Հարցազրույց խորհրդային տարիների քաղբանտարկյալ, հրապարակագիր, բանաստեղծ Մերուժանի հետ
– Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի՞ էր:
– Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես առեղծված է մնում շատերի համար, հակառակ այն հանգամանքի, որ Սերժ Սարգսյանը գտնում է, թե վեց տարին որպես վարչապետ պաշտոնավարելը շատ երկար ժամանակ է որեւէ քաղաքական գործչի գործունեության մեջ: Բայց վերը ասվածից կարծես թե կարելի է մտավախորեն ենթադրել հոգելույս Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահը, երբ վերջինս պաշտոնավարել էր յոթ տարի եւ դեռ կարող էր շարունակել պաշտոնավարել, եթե ապրեր: Խոստովանեմ, որ ինձ անբնական է թվում նրա հանկարծամահ լինելը: Միեւնույն ժամանակ այլ կասկածներ տածելու հիմքերը թույլ են, քանզի Անդրանիկ Մարգարյանն իր նախագահ Ռ. Քոչարյանին ծառայում էր հպատակի հնազանդությամբ:
-Ընդդիմությունը կարո՞ղ է դերակատարում ունենալ գործադիր մարմին ձեւավորելու, վարչապետ առաջադրելու առումով:
Կարդացեք նաև
– Ընդդիմության ռեսուրսները բավարար են ամբողջովին նոր կառավարություն կազմելու համար: Սակայն նվազագույնի պարտադրանքի պարագայում, պետք է բավարարվել միայն վարչապետի պաշտոնով, որտեղ ցանկալի է տեսնել Հրանտ Բագրատյանին: Չնայած, որ ցանկացած գերատեսչության պատվաբեր կլինի ընդդիմության ներկայացուցիչ ունենալը: Դրանով միայն կբարձրանա Սերժ Սարգսյանի հեղինակությունը, կամրապնդվի նրա աթոռը:
-Մերուժան, մտավախություն կա, որ նույն անձինք մաս կարող են կազմել նոր կառավարությանը:
– Նախկին վարչապետի կողմից կառավարություն բերված «չենջ անողները» կվերադառնան պետական բանկ՝ իրենց նախկին ծառայությանը: Մնացած նախարարներից չեն տեղաշարժվի պաշտպանության, առողջապահության եւ մեկ-երկու այլ նախարարներ: Այսինքն, հիմնավոր կառուցվածքային փոփոխություն չի կայանալու: Միգուցե փոխվեն բավական թվով փոխնախարարներ, վարչության պետեր եւ այլ պոչուկներ:
-Շրջանառվող անունների մեջ նշվում է նաեւ ղարաբաղյան թեւի թեկնածուն:
– Եթե նոր վարչապետը «ներկրվի» Ղարաբաղից, ապա անպայման կահագնանա արտագաղթը: Այսօր հիմնականում հայրենիքից հեռանում են տնտեսական դիվերսիայի ենթարկված ընտանիքները, որոնց ապրելը պարզապես գոյամարտ է: Ցավալին այն է, որ երկիրը լքում են նաեւ ունեւորներն ու իշխանավորները, ովքեր անպատժելիորեն կեղեքել եւ ունեզրկել են ժողովրդին, նրան հասցրել մահաբեր աղքատության: Ո՞վ եւ ինչպե՞ս պիտի պատասխան տա այս ամենի համար:
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ