Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը Հայաստանում «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին

Ապրիլ 08,2014 11:32

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում քարոզվում է բացահայտ այլատյացություն՝ ազգային պատկանելության հիմքով, եւ սերմանվում է ազգամիջյան ատելություն: Նշված երեւույթը առավել ակնհայտ է դարձել Ուկրաինայում վերջին ամիսների քաղաքական զարգացումների համատեքստում: Այս կապակցությամբ հատկանշական է Ռուսաստանի Մամուլի դեմ բողոքների հարցերով hանրային կոլեգիայի կայացրած որոշումը՝ ի պատասխան «Россия-1» հեռուստաալիքի «Вести недели» («Շաբաթվա լուրեր») հաղորդաշարի վարող Դմիտրի Կիսելյովի դեմ Ուկրաինայի Լրագրողական Էթիկայի հարցերի հանձնաժողովի բողոքի։ Կոլեգիան վերոհիշյալ հաղորդումը բնորոշել է որպես «քարոզչական ոճով», «սարքովի» տեսաշարով» եւ «վիրավորական մակարդակի ցածրորակ հեռուստանյութ», որը «չի նպաստում ժողովուրդների վստահության ամրապնդմանը»։

Պատահական չէ, որ Դմիտրի Կիսելյովի անունն ընդգրկվել է Եվրամիության «անցանկալի անձանց ցուցակում»։ Մոլդովայի տարածքում ռուսաստանյան լրատվական թողարկումների, որոնք «ագրեսիվ քարոզչություն են իրականացնում՝ դրանով իսկ գաղափարական «մշակման» ենթարկելով հասարակական կարծիքը», հեռարձակման արգելանքի նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվել այդ երկրի խորհրդարանում։ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համարում է, որ ռուսաստանյան այսօրինակ քարոզչության տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի է, քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրությանը (հոդված 14.1), օրենքներին (մասնավորապես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հոդված 24-ի բ, դ, ե, է կետերին), ինչպես նաեւ միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը, և որոնցով արգելվում է այլատյացության և ազգամիջյան ատելության տարածումը: Այն մեծ վնաս է հասցնում մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այլ երկրների եւ ժողովուրդների հետ մեր բարեկամական հարաբերություններին, ապակայունացնում է հասարակական կյանքը: Փաստորեն, զբաղեցնելով սահմանափակ հանրային ռեսուրս հանդիսացող հաճախականությունները «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքները գործում են Հայաստանի հանրային շահերին հակառակ: Նույնանման դրսեւորումներ կան նաեւ մալուխային եւ այլ հիմունքներով Հայաստանում հեռարձակվող այնպիսի հեռուստաալիքներում, ինչպիսիք են «Россия-24»-ը, НТВ-ն, ТВЦ-ն, ինչն է՛լ ավելի է խորացնում ՀՀ քաղաքացիներին հասցվող տեղեկատվական եւ բարոյական վնասը: ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ իշխանությունից պահանջում է. դիտարկել ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների վերահեռարձակման պայմանագրերի հետագա կատարման օրինականության հարցը, եթե նշված հեռուստաալիքներն այլատյացության և ազգամիջյան ատելության քարոզչությունն առաջիկա մեկ ամսվա ընթացքում չդադարեցնեն, ազգային հեռարձակման ցանցով նրանց հաղորդումների տարածումը կասեցնել՝ ազատված հաճախականությունները հանելով լիցենզավորման մրցույթի:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

7 ապրիլի,

2014թ. Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930