՝ ուզո՞ւմ է նա ռեալ փոփոխություններ անել երկրում, թե՞ ոչ։ Ես չեմ կարծում, որ նա ցանկանում է կլանաօլիգարխիկ համակարգը փոխել, մենաշնորհները վերացնել, պայքարել կոռուպցիայի դեմ։ Հայաստանի պետական բյուջեն հնարավոր է ավելացնել, եթե քաղաքական կամք կա, կա որոշում, որ օլիգարխները հարկերը վճարելու են։ Քաղաքական կամքը նախագահի ու նրա մերձավոր շրջապատից է գալիս։

Գլխավոր հարցը՝ արդյո՞ք վարչապետի փոփոխության պատճառն այն է, որ ամենավերևում հասկացել են՝ պետք է տնտեսական քաղաքականություն փոխել։ Պուտինը, օրինակ, ընդունում է, որ Մայդանը բողոք էր սոցիալական քաղաքականության, կոռուպցիայի դեմ, այսինքն Մայդանի աջակիցների մեծ մասի համար առաջնային չէր Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան, նրանք դեմ էին Յանուկովիչին։ Յանուկովիչի վարչակարգի նույն բարքերը, հավելած աղետալից արտագաղթը, Հայաստանում են։

Ուկրաինայի նախկին ու Հայաստանի ներկա իշխանությունները, պատկերավոր ասած, կլոններ են տարբեր մասշտաբներով՝ նույն համակարգը, նույն կոռուպցիան, նույն վարչարարությունը։ Յանուկովիչի առանձնատունը մեր որոշ պաշտոնյաների դղյակների համեմատ խղճուկ խրճիթ էր։ Ռուսաստանը շահագրգռված է, որ իր դաշնակից երկրներում քիչ թե շատ նորմալ պայմաններ լինեն, որպեսզի ժողովուրդը չընդվզի, որովհետև սոցիալ-տնտեսական պատճառներով ոտքի են ելնում, քաղաքական և աշխարհաքաղաքական .փոփոխություններ են լինում։

Հայաստանում կա՞ն այդ քաղաքական ուժերը։ Ոչ իշխանական քաղաքական ուժերն իրենց բոլոր գաղափարական, քաղաքական, տնտեսական, ֆինանսական հարցերով տեղավորվում են ռուսական դաշտում։

– Համաձայն եմ, բայց մեղավորն առաջին հերթին Արևմուտքն է։ Այս տարիների ընթացքում իրական այլընտրանք Հայաստանին չի առաջարկվել ոչ անվտանգության, ոչ տնտեսական անկախության, ոչ Արցախի հարցում։ Արևմուտքի համար շատ դժվար է այստեղ որևէ շարժում անել գունավոր կամ ոչ գունավոր, որովհետև հանրության մեծ մասը ռուսական կողմնորոշում ունի։

Անահիտ  ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930