Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի նշանակումը կնշանավորի «հրաշալի քառյակի», Քոչարյանի ու ռուսական գծի վերջնական հաղթանակը Հայաստանում. «168 ժամ»

Ապրիլ 08,2014 11:51

Եթե իսկապես Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետի պաշտոնում, ապա դա կարելի կլինի համարել Հայաստանում իշխանափոխության գործընթացի մեկնարկը։ Այդպիսով, Սերժ Սարգսյանը կսկսի իշխանության հանձնումը, բնականաբար, ոչ թե Հովիկ Աբրահամյանին, այլ «հրաշալի քառյակին»՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Դա տեղի կունենա մինչև 2018 թվակա՞նը, թե՞ ավելի վաղ, այս պահին դժվար է միանշանակ ասել։ Սակայն, եթե անգամ Ս. Սարգսյանի նախագահությունը տևի մինչև «օրացուցային վերջին օրը», ապա Հովիկ Աբրահամյանի վարչապետությամբ նրա նախագահությունը մոտավորապես նման կլինի Ռոբերտ Քոչարյանի նախագահությանը՝ 1999 թվականի մայիս-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Հովիկ Աբրահամյանի նշանակումը կնշանավորի «հրաշալի քառյակի», Քոչարյանի ու ռուսական գծի վերջնական հաղթանակը Հայաստանում։ Արտաքին, էսթետիկական տեսանկյունից՝ այդ նշանակումը Սերժ Սարգսյանը կփորձի ներկայացնել որպես սեփական հաղթանակ՝ այն իմաստով, որ վարչապետ է նշանակում իր կուսակցության անդամին ու փոխնախագահին։ Բայց դա նույնն է թե՝ մխիթարվենք Հայաստանի զինանշանով ու համարենք, որ Հայաստանն անկախ պետություն է։ Անկախ ամեն ինչից, Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը շատ խորհրդանշական ու նույնքան համարժեք քայլ կլինի։

Հովիկ Աբրահամյանը հայտնի է ինտելեկտի նկատմամբ ոչ այնքան ջերմ վերաբերմունքով։ Ու լինելով ազնվագույն մարդ՝ նա իր այդ վերաբերմունքի մասին անկեղծորեն ասել է՝ մի առիթով հայտարարելով, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ։ Շատերն այդ հայտարարությունն ընդունել էին՝ որպես կատակ, բայց արդեն այսօր կարելի է հաստատապես արձանագրել. դա Հովիկ Աբրահամյանի ամենալուրջ հայտարարությունն էր։ Դրա ճշմարտացիությունն ապացուցեց ոչ թե ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, այլ Հայաստանի քաղաքական դաշտի շարունակական ու հետևողական դեգրադացիան։ Այսօր Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է ամեն ինչ, բացի խելքից։ Ավելին՝ խելքը խիստ խանգարող հանգամանք կարող է դառնալ։

Խելք ունենալ՝ նշանակում է՝ ունենալ որոշակի արժեքներ, դավանել որոշակի գաղափարների ու հետևել որոշակի սկզբունքների։ Իսկ վերջիններս հայկական քաղաքականության համար հակացուցված են։ Հենց այդ իմաստով Հովիկ Աբրահամյանի նշանակումն ադեկվատ քայլ կդառնա։ Եթե Հայաստանում քաղաքականության մեջ հաջողության հասնելու բանաձևը խելքի ոչ մեծ չափաբաժինն է, ապա հանուն արդարության՝ պետք է բարձրագույն պաշտոններում նշանակվեն այդ չափանիշներին բավարարող գործիչները։

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, ինտելեկտուալ գործիչ էր, որի ոչ մեծաթիվ պաշտպանները նրա սխալները հաճախ փորձում էին արդարացնել այն հանգամանքով, որ վարչապետի պաշտոնում Սարգսյանին կարող է փոխարինել ավելի պակաս ինտելեկտուալ մեկը, ուստի ավելի լավ է, թեկուզ թույլ, բայց մտածող վարչապետ ունենալը։ Այս մոտեցման մեջ, իհարկե, ճշմարտության որոշակի չափաբաժին կար։ Սակայն դա ավելի շատ իրականությունը խեղաթյուրող մոտեցում էր։ Քանի որ Հովիկ Աբրահամյանի հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում նաև Տիգրան Սարգսյանի շնորհքն է։ Որովհետև Տիգրան Սարգսյանը մեծագույն ներդրում ունեցավ քաղաքական դաշտի աղճատման գործում՝ իր մտագործունեությունը ներդաշնակեցնելով ստամոքսային մտածողությամբ առաջնորդվող մեծամասնության հետ։

Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ընթացքում տգիտության դեմ պայքարելու փոխարեն՝ տգիտության հետ կոմպրոմիսի գնաց այնքան, որ դրա տրամաբանական ավարտը պետք է լիներ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։

Ռոբերտ ՏԵՐՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930