Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթերցում, որ վերածվեց պոեզիայի և պոետի հետ անմիջական շփման

Ապրիլ 08,2014 12:06

Նարեկացի արվեստի միությունը և «Այլընտրանք» մշակութային հասարակական կազմակերպությունը սկսում են գրական միջոցառումների շարք` հանդիպում գրողի հետ խորագրի ներքո:

Նախաձեռնության մեկնարկը Նարեկացի արվեստի միությունում. հանդիպում-ընթերցում բանաստեղծ Վահե Արսենի հետ: Հանդիպման ընթացքում ներկաները լսեցին Վահե Արսենի հին ու նոր բանաստեղծությունները, իսկ բանաստեղծությունից բանաստեղծություն անցումների ժամանակ Վահե Արսենը անմիջական զրույցի էր բռնվում հանդիսատեսի հետ:
Հանդիպման համար բավականին հետաքրքիր ֆորմատ էր ընտրված` նախ, բանաստեղծ Վահե Արսենը հրաժարվեց բեմից անցկացնել միջոցառումը, այլ նստեց բեմի առջև, փաստելով, որ ուզում է նույն հարթության վրա լինել հանդիսատեսի հետ… Նրան միացան նաև նրանք, ովքեր Վահե Արսենին հետ միասին կարդալու էին իր ստեղծագործությունները` Սուսաննա Ալեքսանյանը, Անուշ Քոչարյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Նաիրա Մուղդուսյանը, Նունիկ Ավետիսյանն ու Մանան Մելքոնյանը: Հանդիպման ընթացքում բացի բանաստեղծությունների ընթերցումը նաեւ քննարկում եղավ, ներկաները կարողացան հարցեր հնչեցնել:
Բանաստեղծն իր խոսքում ընդգծեց, որ ընտրվել են տարբեր ժամանակների ստեղծագործություններ. հին ու նորի համադրություն է արվել:
«Կարդո՞ւմ են արդյոք հիմա գիրք» ի թիվս այլ հարցերի, հնչեց նաեւ այս մեկը, ինչին ի պատասխան գրողն ասաց՝ այո, նույնիսկ ավելի շատ, քան նախկինում: Նրա խոսքերով հիմա ընթերցողն ավելի պահանջկոտ է, նա կարդում է միայն իր համար, այլ ոչ թե մոդայից հետ չմնալու…: Միաժամանակ նրա խոսքերով շատ կարեւոր է հենց գիրք կարդալու մշակույթը, գրքի հետ անմիջական շփումը, որին աստիճանաբար փոխարինելու է գալիս համամարգիչը:

Հանդիպման ավարտին Նարեկացի արվեստի միության կողմից Վահե Արսենին հանձնվեց խորհրդանշական նվերը՝ նուռը եւ ՆԱՄ հրատարակչություններից մեկը:
Նարեկացի արվեստի միությունը նաեւ խոստացավ, որ հետայսու պարբերաբար հանդիպումները արվեստագետների հետ շարունակական կլինեն:

Ավելացնենք, որ Վահե Արսենի առաջին՝ «Թռչող հեծանիվ» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 2003 թվականին, 2007թ. լույս է տեսել «Կանաչ Աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն: 2006թ-ի մարտի 21-ին Վահե Արսենը ճանաչվել է Միջազգային PEN (ՊԵՆ) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող, 2006թ. հունիսին արժանացել է «Իռեն Գյուլնազարյան» հիմնադրամի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին, 2008թ. սեպտեմբերին Մոսկվայում կայացած «ԱՊՀ նորամուտների համագործակցություն միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Պոեզիայում նորարարության համար» հատուկ մրցանակին, 2009թ. Վահե Արսենի թարգմանությամբ լույս է տեսել «Խաղը» արդի սլովակյան գրականություն» ժողովածուն («Զանգակ-97» հրատ.), 2010թ. «Կանաչ Աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել է հոլանդերեն և հրատարակվել Հոլանդիայում:

2010թ. Վահե Արսենը արժանացել է հոլանդական ”Jambe-2010” ամենամյա պոետական մրցանակին` հոլանդերեն հրատարակված «Կանաչ Աստվածների վերադարձը» բանաստեղծական ժողովածուի համար:

2011թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների ռուսերեն թարգմանված ժողովածուն` «Маршрут.Солнечный Экспрес» վերնագրով: 2012թ. Վահե Արսենը մասնակցել է Լեհաստանի Լյուբլին քաղաքում տեղի ունեցած «Բանաստեղծների ժամը» միջազգային փառատոնին:

2012թ. մասնակցել է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած պոեզիայի աշխարհում ամենամեծ ամենամյա 43-րդ փառատոնին. 2013թ. ապրիլին մասնակցել է Գերմանիյում կայացած «Interlese 2013» միջազգային փառատոնին: 2013թ. հունիսին Վահե Արսենը մասնակցել է Ֆինլանդիայում կայանալիք ամենամյա 26-րդ միջազգային փառատոնին` LIWRE 2013:

Բանասիրական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ:

Նարեկացի արվեստի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930