Aravot.am-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիքի է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի արդյունքների եւ մշակութային հանրությանը անծանոթ արաբագետ, ՌԴ քաղաքացի Անդրանիկ Արզումանյանի՝ տնօրեն նշանակվելու մասին:
«Դա կանխորոշված բան էր, անկեղծ ասած փոշմանել եմ, որ մասնակցել եմ, այդ մրցույթին: Բայց, այնուամենայնիվ մասնակցել եմ, մտածելով, որ գուցե լինի մրցույթ: Հիմա կրկնում եմ, որ չեմ փոշմանել, որովհետեւ ես իմ աշխատանքն ունեմ, որը սիրում եմ, կոլեկտիվս երեկ քեֆ է արել, որ ես չեմ անցել, որ չի հաջողվել, այդքանն ինձ բավարար է, որ այսպես ասած «մխիթարվեմ»,-նշեց Անդրանիկ Արզումանյանի հետ մրցույթի վերջին փուլ անցած Մանասյանը:
Հետաքրքրվեցինք՝ երբեւէ ճանաչե՞լ է Անդրանիկ Արզումանյանին: «Բացարձակապես ոչ ճանաչել եմ, ոչ էլ անունն եմ լսել, չեմ էլ պատկերացնում, որ Հայաստանում գտնվի որեւէ մտավորական, որին այդ անունը ծանոթ լինի»,-ասաց մեր զրուցակիցը:
Aravot.am-ի հարցին՝ երբ տեղեկացավ, որ ինքն ու Արզումանյանն են հաջորդ փուլ անցել, ի՞նչ զգացողություն ունեցավ, Գագիկ Մանասյանը պատասխանեց. «Ձեր նշած զգացողությունն ունեցա, երբ ինքը 9 միավոր հավաքեց, ես՝ 7, եւ դա այն դեպքում, երբ հանձնաժողովի բոլոր անդամներն իմ գործընկերներն էին, որոնք ինձ շատ լավ ճանաչում էին: Ինձ տխրեցրեց այդ հանգամանքը: Հարցեր կան, օրինակ ինչո՞ւ էին կոնսերվատորիայից ժյուրիի այդքան անդամներ ընդգրկվել: Չնայած ամեն ինչ հասկանալի էր…Ով չգիտի, որ ես դասավանդում եմ Կոնսերվատորիայում, մշակույթի վաստակավոր գործիչ եմ, գիտությունների թեկնածու, Հանրային խորհրդի անդամ եմ, նախագահի նշանակած մարդը՝ մշակույթի հանձնաժողովի նախագահը: Այսքանը որ հաշվի չեն առնում, ինչի մասին է խոսքը: Իսկ այդ մարդը ունի՞ որեւէ կոչում, ընդամենը կլուբի վարիչ է եղել»:
Կարդացեք նաև
Հարցրինք, իբրեւ մշակութային ոլորտի հնաբնակ՝ Գագիկ Մանասյանը երբեւէ լսե՞լ է Անդրանիկ Արզումանյանի՝ Եգիպտոսում ղեկավարած Ռուսաստանի մշակույթի կենտրոնի մասին: «Այդ կառույցի մասին բացարձակապես չեմ լսել ոչինչ, իրեն էլ չեմ էլ ճանաչել: Անկեղծ ասած չգիտեմ էլ, թե օպերայում էլ ինչպես են նշանակման լուրն ընդունել»,-պատասխանեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն:
Հիշեցնենք , որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 9 դիմում: Մրցույթին ներկայացել էր 7 մասնակից, հարցազրույցի փուլը հաղթահարել էին Անդրանիկ Արզումանյանը (9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ) եւ Գագիկ Մանասյանը (7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ):
Հավելենք, որ մեկ այլ հարցազրույցում Գագիկ Մանասյանը նշել էր, որ Անդրանիկ Արզումանյանի նշանակման գործում դեր է ունեցել Հասմիկ Պողոսյան-Արմեն Սմբատյան համագործակցությունը՝ նկատի ունենալով մշակութային ոլորտի վրա Արմեն Սմբատյանի «ստվերային» վերահսկողությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ