Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական հանդուրժողականության սահմանը

Ապրիլ 08,2014 14:00

Կամ՝ հոգեւոր պահանջմունքներից մինչեւ հոգեորսություն

Ինչպիսի՞ն է կրոնական հանդուրժողականության վիճակը Հայաստանում եւ ինչպե՞ս են ազգային ու կրոնական փոքրամասնություններն իրացնում իրենց հոգեւոր պահանջմունքները: Այս եւ այլ թեմաներով զրուցեցինք ինչպես Հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ այլ կառույցների եւ համայնքների ներկայացուցիչների հետ:

Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցին լայնախոհ է ու էկումենիկ առումով ակտիվ գործունեություն ծավալող եկեղեցիներից է: Սրբազանը, հղում անելով միջնադարյան վավերագրերին, փաստում է, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ էլ լայն շփումներ է ունեցել այլ եկեղեցիների հետ: «Դա այսօր էլ շարունակվում է՝ հիմնված լինելով փոխադարձ հարգանքի, վստահության վրա»,- ասում է Հովակիմ սրբազանը: Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցին իր քույր եկեղեցիների հետ համագործակցաբար միջազգային հարթակներում բարձրացրել է հնչեղություն ունեցող թեմաներ, օրինակ, Սիրիական խնդրի խաղաղ կարգավորման հարցը, նման եւ այլ հարցեր շեշտադրել Ժնեւյան կոնֆերանսներին՝ մահմեդական եւ քրիստոնյա լիդերների հետ համատեղ: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրենը հավելում է, որ Հայ առաքելական եկեղեցին մտահոգությունների մասին խոսելիս չի առանձնացրել միայն հայությանը, տվյալ պարագայում՝ սիրիահայությանը, որոնց մեջ ինչպես կաթոլիկ, այնպես էլ բողոքական հայեր կան: Հայ առաքելական եկեղեցին բողոքի ձայնն է բարձրացրել ասորի եւ հույն մետրոպոլիտների, կաթոլիկ միանձնուհիների առեւանգման առիթով:

«Երբ չենք տեսնում հարեւան եկեղեցիների կողմից ագրեսիա հայ եկեղեցու նկատմամբ կամ իրավունքների ոտնահարում, բոլորին էլ հարգանքով ենք վերաբերվում: Օրինակը կարող է լինել Հայ Կաթողիկե եւ Առաքելական եկեղեցու սերտ համագործակցությունը: Նրանք եւ պահպանում են իրենց համայնքները, եւ համագործակցում են հանուն քրիստոնեական համերաշխության: Կան մի քանի այլ էկումենիկ կազմակերպություններ, որոնց հետ եւս համագործակցում ենք, ինչպես Հայաստանյան կլոր սեղան բարեգործական հիմնադրամը, Աստվածաշնչային ընկերությունը»,-ասում է մեր զրուցակիցը:

Սրբազանը նշում է, որ Հայ առաքելական եկեղեցին որոշակի խնդիրներ ունի Ավետարանական հոսանքի հարեւանությունների եւ կրոնական ուղղությունների հետ. «Մենք լինելով ավանդական եկեղեցի՝ նրանց հետ համաձայնության չենք գալիս միսիոներության հարցի շուրջ: Նրանք ոտնձգում են Հայ առաքելական եկեղեցու իրավունքները, չպետք է չարաշահվի քրիստոնեական առաքելությունը եւ հոգեորսություն իրականացվի: Ընդ որում, գոյություն ունեն չափորոշիչներ եւ ընդունված համաձայնագրեր՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ այլ կրոնական կազմակերպությունների կողմից, որոնք դատապարտում են հոգեորսությունը: Իսկ ընդհանրապես մեր եկեղեցու դռները բաց են բոլորի առջեւ, եւ հայ եկեղեցու որեւէ սպասավոր այլ եկեղեցիների նկատմամբ երբեւէ անհանդուրժող կեցվածք չի դրսեւորում, եթե ինքը նման կեցվածքի չի արժանանում: Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական կառույցների հետ համագործակցում է հանուն քրիստոնեական վկայության, մյուս կրոնական կառույցների հետ՝ հանուն խաղաղության եւ մարդասիրության»:

Ինչ վերաբերում է կրոնական եւ ազգային փոքրամասնություններին, այս մասին էլ Հովակիմ սրբազանը նշեց. «Հայաստանում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ ասորիներ, ռուսներ, հույներ, հրեաներ, եզդիներ այլն: Մենք Սփյուռք ունեցող ժողովուրդ ենք, ունենք համայնքներ՝ «դրսում», որոնց իրավունքները հարգում են, մենք էլ հարգում ենք այլ կրոնների ներկայացուցիչների իրավունքները»: Նա օրինակներ բերեց, թե ինչպես է տարիներ առաջ հավուր պատշաճի Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանն արժանացել Հայաստան ժամանած Եզդիների հոգեւոր առաջնորդը, տարբեր առիթներով՝ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հրեաների ռաբունաբետը, Սիրիայի գլխավոր մուֆտին եւ այլն:

Հովակիմ սրբազանը նշում է, որ կալանավայր այցելող հայ հոգեւորականները համաձայնում են հանդիպել այլ կրոնի ներկայացուցիչների հետ, աղոթել եւ օրհնել նրանց, եթե վերջիններս նման ցանկություն են հայտնում. «Ես այդտեղ որեւէ անպատեհ բան չեմ տեսնում: Ի դեպ, երբ առաքյալները քարոզում էին, ոչ ոք դեռ քրիստոնյա չէր»:

«Աթուր» ասորական միության նախագահ Արսեն Միխայլովը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանում կրոնական խտրականության չի հանդիպել: Նա հիշեցրեց, որ Հին Արեւելքի ասորական եկեղեցին պաշտոնապես 2003-ին է գրանցվել Հայաստանում, ու գրանցվելիս որեւէ խոչընդոտի չեն հանդիպել: «Ասորիների մի մասը Ռուս ուղղափառ եկեղեցու հետնորդներ են, քանի որ 1828 թ. ռուս-պարսկական պատերազմից հետո են ստիպված ուղղափառություն ընդունել, որովհետեւ ռուսական կայսրությունում նման ուլտիմատում դրեցին ասորիների առաջ: Ինչ վերաբերում է Հայաստանին, 2003-ից պաշտոնապես ունեցանք մեր հոգեւոր վայրերը, եկեղեցին: Ճիշտ է, ասորաբնակ գյուղերի մեր եկեղեցիները այնքան էլ բարվոք վիճակում չեն, բայց դրա հետ պետությունը կապ չունի, մեր համայնքի հարցն է: Ունենք երեք եկեղեցի Հայաստանի ասորաբնակ գյուղերում: Երեւանում չունենք, եթե ֆինանսները ներեն, կայանանք, դա էլ կունենանք»,-հայտնեց պարոն Միխայլովը:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ, փաստաբան Ամո Շարոյանը եւս կրոնական առումով Հայաստանը հանդուրժող երկիր է համարում. «Այստեղ այլադավաններին դուրս մղելու քաղաքականություն չի վարվել, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դեպք չի եղել»: Չնայած սրան, պարոն Շարոյանը որոշել է իրենց կազմակերպության անունից համապատասխան խնդրանքով դիմել ՔԿՀ-ներին, որպեսզի եզդի դատապարտյալների ցանկության դեպքում, թույլատրվի, որ իրենց հոգեւոր ներկայացուցիչը հանդիպի դատապարտյալի հետ: «Ճիշտ է, ահազանք չենք ունեցել, որ մարդուն ազգության կամ կրոնի պատճառով ճնշեն, բայց ուրիշ բանի ենք հանդիպել: Եզդի դատապարտյալները մեր կազմակերպության միջոցով խնդրում են, որ ՔԿՀ-ներում իրենց չկոչեն «եզդի ախպեր» կամ «եզդի», իրենց ազգությունը չշեշտադրվի: Այդ մասին գրություն ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, հանդիպել ՀՀ ոստիկանապետի հետ: Տեղյակ եմ, որ պարոն Վլադիմիր Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ նման խնդիրներ չծագելու համար»,- հայտնեց մեր զրուցակիցը:

ՔԿՀ հոգեւոր պատասխանատու տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը տեղեկացրեց, որ քանիցս այլադավանների է հանդիպել կալանավայրեր այցելելիս: «Ռումինացիներ, վրացիներ, ռուսներ… հաճախ են օրհնություն խնդրել, իրանցիներ՝ նույնպես: Եհովայի վկաներին եւս հաստատված պարբերականությամբ իրենց հովիվներից այցելում են, հատուկ սենյակում են հանդիպում: Մենք երբեք խոչընդոտ չենք լինում, եթե հանդիպում են միայն իրենց հավատակիցներին, բայց երբ նկատում ենք հոգեորսության դեպքեր, այդ ժամանակ ձայն ենք բարձրացնում: Ի դեպ, նման հակում ունեն Եհովայի վկաներն ու ավետարանչականները, նաեւ ռուս եկեղեցու հովիվը, որ փորձել է հայերի շրջանակում քարոզել»,- նշեց հայր Ռուբենը:

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» հ/կ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի ձեւակերպմամբ. «Հայաստանում չկա որեւէ օրենք, որը արգելի կրոնական կառույցների գործունեությունը; Նրանք ազատ են, ինչ ուզում՝ անում են: Իսկ աղմուկ են հանում միայն նրանք, ովքեր ուզում են գրանտներ ստանալ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930